Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ ԵՎ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐԸ»

Հուլիս 19,2005 00:00

Ասում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը

«Ա. Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 20-ին կկայանա երգչուհու «Նվիրում Կոմիտասին» մենահամերգը: Սա համաշխարհային պրեմիերա է: Մեծ երգահանի մահվան 70-ամյակի առիթով առաջին անգամ կհնչեն կոմիտասյան գերմաներեն տեքստերով 9 երգերը: Վարդապետը դրանք գրել է Բեռլինում, 1897-1899թթ., եւ Հ. Պապյանն առաջինն է, որ պատվիրել է այդ ձեռագրերի խմբագրումը:

Անվանի երգչուհին սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Վերջին տարիներին ստացվում է այնպես, որ հայրենիք եք գալիս պետական պարգեւներ ստանալու առիթներով (ժողովրդական արտիստուհու կոչում, «Սուրբ Սահակ եւ սուրբ Մեսրոպ» շքանշան), որին հետեւում են ձեր բեմելները:

– Ես մշտապես այցելում եմ հայրենիք «ոչ դատարկաձեռն»: Այո, վերջին շրջանում դրանք համընկել են պարգեւներ ստանալու հետ: Պետք է բարձրաձայնեմ, որ դրանք ինձ շնորհվում են որպես հայուհու՝ աշխարհում հայ երաժշտությունը տարածելու համար եւ, ինչու չէ, հայի անունը բարձր պահելու համար: Նկատեմ, որ ես շքանշանների երբեք չեմ սպասել ու վերջիններս ինձ՝ որպես արվեստագետի, ոչինչ չեն տալիս: Բայց մյուս կողմից, դա շատ հաճելի է: Օրինակ, ժողովրդական արտիստուհու կոչում շնորհելը նշան է իմ՝ ժողովրդին պատկանելության, ժողովրդիս մասնիկը լինելու: Սա էլ ասեմ. որպես խոնարհ հայուհի, ամուսնությունից հետո կարող էի վերցնել ավստրիացի ամուսնուս ազգանունը: Գուցե շատ ավելի դյուրին լիներ իմ՝ որպես երգչուհու ճանապարհը, բայց ես այդպես չեմ վարվել: Ավելին, մենք մեր միակ դստրիկին ամենահայկական անվամբ կոչեցինք՝ Սիրանույշ:

– Ձեր համերգները Հայաստանում ո՞վ է կազմակերպում կամ՝ որպես հանրահայտ երգչուհի, պետական մակարդակով ստանո՞ւմ եք հրավերներ:

– Միայն անցյալ տարի եմ ստացել՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթի» առիթով: Ես հայուհի եմ, չեմ մոռացել եւ չեմ մոռանա իմ արմատները, իմ առաջին քայլերը Հայաստանում: Մի խոսքով, այս հարցում առաջնորդվում եմ խղճիս թելադրանքով: Կոնկրետ այս մենահամերգի մտահղացման առիթով ինքս դիմեցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինություն եւ ուզում եմ բարձրաձայնել ամուսնուս խոսքերը՝ «Հաճելի է, որ Հայաստանում էլ կա հիմնարկություն, որն աշխատում է քաղաքակիրթ երկրներին վայել ձեւով»:

– Ծանոթանալով ձեր կայքին (www.hasmik-papian.com), տեղեկանում ենք միջազգային մամուլի էջերում տեղ գտած ձեր մասին հիացական կարծիքներին: Ի՞նչ է, արտերկրի մամուլն է՞լ է աշխատում հայաստանյանի սկզբունքով. ոչ մի անդրադարձ, բացի գովեստից: Խոսքը պրոֆեսիոնալ երաժշտական քննադատության մասին է, որը Հայաստանում բացակայում է:

– Աշխարհում չկա այնպիսի արվեստագետ, որին չքննադատեն: Ես պատրաստ եմ ընդունել առողջ, «ուսուցանող» քննադատությունը: Ինչ վերաբերում է դրական կարծիքներին, դրանք ինձ միայն ուժ են տալիս կատարելագործվելու, առաջադիմելու: Օրինակ, վերջերս Փարիզի «Բաստիլ» օպերային թատրոնում հանդես եկա Չայկովսկու «Պիկովայա դամա» ներկայացման մեջ: 8 ներկայացմանը ներկա էր ավելի քան 30 հազար ունկնդիր: Դրանց թվում կային երաժշտական քննադատներ, որոնք հանդես եկան մամուլի էջերում ոչ միայն մասնագիտական ելույթներով:

Պետք է ասեմ, որ ինձ չի գրավում եւ, հայերեն ասած՝ բանի տեղ չեմ դնում լրագրողների այն խոսքը, որ վերաբերում է զուտ իմ անձնականին: Նման երեւույթների էլ եմ հանդիպել: Դրանք ես չեմ պատրաստվում տեղադրել կայքում:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել