Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Հուլիս 19,2005 00:00

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԷԼԻ ԱՆՏԱՌ Է ՀԱՏՎՈՒՄ Սակայն այս անգամ պատասխանատուները չեն փորձում սքողել այդ իրողությունը եւ խոստանում են, թե կտրված ծառերի փոխարեն կտնկեն նորերը: Այս մակագրությունը հին ճոպանուղու շենքի վրա է փակցված. այստեղ մեկ այլ ցուցանակ էլ կա, որ ազդարարում է՝ «Օլիմպիզմի կարեւոր սյուներն են՝ սպորտը, մշակույթը եւ շրջակա միջավայրի պահպանումը»: Ծաղկաձորում ծառեր հաստատ կտրվել են նաեւ հին ճոպանուղին կառուցելիս: Բացառություն չէ նաեւ նոր ճոպանուղին: Հայաստանի օլիմպիական կոմիտեի դուստր ձեռնարկության՝ Ծաղկաձորի ճոպանուղու տնօրեն Գեղամ Խաչատրյանն ասում է, թե շուրջ 4 մլն դոլար է ծախսվել ճոպանուղին կառուցելու համար, եւ եթե այժմ չարվեն նաեւ անհրաժեշտ աշխատանքներ, որ այն համապատասխանի սահմանված չափանիշներին՝ «Բնական է, վաղը ոչ մեկը չի գա այստեղ հանգստանալու, դահուկ քշելու: Մի բան արել ենք, պիտի անենք մինչեւ վերջ»: Իսկ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը հրատապ է դարձրել Ռոբերտ Քոչարյանը, որը շաբաթներ առաջ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ ոտքով իջել էր Թեղենիսի անտառով: Եվ «պատմական» այս քայլերթի ընթացքում էին պայմանավորվել, որ ճոպանուղու դահուկային ճանապարհը 7 մետրի փոխարեն դառնալու է 30 մետր: Ճոպանուղու տնօրենն ընդունում է, որ այս լայնացման ընթացքում ծառեր են հատվելու՝ ըստ նրա հաշվարկների, «շուրջ 20-30 կուբամետր»: Սա, փաստորեն՝ մոտ 200-300 ծառ է: Եվ դահուկային ճանապարհի եզրին երեւացող թարմ կոճղերը վկայում են, որ այդ գործընթացն արդեն սկսված է: Ճոպանուղու տնօրենն «Ազատություն» ռ/կ-ին եւ մեր թերթին վստահեցրեց, թե առայժմ միայն ճյուղեր են կտրում, եւ սա ինչ-որ տեղ նաեւ կատարում է սանիտարական հատումների դեր: Մինչդեռ մենք ականատես դարձանք, որ «Կամազ»-ներն արդեն իսկ տեղափոխում էին կտրված ծառեր: Ի դեպ, մի «Կամազը» տեղավորում է 3-4-ից ավելի ծառ: Թեղենիսի անտառում արդեն իսկ առկա այս պատկերն ավելի սովորական կդառնա, երբ սկսվի նաեւ ճոպանուղու սնուցման համար 35 կիլովոլտ հզորությամբ էլեկտրագծի կառուցումը: Սակայն Գեղամ Խաչատրյանը հերքեց, թե կառուցման համար անհրաժեշտ է լինելու հատել մի քանի հեկտար անտառ: Ըստ նրա՝ հենասյուներ արդեն իսկ կան. «Այնտեղ անտառ հատելու խնդիր չկա: Կարող է հատվի 4-5 հատ ծառ»: Այսուհանդերձ, Ծաղկաձորի բնապաշտպանները սա համարում են մեղմացված գնահատական: Եվ մտավախություն ունեն, թե վերահսկողության բացակայության պայմաններում՝ կտրված ծառերի թիվը կարող է լինել շատ ավելին: Իսկ այժմ՝ լավ լուրը: Կտրված ծառերի փոխարեն ՀԱՕԿ-ը պարտավորվել էր աշնանը 5 հազար ավստրիական եղեւնիներ տրամադրել «Հայանտառին», որ տնկվեն նույն վայրում: Եվ ճոպանուղու տնօրեն Գեղամ Խաչատրյանը հայտնեց, թե արդեն իսկ գնել են 20 հազար եղեւնիներ, որոնք տարեկան 20 սմ բարձրանում են. «Աշնանը ծառատունկ ենք անելու»: Իսկ մեզ մնում է միայն հետեւել այդ խոստման իրականացմանը, որ Ծաղկաձորի անտառն արդեն իսկ վերջնականապես չկորցնի իր այս տեսքը: Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻԾաղկաձոր-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել