Էջմիածին քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 8ա շենքի բակային մասում կառուցվեց լուսանկարում պատկերված շինությունը՝ Կ. Վարդանյանի արտադրամասը: Այն խանգարում էր վերոնշյալ շենքի 11 բնակարանի բնակչուհի Լուսիկ Գասպարյանին:
Շինության բարձրությունը Լ. Գասպարյանի պատշգամբի հատակից մոտ 1 մետր վերեւ էր եւ խանգարում էր բնակարանի լուսավորությանը, փակում էր ողջ տեսադաշտը: Բնակչուհին դիմեց նախ Էջմիածնի քաղաքապետարան, ինչպես նաեւ պատկան այլ մարմինների: Էջմիածնի քաղաքապետ Հ. Աբգարյանը անցյալ տարվա մայիսի 21-ին պաշտոնապես գրավոր պատասխանեց. «Ինչ վերաբերում է շենքի բակային մասում գտնվող ապօրինի շինությանը, ապա այն կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտումով եւ ենթակա է քանդման տիրոջ կողմից՝ 10-օրյա ժամկետում»: Ենթակա էր, բայց չքանդվեց: Կառույցը հասցվեց ավարտին: Շինությունը չքանդվեց նաեւ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության հրշեջ մասից ստացվեց պաշտոնական այսօրինակ տեղեկանք. «Շինությունը 2-րդ աստիճանի հրակայունության է, իսկ դրա հարեւանությամբ կառուցված արտադրամասի «հակահրդեհային միջտարածությունը նախատեսվում է 6 մետրից ոչ պակաս, տվյալ դեպքում այն կազմում է 1,5 մետր»:
Տեղական ինքնակառավարման մարմինները, ըստ էության, չկարողացան հարցին լուծում տալ, ինքնակամ շինության պատերը գնալով ավելի էին բարձրանում: Գործը հասավ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Վերջինիս պետի՝ Զելիմ Թադեւոսյանի մակագրությամբ էլ բողոքն ուղարկվեց Արմավիրի մարզի դատախազ Ի. Արշակյանին մի պահանջով. «Արդյունքների մասին խնդրվում է հայտնել դիմումի հեղինակին»: Արմավիրի մարզի դատախազը չզլացավ քաղաքացուն պատասխանել, որ «նշված շենքի բակային մասում կառուցվող շինությունը ապօրինի է եւ ենթակա քանդման»: Լ. Գասպարյանին այլ բան չէր մնում, քան դիմել մարզի առաջին ատյանի դատարան՝ «ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին»: Հայցը բավարարվեց մասնակիորեն, այն է՝ քաղաքացուն «պարտավորեցվեց քանդել սեփականության իրավունքի վկայականում նշված շենքի կողմում գտնվող հատվածը, ապահովել նշված շենքից 6 մետր հեռավորությունը»: Սակայն շինությունն ավարտին է հասցվել եւ, մեր պարզ պատկերացմամբ, շարժել հնարավոր չէ:
Երեկ վերաքննիչ դատարանում հետաձգվեց շինության տիրոջ բողոքի քննությունը: Ուշադրության թերեւս արժանի էր այն, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ինքնակամ կառուցված շինության (արտադրամասի) նկատմամբ ճանաչվել է Կ. Վարդանյանի սեփականության իրավունքը: Մի դեպքում Էջմիածնի քաղաքապետը Լ. Գասպարյանին հավաստիացրել էր, թե «բակի կողմից ինքնակամ կառուցված շինության քանդման աշխատանքները կիրականացվեն օրենքի համաձայն», իսկ Կ. Վարդանյանին էլ տրվել էր քաղաքապետի թիվ 49 որոշումը՝ թույլատրել շենքի բակի ազատ տարածքում կառուցել վերոնշյալ կառույցը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ