ՌՈԲԻՆՍՈՆԸ
«ՀՈՒՍՈՎ Է» Երեկ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի
ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը կրկին անդրադարձավ Հայաստանի բաշխիչ ցանցերի թեմային եւ
ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում հերթական վարկային ծրագրերի ստորագրման
արարողությունից հետո ասաց. «Անձամբ ես կապ չեմ դնում Հայաստանում մեր ծավալած ծրագրերի
եւ այս հարցի (բաշխիչ ցանցերի հնարավոր վաճառքի.- խմբ.) միջեւ: Մենք աջակցում ենք
Հայաստանին նաեւ էներգետիկայի ոլորտում, աշխատում ենք վերարտադրվող էներգետիկ աղբյուրների
ուղղությամբ եւ հուսով ենք, որ այս նախագիծը երբ կներկայացնենք մեր տնօրենների խորհրդի
հաստատմանը, պատրաստ կլինենք պատասխանելու Հայաստանի մասին մեզ տրվող հարցերին»:
Այս «հույսը» կարելի է համարել դիվանագիտորեն ձեւակերպած հորդոր՝ հրաժարվել անօրինական
վաճառքից։ Մինչ այդ պարոն Ռոբինսոնն ասաց, որ չի տեսել, բայց լսել է, որ «Միդլենդ
ռեսուրսիզը» ՀՀ կառավարությանը պարզաբանում է տվել գործարքի վերաբերյալ: Սա
նույն պարզաբանումն է, որն «Առավոտը» ստացել է Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովից. «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ» ՍՊԸ-ն չի հրաժարվել «Հայաստանի էլեկտրական
ցանցեր» ՓԲԸ-ի իր բաժնետոմսերից: Միեւնույն ժամանակ, քանի որ «Միդլենդ ռեսուրսիզ
հոլդինգ» ՍՊԸ-ն շահագրգռված չէ տարածաշրջանում զբաղվել էներգետիկայի ոլորտում ներդրումների
իրականացմամբ, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը, ներդրումների
իրականացումը եւ շահույթի ստացումը ընկերության գործունեությունից փոխանցվել են RAO
«USE of Russia» ընկերության ներկայացուցիչ Interenergo B.V. ընկերությանը»: Նամակն
ստորագրել է ընկերության նախագահ Ալեքս Շնայդերը: «Առավոտն» արդեն ներկայացրել
է մասնագետների տեսակետները, համաձայն որոնց՝ կառավարման հանձնելը եւս սեփականատիրոջ
փոփոխության ձեւ է, եւ այդ դեպքում նույնպես պետք է պահպանվեր թույլտվություն ստանալու
ընթացակարգը: Սեփ. լր.