Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չկայացած քննարկում՝ չեղած անվտանգության մասին

Հուլիս 20,2005 00:00

Միգուցե
ՀՀ էներգետիկայի նախարարությունը փոխարինվի «ՌԱՕ ԵԷՍ»-ի մենեջերներո՞վ «Դուք
ասեք, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք իսկապես ինքնուրույն էներգետիկ
անվտանգության համակարգ, որ ոչ մի օտար պետություն վինտիլ փակելով կամ ռուբիլնիկ
անջատելով երկրի հերը չանիծի: Թե չէ՝ հեքիաթներ եք պատմում, թե ապագայում ինչ եք
անելու»,- այսպես արձագանքեց տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը մեր երկրի էներգետիկ անվտանգության
հայեցակարգի մասին էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի ելույթին: Երեկ Ռազմավարական
եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հրավիրել էր սեմինար-քննարկում՝
«Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության խնդիրները» թեմայով: Փոխնախարարի
պաշտոնական հայտարարությունից հետո, թե բաշխիչ ցանցերի վաճառքը իրականությանը չի
համապատասխանում, եւ ՌԱՕ ԵԷՍ-ի սեփականությունը միայն Սեւան-Հրազդանի կասկադն է,
ՌԱՀՀԿ-Ի միջոցառումը համարյա տապալվեց, քանի որ Է. Աղաջանովը սեմինարը «բոյկոտեց»
եւ դահլիճը լքեց: Նրան հետեւեցին լրագրողները՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով:
Ըստ տնտեսագետի՝ «Ի՞նչ էներգետիկ անվտանգության մասին է խոսքը, եթե Հայաստանի էներգետիկ
համակարգը ապազգայնացվում եւ տրվում է օտարին: Մեր երկրի էներգիա արտադրող ձեռնարկությունների
75%-ը ուղղակի կամ անուղղակի պատկանում է ՌԱՕ ԵԷՍ-ին, դրան գումարած՝ բաշխիչ ցանցերը:
Մեր էներգետիկ համակարգը դարձել է ՌԱՕ ԵԷՍ-ի տարածքային մի բաժանմունք: Ես զարմանում
եմ, ինչո՞ւ է Հայաստանի էներգետիկ անվտանգությամբ էներգետիկայի նախարարությունը զբաղվում,
այլ ոչ ՌԱՕ ԵԷՍ-ը: Ռուսաստանն իր էներգահամակարգում բարեփոխումներ է անում, վաճառում
է ամեն ինչ, բացի բաշխիչ ցանցերից: Դրանք քաղաքական նշանակություն ունեն: Բաշխիչ
ցանցերի տերը թելադրում է իր կամքը ե՛ւ էլեկտրաէներգիա արտադրողին, ե՛ւ սպառողին»:
Քիչ անց սեմինարը լքեց նաեւ Ա. Գալստյանը՝ կենտրոնի առաջին հարկում նախաձեռնելով
Է. Աղաջանովին զուգահեռ ասուլիս: Երբ լրագրողները «ձեւի համար» էներգետիկայի փոխնախարարից
հետաքրքրվեցին, թե «նախարարությունը պաշտոնական հարցում արե՞լ է ՌԱՕ ԵԷՍ-ին՝ ԲԷՑ-երի
վաճառքի մասին լուրերը պարզելու համար», վերջինս բավական պարզմիտ պատասխան տվեց.
«Մենք ինչու պետք է ՌԱՕ ԵԷՍ-ին հարցում անենք, եթե մեր գործընկերը «Միդլենդ ռիսորսիզն»
է: Համաձայն «Միդլենդ Ռիսորսիզի» հետ ստորագրած պայմանագրի, այդ ընկերությունը բաժնետոմսերի
25 տոկոսից ավելին վաճառելու կամ հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում պետք
է տեղեկացնի համապատասխան կառույցների, ինչը չի եղել»: Փոխնախարարն այդպես էլ չասաց՝
գոնե իրենց գործընկերոջը պաշտոնական հարցում արե՞լ են, թե՞ ոչ: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել