Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

Հուլիս 20,2005 00:00

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՈՒՆՉ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՆՔ Այսպիսին պետք է լինի 21-րդ դարի հայկական պարը մասնագետի հավաստմամբ «Առավոտը» հանդիպեց Հայաստանի պարի պետական անսամբլի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանին, որն այդ պաշտոնում ընտրվեց հուլիսի 15-ին՝ կոլեկտիվի գաղտնի քվեարկության արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հրահանգով եւ անսամբլի տնօրեն Էդուարդ Աշուղյանի հրամանով: Գ. Կարապետյանը տվեց իր առաջին հարցազրույցը նոր պաշտոնում: «Ծնվել եմ ընտանիքում, որտեղ պարը «պապենական» մասնագիտություն է: (Նրա հայրը հայ պարարվեստի երախտավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Մանկավարժական համալսարանի պարի ամբիոնի դասախոս Արտյուշա Կարապետյանն է- Ս. Դ.): Հորաքույր-հորեղբայրներից ու նրանց զավակներից անցնեմ մեր օրերը. պարի պետականում են աշխատում տղաս, հարսս, եղբորս տղան: Այլ կերպ լինել չէր կարող: Ես ու իմ հարազատները աչքներս բացել՝ տեսել ենք, հետագայում արդեն շփվել պարարվեստի անվանի գործիչների հետ»,- զրույցի սկզբում ասաց նորանշանակ ղեկավարը՝ կանխելով մեր դիտարկումը Կարապետյանների տոհմի մասնագիտական ուղղվածության մասին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքը պարի պետականից երբեք չի կտրվել. «Առաջին անգամ եկա անսամբլ 1972-ին: Տարիներ հետո արդեն Սուրեն Չանչուրյանի հետ որպես բալետմայստեր աշխատեցի մինչեւ 1999 թվականը: Նշեմ նաեւ, որ 90-ականների կեսերին իմ մտահղացումն էր անսամբլին կից հիմնել ստուդիա: Մի խոսքով, պարի պետականում եղել եմ, բնականաբար, ընդմիջումներով ու կյանքիս կեսից ավելին այստեղ անցկացրել»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճակում է ընդունել անսամբլը Գ. Կարապետյանը: Ըստ նրա, պարի պետականը այսօր էլ կարող է մենահամերգ ունենալ, չնայած Չանչուրյանի հարգելի բացակայությունը իր ազդեցոթյունն է ունեցել անսամբլի վրա. «Սուրենը ղեկավարի հավաքող տեսակն է: Անկեղծ ասած, նրա բացակայության արդյունքում անսամբլի ինչ-ինչ օղակներ թուլացան, բայց դա հոգ չէ, ամեն ինչ կկարգավորվի նպատակասլաց աշխատանքի շնորհիվ»: Մեր հարցին՝ «21-րդ դարում խոսվում է հայկական ժողովրդական պարի կործանման եզրին կանգնած լինելու մասին, նույնիսկ մշակույթի նախարարի աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանը հեռուստալսարանին հավաստիացնում է, թե այս ամենի պատճառը պարի անսամբլների ղեկավարների ոչ մասնագետ լինելն է: Կուզեինք լսել ձեր կարծիքը», Գ. Կարապետյանը պատասխանեց. «Վերջերս հեռուստատեսությամբ դիտում էի հայկական պարի նոր բեմադրություն: Եթե երաժշտությունը փոխարինեինք ճապոնականով, ապա այն առանց երկմտելու կարելի էր անվանել ճապոնական պար: Պարը պետք է ունենա իր հայրենիքը: Անհրաժեշտ է ուսումնասիրել ազգային պարը, նրա դրամատուրգիան, շարժումը, հետո միայն ստեղծել 21-րդ դարի հայկական պար»: Մեր հերթական դիտարկմանը՝ «Կարելի՞ է ձեր ասածից եզրակացնել, որ 21-րդ դարում հայկական պարը պետք է ունենա նոր էլեմենտներ եւ թույլ տա բեմադրիչին ազատ մտածել, այսինքն՝ մեր պարը ներկայացվի նորովի, ինչպես դա արվում է արվեստի մյուս ոլորտներում», Գ. Կարապետյանը պատասխանեց. «Ստեղծագործողը պետք է ազատ լինի: Շարժվի ժամանակի հետ համահունչ, բայց մնա ազգային պարի ավանդույթներին հավատարիմ»: Վերադառնալով պարի պետականի խնդիրներին, փաստեցինք, որ մշակույթի նախարարության վրա չարժե հույս դնել: Գաղտնիք չէ, որ այսօր սայլը տեղից շարժվում է մեծամասամբ անձնական կապերի շնորհիվ: Այս կապակցությամբ Գ. Կարապետյանը խոստովանեց. «Երբեք կյանքում ոչինչ չեմ խնդրել, բայց այս դեպքում կհայթայթեմ միջոցներ»: Նա պարի պետականի ֆինանսական բազան առայժմ միամտորեն համարում է մշակույթի նախարարությունը: Դեռեւս լուծված չէ բալետմայստերի հարցը, ինչի առիթով գեղարվեստական ղեկավարը չցանկացավ անուններ տալ, թեպետ շատ է կարեւորում վերջինիս դերն ու նշանակությունը: Տարիներ շարունակ աշխարհին հայկական պարը ներկայացնող հեղինակավոր անսամբլը առաջիկա իր համերգը կունենա հայրենիքում՝ աշնան սկզբին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել