Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արդարությունը» ուզում է փոխել խաղի կանոնները

Հուլիս 20,2005 00:00

Շավարշ
Քոչարյանը բանավիճում է «Հանրապետություն» կուսակցության հետ «Իրենք ասում
են «գործող վարչախումբ»՝ հասկանալով Ռոբերտ Քոչարյանին 2003-ից հետո, մենք ասում
ենք վարչակարգ՝ տեսնելով ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին 1998-ին, ե՛ւ նախորդ ռեժիմը: Մենք
ապրում ենք սխալ խաղի կանոններով: Եվ մենք ուզում ենք փոխել խաղի կանոնները: Ինձ
համար անհասկանալի է, երբ հայտարարում են՝ նա (խոսքը Ռ. Քոչարյանի մասին է- Մ. Ե.)
ոչ լեգիտիմ է: Ներողություն, իսկ 98-ին լեգիտի՞մ էր: Այն մարդիկ, երբ իշխանության
մեջ էին, նրան համարում էին լեգիտիմ: Ստացվում է, երբ իրենք իշխանության մեջ են՝
Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ է, երբ իշխանության մեջ չեն՝ ոչ լեգիտիմ: Մեզ համար նա
միշտ էլ եղել է ոչ լեգիտիմ»,- հակադարձելով դաշինքի անդամ իր որոշ գործընկերներին՝
երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շավարշ Քոչարյանը: «Հանրապետություն»
կուսակցությունը վերջին օրերին խոսում է նաեւ այն մասին, որ, իբր, «Արդարությունը»
դառնում է կառուցողական ընդդիմություն: Սրան ի պատասխան՝ պարոն Քոչարյանը նկատեց.
«Բա չէ, ապակառուցողական, իհարկե, պարտադիր կառուցողական, այլ ձեւի ընդդիմությունը
եթե իշխանության գա, կնշանակի՝ շարունակելու է այսօրվա իշխանության պես երկիրը քանդել:
Քանի դու ընդդիմություն ես եւ կարողանում ես ընդդիմադիրի կարգավիճակով հարցեր թելադրել,
դա լավագույն ապացույցն է, որ եթե գաս իշխանության՝ նույնն ես անելու»: Իսկ իրեն
հարմարվողական համարողներին պարոն Քոչարյանն ասաց, որ ինքը երբեք այդպիսին չի եղել,
եւ որ դաշինքի նպատակը խաղի կանոնները փոխելն է. «Եվ մենք փոխելու ենք: Այս իշխանություններին
շատ հարմար է, որ ընդդիմությունը լինի լուսանցքային ուժ, այսինքն՝ լինի մի ընդդիմություն,
որն անընդհատ խոսում է՝ ոչ լեգիտիմ է, ոչ լեգիտիմ է, վաղը հեղափոխություն ենք անելու:
Դե արա, ինչո՞ւ մինչեւ հիմա չէիր անում»,- շարունակելով «Հանրապետություն» կուսակցության
հետ իր հեռակա բանավեճը՝ ասաց պարոն Քոչարյանը: Նա լրագրողներին էր ներկայացել
«զինված»՝ ներկայացնելով դաշինքի եւ «ԱՄ» մինչ այժմ արված բոլոր համատեղ եւ «Արդարություն»
խմբակցության անցած շաբաթ արված հայտարարությունները: Պարոն Քոչարյանն իր այս քայլով
փորձեց ապացուցել, որ «Արդարություն» դաշինքի դիրքորոշումը միշտ էլ եղել է հստակ
եւ չի փոխվել: Շավարշ Քոչարյանի պնդումները միայն մեկ բանի մասին էին՝ դաշինքի ծրագրերում
երկու խնդիր կա՝ համակարգային բարեփոխումները եւ երկրում օրինական իշխանության հաստատումը.
«Եվ որեւէ մեկը այդ խնդիրներից չի կարող մյուսին կուլ գնալ: Այսինքն՝ եկեք պարզ խոսենք,
եթե ընդդիմությունը գալիս է իշխանության, դա չի նշանակում, որ դրանով ինքն իր առաքելությունը
լուծեց. իր առաքելությունը նաեւ համակարգային բարեփոխումներ իրականացնելն է»: ԱԺԿ
նախագահը ասաց, որ եթե «Հանրապետությունը» վերանայում է իր որոշումը, այսինքն՝ հայտարարում
է, որ համաձայն չէ այն հայտարարություններին, որոնց նա համաձայն էր հունվարին եւ
մայիսին, դա իրենց խնդիրն է: Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե «Հանրապետությունը»
դուրս գա դաշինքից, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ պիտի լինի. որպես դաշինքի
անդամ կուսակցության ղեկավար, ես չէի ցանկանա, որ նրանք դա անեին, բայց խնդիրն իրենցն
է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել