Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոմբիացման մենաշնորհ

Հուլիս 21,2005 00:00

Զոմբիացման
մենաշնորհ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հիմքեր
չի տեսնում ենթադրելու, թե Հայաստանը վերաիմաստավորում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
«Հակառակը՝ Հայաստանը մեր կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է: Ու թեեւ
այդ երկիրն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն Հայաստանի անվտանգության
հիմքը հանդիսանում է համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ռուսական «Վրեմյա
Նովոստեյ» թերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Բորդյուժան: Հետաքրքիր է,
որ վերջին ատյանի ճշմարտության ոգով ասված այս, մեղմ ասած, խիստ անհամոզիչ դատողություններն
անելիս ՀԱՊԿ քարտուղարը հղումներ է արել միայն ՀՀ նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի
արած հավաստիացումներին: Որեւէ այլ փաստարկ չի բերվել: Միեւնույն ժամանակ,
«Մեդիամաքս» գործակալությունը տեղեկացնում է ռուսական մեկ ուրիշ՝ «Ռոսիյսկիյե վեստի»
թերթում երեկ հրապարակված՝ «Հայաստանին զոմբիացնում են» վերնագիրը կրող հոդվածի մասին,
որում նույնպես արծարծվում է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների
թեման: Թերթը մեջբերում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ
Սիմոնսի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կարող է ակնկալել Հյուսիսատլանտյան դաշինքի
աջակցությունը, եթե ցանկանա ազատվել իր տարածքում գտնվող ռուսական ռազմակայանից:
«Արեւմուտքն արդեն վաղուց նշանակալի ջանքեր է գործադրում Հայաստանին իր կողմը գրավելու
համար: Այդ նպատակով գործի են դրվում տարածաշրջանում կատարվող ռազմաքաղաքական փոփոխությունները:
Բանն այն է, որ Երեւանն ավանդաբար իր գլխավոր սպառնալիքն է համարել Թուրքիային եւ,
համապատասխանաբար, հիմնական հույսը դրել է Մոսկվայի եւ իր տարածքում գտնվող ռուսական
զորքերի վրա: Սակայն այժմ Թուրքիան փորձում է անդամակցել ԵՄ-ին եւ ճգնում է դրական
կողմերով ցուցադրել իրեն: Այդ պատճառով, որոշ վերլուծաբանների կարծիքով, Երեւանի
իշխանական վերնախավին Անկարան այլեւս հավանական հակառակորդ չի թվում, իսկ Ռուսաստանը
դադարում է դիտվել որպես միակ հնարավոր դաշնակից»,- գրում է «Ռոսիյսկիյե վեստին»:
Արժե, թերեւս, ընթերցողի ուշադրությունը հրավիրել երկու, ըստ մեզ՝ խիստ կարեւոր
հանգամանքների վրա: Նախ, վերոհիշյալ հրապարակման համար, գուցեեւ հեղինակի կամքից
անկախ, ընտրվել է շատ դիպուկ վերնագիր: Դիպուկ այն իմաստով, որ Թուրքիայի նկատմամբ
հայերի ունեցած գրեթե պաթոլոգիկ սարսափի գործոնի ճարպիկ խաղարկմամբ ցայժմ Հայաստանին
հաջողությամբ զոմբիացրել է հենց ինքը՝ Ռուսաստանը: Այժմ, ինչպես տեսնում ենք, Մոսկվային
ամենեւին դուր չի գալիս, որ իր ձեռքից խլում են զոմբիացնելու մենաշնորհը: Երկրորդ
ուշագրավ հանգամանքն այն է, որ ռուսական մամուլում, ասես հատուկ հրահանգով, սկսել
է քննարկվել Հայաստանի կողմնորոշման թեման: Գուցե «ապազոմբիացման» ժամանա՞կն է: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել