Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ

Հուլիս 21,2005 00:00

Գրեթե
ապարդյուն էին ջանքերը Վանաձորում «կենդանի» գտնելու կուսակցական տարածքային կառույցների
որեւէ գրասենյակ: Փոխարենը խիստ աշխույժ եւ բազմաքանակ էին «Ավիատոմսեր՝ բոլոր ուղղություններով»
գրասենյակները: Ասենք թե՝ ես քաղաքականապես ակտիվ վանաձորցի եմ եւ տոգորված
եմ իշխանափոխության գաղափարով՝ ուզում է ժողովրդավարական հեղափոխությամբ լինի, ուզում
է՝ սահմանադրական ճանապարհով: Իմ հեղափոխական ավյունը գործնական հուն ուղղորդելու
համար որոշում եմ անդամագրվել որեւէ կուսակցության եւ քայլերս ուղղում եմ նրա գրասենյակ…
Նախ՝ գրեթե իզուր է վանաձորցիներից հարցնել, թե որտեղ է այս կամ այն կուսակցության
գրասենյակը: Գուցե լոռեցիների պարզամտության պատճառով, բայց «որտե՞ղ է ՀԺԿ գրասենյակը»
հարցին ի պատասխան կլսես՝ «էդ ո՞րն է»: Այդպես երեկ ինձ հետ եղավ բազմիցս, ընդ որում՝
ոչ միայն ՀԺԿ-ի, այլ նաեւ «Հանրապետության» կամ այլ կուսակցությունների «նստավայրերը»
պարզելու փորձերիս ի պատասխան: Լավ նշան չէ, որ ոչ այնքան մեծ այս քաղաքում նման
անտեղյակություն կա այս առումով: Ինչեւէ՝ գնացինք, գնացինք եւ ի վերջո գտանք
կուսակցական մի քանի գրասենյակներ: Երկուսը դատարկ էին, մեկումն էլ իսկի շունչ չկար:
Իսկ ավելի որոշակի՝ «Հանրապետության» գրասենյակը դատարկ էր: Կողպված էր նաեւ «Ազգային
միաբանության» դուռը: ՀԺԿ գրասենյակի կիսաջարդված փեղկով դուռը փակ էր, սակայն հարակից
սենյակներից մեր հարցուփորձերին ի պատասխան վստահեցրին, թե Ֆրունզե Թադեւոսյանն ամեն
օր էլ լինում է տեղում, ուղղակի այս պահին… Որոշեցի այցելել իշխանական կուսակցության՝
ՀՀԿ գրասենյակ, որ Վանաձորում ՀԺԿ-ի վերեւի հարեւանն է: Սակայն այս գրասենյակն էլ
էր փակ: Հոգնած՝ քաղաքում դեգերումներից, որոշեցի տեղական կուսակցական այրերին
«պեղել» հեռախոսով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում ինձ
տրամադրեցին քաղաքի կուսակցական գրասենյակների հեռախոսահամարները, որ իրենք պարզել
էին տեղեկատուից: Եվ այստեղ սկսվեց ամենազավեշտը: «Օրինաց երկրի» տեղական կառույցի
համարով զանգահարելով՝ ստացա «սա հիմնարկ է» պատասխանը: Զանգեցի ՀՌԱԿ-ին՝ ստացա «սա
բնակարան է» պատասխանը: Դաշնակցության գրասենյակ հեռախոսազանգը մնաց անպատասխան:
ՀՀՇ կառույցն ընդհանրապես չուներ գրասենյակ, ուր մնաց՝ հեռախոս: Հայաստանի կոմկուսի
Վանաձորի կառույցի հետ կապվելու փորձերն արժանացան «Ձեր հավաքած համարը գոյություն
չունի» խիստ խորհրդանշական պատասխանին: Նույնչափ խորհրդանշական էր, երբ չպատասխանեց
«Արժանապատիվ ապագայի» հեռախոսը: Եվս մի փորձ արեցի կապվելու ՀԺԿ-ի հետ եւ խիստ ուրախացա,
երբ «ՀԺԿ գրասենյակի՞ց է» հարցիս ի պատասխան քաղցրաձայն աշխատակցուհին պատասխանեց՝
«այո»: Սակայն երբ ասացի, որ ուզում եմ խոսել պրն Թադեւոսյանի հետ՝ ակնհայտորեն շփոթված
աղջիկը պարզաբանեց, թե ես զանգել եմ «Ինեկոբանկի» գրասենյակ եւ իրեն թվացել է, թե
ես եմ ՀԺԿ գրասենյակից: Երեկ ինձ ի վերջո հաջողվեց կենդանության նշաններ հայտնաբերել
Վանաձորի կուսակցական տարածքային կառույցներից միայն երկուսում՝ ԱԺՄ-ի եւ ՄԱԿ-ի գրասենյակներում:
Այն էլ՝ ԱԺՄ-ի ներկայացուցիչը հայտնեց, թե իրենց կազմակերպության ղեկավարը Երեւանում
է, եւ միայն նա կարող է պատասխանել իրենց գործունեության մասին հարցերին: Իսկ
ՄԱԿ-ի ցուցանակն ամենաշքեղն էր Վանաձորում տեսածներիս մեջ: Եվ գրասենյակն էլ էր բավական
ներկայացուցչական: Տեղի կառույցի անդամները հպարտությամբ էին ընդգծում այդ հանգամանքը,
որ անգամ իշխանական կուսակցությունները չունեն նման գրասենյակներ. «Եվ ոչ այն պատճառով,
որ միջոցներ չունեն, այլ ուղղակի չեն կարեւորում քաղաքական գործունեությունը»: ՄԱԿ-ի
տեղական կառույցի ղեկավար Տիգրան Սահակյանը մեր զրույցի ընթացքում նշեց, թե իրենց
գրասենյակը միշտ է բաց, եւ քաղաքացիները դիմում են, հետաքրքրվում կուսակցության գործունեությամբ:
Եվ ահա արդյունքը՝ համեմատաբար նորաստեղծ այս կուսակցությունն, իրենց տվյալներով,
Վանաձորում միավորում է 300 հոգու: Մինչդեռ ըստ ՄԱԿ-ի տեղական կառույցի ներկայացուցիչների՝
ՀԺԿ-ն սկզբնապես 800 անդամ ուներ, իսկ հիմա չունի 200 էլ: Իսկ ընդհանրապես՝
իրազեկները մեզ հուշեցին, թե սխալ ենք ընտրել գրասենյակներ այցելելու պահը: Պետք
էր գնալ աշխատանքային օրվա ավարտից, հովն ընկնելուց հետո, երբ նրանք այնտեղ հավաքվում
են ու խաղում նարդի կամ այլ խաղեր: … Այս ամենը լսելիս՝ հնարավոր չէր չվերհիշել,
թե որքան սակավամարդ էին ընդդիմադիր գործիչների վերջին շրջանի հանդիպումները մարզերում:
Որպես կանոն՝ պատճառը համարվում են իշխանության հարուցած խոչընդոտները, ահաբեկումները
եւ այլն: Չենք փորձի հերքել այդ գործոնները: Սակայն գուցե պատճառներից մեկն էլ կուսակցական
տեղական կառույցների նման անգործությո՞ւնն է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՎանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել