Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՈՒՆՉ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՆՔ

Հուլիս 20,2005 00:00

Այսպիսին
պետք է լինի 21-րդ դարի հայկական պարը մասնագետի հավաստմամբ «Առավոտը» հանդիպեց
Հայաստանի պարի պետական անսամբլի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանին,
որն այդ պաշտոնում ընտրվեց հուլիսի 15-ին՝ կոլեկտիվի գաղտնի քվեարկության արդյունքում,
ձայների ճնշող մեծամասնությամբ, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հրահանգով եւ անսամբլի
տնօրեն Էդուարդ Աշուղյանի հրամանով: Գ. Կարապետյանը տվեց իր առաջին հարցազրույցը
նոր պաշտոնում: «Ծնվել եմ ընտանիքում, որտեղ պարը «պապենական» մասնագիտություն
է: (Նրա հայրը հայ պարարվեստի երախտավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Մանկավարժական համալսարանի
պարի ամբիոնի դասախոս Արտյուշա Կարապետյանն է- Ս. Դ.): Հորաքույր-հորեղբայրներից
ու նրանց զավակներից անցնեմ մեր օրերը. պարի պետականում են աշխատում տղաս, հարսս,
եղբորս տղան: Այլ կերպ լինել չէր կարող: Ես ու իմ հարազատները աչքներս բացել՝ տեսել
ենք, հետագայում արդեն շփվել պարարվեստի անվանի գործիչների հետ»,- զրույցի սկզբում
ասաց նորանշանակ ղեկավարը՝ կանխելով մեր դիտարկումը Կարապետյանների տոհմի մասնագիտական
ուղղվածության մասին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքը պարի պետականից երբեք չի
կտրվել. «Առաջին անգամ եկա անսամբլ 1972-ին: Տարիներ հետո արդեն Սուրեն Չանչուրյանի
հետ որպես բալետմայստեր աշխատեցի մինչեւ 1999 թվականը: Նշեմ նաեւ, որ 90-ականների
կեսերին իմ մտահղացումն էր անսամբլին կից հիմնել ստուդիա: Մի խոսքով, պարի պետականում
եղել եմ, բնականաբար, ընդմիջումներով ու կյանքիս կեսից ավելին այստեղ անցկացրել»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճակում է ընդունել անսամբլը Գ. Կարապետյանը: Ըստ նրա,
պարի պետականը այսօր էլ կարող է մենահամերգ ունենալ, չնայած Չանչուրյանի հարգելի
բացակայությունը իր ազդեցոթյունն է ունեցել անսամբլի վրա. «Սուրենը ղեկավարի հավաքող
տեսակն է: Անկեղծ ասած, նրա բացակայության արդյունքում անսամբլի ինչ-ինչ օղակներ
թուլացան, բայց դա հոգ չէ, ամեն ինչ կկարգավորվի նպատակասլաց աշխատանքի շնորհիվ»:
Մեր հարցին՝ «21-րդ դարում խոսվում է հայկական ժողովրդական պարի կործանման
եզրին կանգնած լինելու մասին, նույնիսկ մշակույթի նախարարի աշխատակազմի ղեկավար Գագիկ
Մանասյանը հեռուստալսարանին հավաստիացնում է, թե այս ամենի պատճառը պարի անսամբլների
ղեկավարների ոչ մասնագետ լինելն է: Կուզեինք լսել ձեր կարծիքը», Գ. Կարապետյանը պատասխանեց.
«Վերջերս հեռուստատեսությամբ դիտում էի հայկական պարի նոր բեմադրություն: Եթե երաժշտությունը
փոխարինեինք ճապոնականով, ապա այն առանց երկմտելու կարելի էր անվանել ճապոնական պար:
Պարը պետք է ունենա իր հայրենիքը: Անհրաժեշտ է ուսումնասիրել ազգային պարը, նրա դրամատուրգիան,
շարժումը, հետո միայն ստեղծել 21-րդ դարի հայկական պար»: Մեր հերթական դիտարկմանը՝
«Կարելի՞ է ձեր ասածից եզրակացնել, որ 21-րդ դարում հայկական պարը պետք է ունենա
նոր էլեմենտներ եւ թույլ տա բեմադրիչին ազատ մտածել, այսինքն՝ մեր պարը ներկայացվի
նորովի, ինչպես դա արվում է արվեստի մյուս ոլորտներում», Գ. Կարապետյանը պատասխանեց.
«Ստեղծագործողը պետք է ազատ լինի: Շարժվի ժամանակի հետ համահունչ, բայց մնա ազգային
պարի ավանդույթներին հավատարիմ»: Վերադառնալով պարի պետականի խնդիրներին,
փաստեցինք, որ մշակույթի նախարարության վրա չարժե հույս դնել: Գաղտնիք չէ, որ այսօր
սայլը տեղից շարժվում է մեծամասամբ անձնական կապերի շնորհիվ: Այս կապակցությամբ Գ.
Կարապետյանը խոստովանեց. «Երբեք կյանքում ոչինչ չեմ խնդրել, բայց այս դեպքում կհայթայթեմ
միջոցներ»: Նա պարի պետականի ֆինանսական բազան առայժմ միամտորեն համարում է մշակույթի
նախարարությունը: Դեռեւս լուծված չէ բալետմայստերի հարցը, ինչի առիթով գեղարվեստական
ղեկավարը չցանկացավ անուններ տալ, թեպետ շատ է կարեւորում վերջինիս դերն ու նշանակությունը:
Տարիներ շարունակ աշխարհին հայկական պարը ներկայացնող հեղինակավոր անսամբլը
առաջիկա իր համերգը կունենա հայրենիքում՝ աշնան սկզբին: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել