Լրահոս
Օրվա լրահոսը

11

Հուլիս 20,2005 00:00

11 ՀԱԶԱՐ ԿԻԼՈՄԵՏՐ՝ ՀԵՌՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Վաշինգթոնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից հետո մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ում: – Հայաստանյան գործիչներն ամերիկյան այցերից հետո փորձում են խորհրդավորության մշուշով պատել իրենց հանդիպումները, ակնարկներ անել ինչ-ինչ կարեւոր պայմանավորվածությունների շուրջ, տպավորություն ստեղծել, թե հենց իրե՛նք են ԱՄՆ ընտրյալը: Ինչո՞ւ խախտեցիք արդեն իսկ հաստատվող այդ ավանդույթը: – Քաղաքական այն գործիչը, որը սեփական կայացման խնդիրը պայմանավորում է այս կամ այն, այդ թվում, ինչու ոչ՝ ամենազարգացած եւ ամենազորեղ ժողովրդավարության շտեմարան հանդիսացող երկրով, միայն ապացուցում է, որ դեռ ունի կարդալու, սովորելու, պատմությունից դասեր քաղելու խնդիր: Մարդ պետք է իրեն զորեղ զգա նախ եւ առաջ այն գաղափարներով, որոնք հոգեհարազատ են սեփական ազգին: Եվ դրանցով առաջնորդվելով՝ կկարողանաս երկիրդ դուրս բերել զարգացման շառավիղ: – ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելուց հետո ի՞նչ հանդիպումներ ունեցաք ԱՄՆ-ում: – Նյու Յորքում եւ Կալիֆոռնիայում «Ազգային միաբանությունն» ունի բազմաթիվ համակիրներ, որոնք երբ իմացել էին, որ ժամանելու եմ ԱՄՆ՝ խնդրել էին անպայմանորեն կազմակերպել հանդիպումների շարք իրենց հետ: Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հատուկ ընդունելություն էր կազմակերպվել իմ պատվին, որտեղ հանդես եկա ելույթով: Հանդիպման ամբողջական տեսագրությունը հեռարձակվեց հայկական 2 հեռուստաալիքներով: Հնարավորություն ընձեռվեց հանդիպել Հայկական համագումարի ներկայացուցիչների, նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի ազգությամբ հայ ուսանողների հետ: Բազմամարդ հանդիպում եղավ Գլենդելի հանդիսությունների սրահում՝ շուրջ 650-700 մեր հայրենակիցների եւ բնիկ ամերիկացիների հետ: Չորս հեռուստածրագրերով 8,5 ժամ ուղիղ եթեր եմ ունեցել եւ պատասխանել հեռախոսով տրվող ամենաբազմաբնույթ հարցերի: Ինչպես նշում էին իմ այնտեղի բարեկամները՝ դա աննախադեպ մի երեւույթ էր, հաշվի առնելով, որ ընդամենը 4 օր եմ հյուրընկալվել Կալիֆոռնիայում: 100 հազարավոր մեր սփյուռքահայ հայրենակիցներ այսօր տոգորված են մեկ խնդրով՝ ինչ եւ ինչպես անել, որ Հայաստանը կարողանա այս ծայրաստիճան վտանգավոր զարգացումներից դուրս գալ անկորուստ, եւ Լեռնային Ղարաբաղի հարցը հանկարծ այս ապիկար իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետեւանքով չստանա աննպաստ լուծում: Եվ նրանց հարցերից բխող ընդհանրությունն էր՝ հայ ժողովուրդն արժանի է շատ ավելի գիտակ, խոհեմ, ուսյալ եւ հեռատես ղեկավարության, որի բացակայության արդյունքն է թերեւս այն, որ օրըստօրե էլ ավելի է ահագնանում արտագաղթը, հուսահատությունը պատում տասնյակ հազարավոր հայորդիների, որոնք հայտնվել են Հայաստանից 11 հազար կմ հեռու: – «Արդարություն» դաշինքի ամերիկյան համակիրները հայաստանյան մամուլում չեն թաքցնում իրենց հուսահատությունը նաեւ ընդդիմության գործողությունների նկատմամբ: Ձեր հանդիպումների ընթացքում արդյոք չե՞ն առաջադրվել նաեւ նման հարցադրումներ: – Չէի ասի, թե «Ազգային միաբանության» նկատմամբ հիասթափություն կա: Հակառա՛կը՝ ասես թե մի նոր շունչ եւ ոգի հաղորդվեց իրենց: Անշուշտ, ապատեղեկացված էին: Բայց այն հօդս ցնդեց ուղիղ եթերում առաջին իսկ հանդիպման ժամանակ, երբ ներկայացվեց իրական վիճակը: Սփյուռքահայ մեր հայրենակիցներն ապատեղեկացված էին Հանրային հեռուստաընկերության կեղծ տեղեկատվության հետեւանքով, թե ներկա իշխանությունները գրեթե անփոխարինելի են, անում են անհնարինը, մարտի են բռնվել ադրբեջանա-թուրքական աշխարհի գործիչների հետ եւ ժողովուրդն անսահմա՜ն հավատում ու վստահում է այսօրվա իշխանավորներին, ավելի՛ն՝ քնում եւ արթնանում է «Ռոբերտ-Սերժ» ասելով: – ԱՄՆ-ում հանդիպումները սահմանափակվեցին հայկական շրջանակներո՞վ: – Իհարկե, ո՛չ: ԵԱՀԿ 55 անդամ պետությունները խորհրդարանական վեհաժողովներում ներկայացված են տվյալ երկրների ամենաազդեցիկ քաղաքական դեմքերով: Բարեբախտաբար, մի շարք ամենաազդեցիկ քաղաքական դեմքերի հետ հաստատված է վաղեմի բարեկամություն: Առավել եւս, որ հնարավորություն եղավ նրանց նվիրել իմ հարցազրույցների եւ հոդվածների ժողովածուն, եւ այնտեղ նրանցից շատերը տեսան սեփական նկարները: Այդ մարդկանց հետ հանդիպումների ընթացքում ինձ ոգեւորողն այն էր, որ նրանք բացարձակապես անտարբեր չէին հայոց պետականության ճակատագրի հանդեպ եւ պատրաստ էին սատարել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք ճիշտ են հասկանում ժողովրդավարությունը եւ գիտակցում, թե խորամանկությամբ ու ապատեղեկատվություն սփռելով՝ երկիրը երբե՛ք 21-րդ դարում չի կարող հասնել հաջողության: Այս տեսանկյունից՝ շատ օգտակար էր իմ այցելությունն ԱՄՆ: – Հրապարակվել է, թե ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն իր ելույթում անդրադարձ է կատարել ԵԱՀԿ ԽՎ-ում հնչած Ձեր ելույթին՝ կարեւորելով դրա թեման, այն է՝ քաղաքակրթությունների հնարավոր բախումը: – Իմ ելույթում արծարծվել էր այդ հնարավոր?բախման խնդիրը՝ պայմանավորված ԼՂ խնդրի ոչ արդարացի լուծմամբ: Եվ այդ օրինակով բացատրված էր, որ եթե տասնյակ նմանատիպ արյունածոր հակամարտություններ չեն գտնում լուծումներ՝ ուրեմն, պետք է փոխվեն մոտեցումները եւ վերանայվի կարգավորման փիլիսոփայությունը: Եվ Բիլ Քլինթոնը նախօրեին իր ելույթում հայտարարեց, թե սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում ծրագրվում է աշխարհի նախկին նախագահների հանդիպում, ու որպես դրա անհրաժեշտության հիմնավորումներից մեկը նշեց, թե վերջերս ԵԱՀԿ ԽՎ-ում սրությամբ արծարծվել է քաղաքակրթությունների բախման հնարավոր զարգացումների հարցը, եւ աշխարհի լրջմիտ քաղաքական գործիչները պիտի նորովի վերլուծեն այդ խնդիրները: Արձանագրենք, որ ԵԱՀԿ ԽՎ վաշինգթոնյան նստաշրջանում քաղաքակրթությունների հնարավոր բախման մասին խոսվել է միայն եւ միայն իմ ելույթում: Ուստի սա վկայում է, թե այս հարցն ամենալուրջ արձագանքն է գտել աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական շրջանակներում: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել