Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԵՐԲ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ 150 ՀԱԶԱՐ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՑ

Հուլիս 20,2005 00:00

Վերջին
ժամանակներս 150 հազար բազմասակագնային հաշվիչների արտադրության նպատակով հայտարարված
մրցույթը գտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառները մի քանիսն էին:
Առաջինը՝ նախատեսվում էր այդ 150 հազար բազմասակագնային հաշվիչները անվճար հատկացնել
Հայաստանի անապահով ընտանիքներին եւ այդ կերպ նշված ծրագիրը բավական մեծ սոցիալական
խնդիր էր լուծում: Բացի այդ, մրցույթի ընթացքում պարբերաբար ծագում էին սկանդալներ,
որոնք բազմիցս են ապացուցել, որ ինչ-որ պետական չինովնիկներ պարզապես փորձում են
այդ նույն անապահով ընտանիքների հաշվին գրպանները լցնել: Անցած ամսվա վերջին
մրցութային հանձնաժողովը ավարտեց իր աշխատանքները: Չնայած մեր որոշ իշխանավորներ
ամեն կերպ փորձում էին մրցույթում հաղթող դարձնել չինական «Սինոհիդրոն» ընկերության
որեւէ նորմատիվի չհամապատասխանող էլեկտրահաշվիչները, այնուհանդերձ հաղթող ճանաչվեց
հայ-ճապոնական կոնսորցիումը (հայկական կողմի ներկայացուցիչն է «Էներգիա կոնցեռն»
ընկերությունը): Ուշագրավն այն է, որ կոնսորցիումը նույն հանձնաժողովի կողմից եւս
մեկ անգամ հաղթող էր ճանաչվել, որից հետո էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի
գլխավորությամբ գործող կառավարական հանձնաժողովը չգիտես ինչ պատճառով չեղյալ համարեց
այդ հաղթանակը եւ հանձնարարեց նոր մրցույթ կազմակերպել: Երկրորդ հաղթանակից հետո
ակնկալվում էր, որ նույն կառավարական հանձնաժողովը պետք է հաստատի մրցույթի արդյունքները:
Սակայն պարզվեց, որ մեր պետական չինովնիկների նպատակասլացության կամ ախորժակի մասին
բավական մեղմ կարծիք ունեինք. հանձնաժողովը այս անգամ ոչ թե հրաժարվեց կոնսորցիումի
հաղթող ճանաչել, այլ հանկարծ որոշեց, որ նման ծրագիր Հայաստանին առհասարակ պետք չէ:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում էր Ճապոնիայի կառավարության կողմից 5 տարի առաջ
տրամադրված մոտ 8.5 միլիոն դոլար վարկով: Այսինքն, նույն նախարարությունը, վարկային
ծրագիրն իրականացնելու համար ձեւավորված ԾԻԳ-ը, հետաքրքիր է, թե 5 տարի շարունակ
ինչո՞վ էին զբաղված: Եթե այդ ծրագրի կարիքը չկա, ապա ինչո՞ւ էին մրցույթ կազմակերպել,
մասնակիցներին ավելորդ ծախսերի տակ գցել, էլ չասած վարկային տոկոսների եւ կազմակերպչական
ծախսերի մասին: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ կազմակերպչական ծախսերը (որը տրամադրվել
է Համաշխարհային բանկի կողմից) կազմում են մոտ 5-6 միլիոն դոլար, այսինքն՝ մրցույթի
համար նախատեսված գումարի 60-70 տոկոսը: Մինչդեռ այդ փողերը այսօր, փաստորեն, կարելի
է կորած համարել: Ինչ վերաբերում է մեր անապահով ընտանիքներին, ապա այդ հարցում
մեզ որոշ պարզաբանումներ տվեց «Սպառողների միություն» կազմակերպության նախագահ Արմեն
Պողոսյանը. «Դժվար չէ նկատել, որ Հայաստանում հիմնականում տեղադրված են դեռ խորհրդային
ժամանակաշրջանի բարոյապես եւ ֆիզիկապես մաշված էլեկտրահաշվիչներ: Թեեւ Հայաստանում
վաղուց ի վեր էլեկտրաէներգիայի համար սահմանված է երկդրույթ սակագին, սակայն բաժանորդների
գերակշիռ մասը ոչ միայն չի կարողանում դրանից օգտվել իրենց խորհրդային էլեկտրահաշվիչներով,
այլեւ այդ նույն հաշվիչները բազմաթիվ վեճերի ու անհամաձայնությունների պատճառ են
դառնում: Էներգետիկ համակարգի, կարծում եմ, բոլոր ներկայացուցիչներն էլ գիտակցում
են, որ վաղ թե ուշ այդ էլեկտրահաշվիչները պետք է փոխվեն: Կարելի է անգամ հիշեցնել
նման բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ: Նկատենք, որ մասնավորապես այդ նպատակով
էր ծնունդ առել վարկային ծրագրով էլեկտրահաշվիչների արտադրության գաղափարը, որը հնարավորություն
էր տալիս անապահով խավի էլեկտրահաշվիչների խնդիրը լուծել: Միաժամանակ այդ նույն խավը
ցերեկային ու գիշերային սակագների տարբերության շնորհիվ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները
որոշակիորեն նվազեցնում էր, այսինքն ունենում էր կոնկրետ ֆինանսական օգուտներ, ինչը
լիովին համահունչ է կառավարության հայտարարած աղքատության դեմ պայքարի ռազմավարությանը:
Այս ամենից հետո լիովին անհասկանալի է, երբ որոշում են առհասարակ հրաժարվել 150 հազար
բազմասակագնային հաշվիչների արտադրության եւ դրանք անապահով խավին տրամադրելու ծրագրերից:
Այսինքն, այդ որոշումն ընդունողների քմահաճույքով 150 հազար աղքատ ընտանիք ոչ միայն
զրկվում է ամսական մի քանի հազար դրամ (ինչը այդ ընտանիքների համար էական գումար
է) խնայելու հնարավորությունից, այլեւ անհասկանալի է, թե արդեն ամենամոտ ապագայում
ինչ կերպ պետք է լուծվի էլեկտրահաշվիչները փոխելու խնդիրը: Հրաժարվեցին վարկից, պետությունը
հազիվ թե ֆինանսավորի այդ ծրագիրը, իսկ եթե դա արվի էներգահամակարգում տնտեսվարող
սուբյեկտների, ասենք՝ բաշխիչ ցանցերի կողմից, ապա նման ծախսերը կանդրադառնան էլեկտրաէներգիայի
սակագների վրա: Բացի այդ, մտավախություն կա, որ կարող են բաժանորդներին ստիպել փոխել
իրենց էլեկտրահաշվիչները, ինչը հիշյալ 150 հազար ընտանիքների համար չափից դուրս ծանր
կլինի: Այսինքն, հաշվիչների արտադրության ծրագրից հրաժարվելը, մեղմ ասած, պետք է
խայտառակություն համարել»: ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել