Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օսկարից» է՞լ լավն ենք

Հուլիս 19,2005 00:00

Կիրակի օրը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան 2005» կինոփառատոնի հանդիսավոր փակումը:

Մրցանակների արժանացան եւ հայտնի, եւ սկսնակ ռեժիսորներ: Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ այն, ինչի մասին երազում էին հայ կինոգործիչները տարիներ շարունակ, այս փառատոնի շնորհիվ իրականություն դարձավ. «Պետք է կինոյի մեծ աշխարհը մեր փոքրիկ երկիր բերվի նաեւ դրսի ռեժիսորներով եւ ֆիլմերով: Երբեմն փոքր երկրներին ամբիցիոզ բաներ են պետք»: Ըստ Դ. Մուրադյանի, ոտքերը վերմակի չափով մեկնելը կինոյի ասպարեզին չի վերաբերում, որովհետեւ «այն երեխան, որը ոտքերը վերմակի տակ է պահում, չի բոյովանում»:

Համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի համար մրցանակների արժանացան Աբաս Քիառոստամին (Իրան) եւ Ք. Զանուսին (Լեհաստան): Ք. Զանուսին, Ա. Քիառոսթամին եւ հոլանդացի կինոռեժիսոր Յ. Ստելինգը նաեւ պարգեւատրվեցին Երեւանի զինանշանով՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում խաղարկային ֆիլմերի գծով ոչ մի մրցանակակիր չկար: Իսկ միջազգային բաժնում լավագույն խաղարկային ֆիլմի համար հատուկ մրցանակների արժանացան Ռուսաստանից Իլյա Խրաժանովսկին («Չորս» ֆիլմի համար), Արգենտինայից Լիսանդրո Ալեսանդրոն («Մեռյալները» ֆիլմի համար): Այս անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ Ալեքսանդր Սոկուրովը (Ռուսաստան) «Արեւ» ֆիլմի համար: Միջազգային լավագույն վավերագրական ֆիլմի համար մրցանակ շնորհվեց Հոլանդիայից Պիրյո Հոնկասալոյին («Մելամաղձության երեք սենյակը»):

Լավագույն հայկական ֆիլմը Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ»-ն է, որը արժանացավ նաեւ 2000 դոլար դրամական պարգեւի: Ի դեպ, վերջինս «համեստորեն» նկատեց. «Ոչ թե մենք ենք «Օսկարից» սովորում, այլ «Օսկարը» մեզանից»:

Երեկ «Երեւան» հյուրանոցում կայացավ նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի անդամների ասուլիսը: «Առավոտի» հարցին, որոնք էին կինոփառատոնի կազմակերպչական թերությունները, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը խոստովանեց, որ թերացումներ իսկապես եղել են, սակայն չցանկացավ մանրամասնել: «Մենք դրանք մեր մեջ կպահենք»,- ընդամենն ասաց նա:

Փառատոնի ակնհայտ թերություններից մեկը հետեւյալն էր. կազմակերպիչները լրագրողներին առաջարկում էին լավագույն ֆիլմերը դիտել, իսկ փառատոնի բացման եւ փակման արարողություններին հետեւել ոտքի վրա կանգնած կամ աստիճաններին նստած:

Լրագրողները Ատոմ Էգոյանից հետաքրքրվեցին, թե ինչքանով էին «Ոսկե ծիրանի» բացման եւ փակման արարողությունները համապատասխանում միջազգային չափանիշներին: Ռեժիսորը նշեց, որ դրանք կազմակերպելը շատ դժվար է եւ մեծ ջանքեր են պահանջվում: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանի» բացումը ընթանում էր միայն անգլերենով, իսկ երգչուհի Նունե Եսայանը, որ նաեւ թարգմանչի դեր էր ստանձնել, վատ էր կատարում իրեն վստահված պարտականությունը: Ի դեպ, կարգին թարգմանչի պակաս զգացվում էր նաեւ արտասահմանցի հյուրերի հետ ասուլիսների ընթացքում:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել