Չկայացած քննարկում՝ չեղած անվտանգության մասին Միգուցե ՀՀ էներգետիկայի նախարարությունը փոխարինվի «ՌԱՕ ԵԷՍ»-ի մենեջերներո՞վ «Դուք ասեք, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք իսկապես ինքնուրույն էներգետիկ անվտանգության համակարգ, որ ոչ մի օտար պետություն վինտիլ փակելով կամ ռուբիլնիկ անջատելով երկրի հերը չանիծի: Թե չէ՝ հեքիաթներ եք պատմում, թե ապագայում ինչ եք անելու»,- այսպես արձագանքեց տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը մեր երկրի էներգետիկ անվտանգության հայեցակարգի մասին էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի ելույթին: Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հրավիրել էր սեմինար-քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության խնդիրները» թեմայով: Փոխնախարարի պաշտոնական հայտարարությունից հետո, թե բաշխիչ ցանցերի վաճառքը իրականությանը չի համապատասխանում, եւ ՌԱՕ ԵԷՍ-ի սեփականությունը միայն Սեւան-Հրազդանի կասկադն է, ՌԱՀՀԿ-Ի միջոցառումը համարյա տապալվեց, քանի որ Է. Աղաջանովը սեմինարը «բոյկոտեց» եւ դահլիճը լքեց: Նրան հետեւեցին լրագրողները՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Ըստ տնտեսագետի՝ «Ի՞նչ էներգետիկ անվտանգության մասին է խոսքը, եթե Հայաստանի էներգետիկ համակարգը ապազգայնացվում եւ տրվում է օտարին: Մեր երկրի էներգիա արտադրող ձեռնարկությունների 75%-ը ուղղակի կամ անուղղակի պատկանում է ՌԱՕ ԵԷՍ-ին, դրան գումարած՝ բաշխիչ ցանցերը: Մեր էներգետիկ համակարգը դարձել է ՌԱՕ ԵԷՍ-ի տարածքային մի բաժանմունք: Ես զարմանում եմ, ինչո՞ւ է Հայաստանի էներգետիկ անվտանգությամբ էներգետիկայի նախարարությունը զբաղվում, այլ ոչ ՌԱՕ ԵԷՍ-ը: Ռուսաստանն իր էներգահամակարգում բարեփոխումներ է անում, վաճառում է ամեն ինչ, բացի բաշխիչ ցանցերից: Դրանք քաղաքական նշանակություն ունեն: Բաշխիչ ցանցերի տերը թելադրում է իր կամքը ե՛ւ էլեկտրաէներգիա արտադրողին, ե՛ւ սպառողին»: Քիչ անց սեմինարը լքեց նաեւ Ա. Գալստյանը՝ կենտրոնի առաջին հարկում նախաձեռնելով Է. Աղաջանովին զուգահեռ ասուլիս: Երբ լրագրողները «ձեւի համար» էներգետիկայի փոխնախարարից հետաքրքրվեցին, թե «նախարարությունը պաշտոնական հարցում արե՞լ է ՌԱՕ ԵԷՍ-ին՝ ԲԷՑ-երի վաճառքի մասին լուրերը պարզելու համար», վերջինս բավական պարզմիտ պատասխան տվեց. «Մենք ինչու պետք է ՌԱՕ ԵԷՍ-ին հարցում անենք, եթե մեր գործընկերը «Միդլենդ ռիսորսիզն» է: Համաձայն «Միդլենդ Ռիսորսիզի» հետ ստորագրած պայմանագրի, այդ ընկերությունը բաժնետոմսերի 25 տոկոսից ավելին վաճառելու կամ հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում պետք է տեղեկացնի համապատասխան կառույցների, ինչը չի եղել»: Փոխնախարարն այդպես էլ չասաց՝ գոնե իրենց գործընկերոջը պաշտոնական հարցում արե՞լ են, թե՞ ոչ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ