Սակայն այս անգամ պատասխանատուները չեն
փորձում սքողել այդ իրողությունը եւ խոստանում են, թե կտրված ծառերի փոխարեն կտնկեն
նորերը: Այս մակագրությունը
հին ճոպանուղու շենքի վրա է փակցված. այստեղ մեկ այլ ցուցանակ էլ կա, որ ազդարարում
է՝ «Օլիմպիզմի կարեւոր սյուներն են՝ սպորտը, մշակույթը եւ շրջակա միջավայրի պահպանումը»:
Ծաղկաձորում ծառեր հաստատ կտրվել են նաեւ հին ճոպանուղին կառուցելիս: Բացառություն
չէ նաեւ նոր ճոպանուղին: Հայաստանի օլիմպիական կոմիտեի դուստր ձեռնարկության՝ Ծաղկաձորի
ճոպանուղու տնօրեն Գեղամ Խաչատրյանն ասում է, թե շուրջ 4 մլն դոլար է ծախսվել ճոպանուղին
կառուցելու համար, եւ եթե այժմ չարվեն նաեւ անհրաժեշտ աշխատանքներ, որ այն համապատասխանի
սահմանված չափանիշներին՝ «Բնական է, վաղը ոչ մեկը չի գա այստեղ հանգստանալու, դահուկ
քշելու: Մի բան արել ենք, պիտի անենք մինչեւ վերջ»: Իսկ միջազգային
չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը հրատապ է դարձրել Ռոբերտ Քոչարյանը, որը
շաբաթներ առաջ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ ոտքով իջել էր Թեղենիսի
անտառով: Եվ «պատմական» այս քայլերթի ընթացքում էին պայմանավորվել, որ ճոպանուղու
դահուկային ճանապարհը 7 մետրի փոխարեն դառնալու է 30 մետր: Ճոպանուղու տնօրենն ընդունում
է, որ այս լայնացման ընթացքում ծառեր են հատվելու՝ ըստ նրա հաշվարկների, «շուրջ 20-30
կուբամետր»: Սա, փաստորեն՝ մոտ 200-300 ծառ է: Եվ դահուկային ճանապարհի եզրին երեւացող
թարմ կոճղերը վկայում են, որ այդ գործընթացն արդեն սկսված է:
Ճոպանուղու տնօրենն «Ազատություն» ռ/կ-ին եւ մեր թերթին վստահեցրեց, թե առայժմ
միայն ճյուղեր են կտրում, եւ սա ինչ-որ տեղ նաեւ կատարում է սանիտարական հատումների
դեր: Մինչդեռ մենք ականատես դարձանք, որ «Կամազ»-ներն արդեն իսկ տեղափոխում էին կտրված
ծառեր: Ի դեպ, մի «Կամազը» տեղավորում է 3-4-ից ավելի ծառ: Թեղենիսի
անտառում արդեն իսկ առկա այս պատկերն ավելի սովորական կդառնա, երբ սկսվի նաեւ ճոպանուղու
սնուցման համար 35 կիլովոլտ հզորությամբ էլեկտրագծի կառուցումը: Սակայն Գեղամ Խաչատրյանը
հերքեց, թե կառուցման համար անհրաժեշտ է լինելու հատել մի քանի հեկտար անտառ: Ըստ
նրա՝ հենասյուներ արդեն իսկ կան. «Այնտեղ անտառ հատելու խնդիր չկա: Կարող է հատվի
4-5 հատ ծառ»: Այսուհանդերձ, Ծաղկաձորի բնապաշտպանները սա համարում են մեղմացված
գնահատական: Եվ մտավախություն ունեն, թե վերահսկողության բացակայության պայմաններում՝
կտրված ծառերի թիվը կարող է լինել շատ ավելին: Իսկ այժմ՝ լավ լուրը:
Կտրված ծառերի փոխարեն ՀԱՕԿ-ը պարտավորվել էր աշնանը 5 հազար ավստրիական եղեւնիներ
տրամադրել «Հայանտառին», որ տնկվեն նույն վայրում: Եվ ճոպանուղու տնօրեն Գեղամ Խաչատրյանը
հայտնեց, թե արդեն իսկ գնել են 20 հազար եղեւնիներ, որոնք տարեկան 20 սմ բարձրանում
են. «Աշնանը ծառատունկ ենք անելու»: Իսկ մեզ մնում է միայն հետեւել այդ խոստման իրականացմանը,
որ Ծաղկաձորի անտառն արդեն իսկ վերջնականապես չկորցնի իր այս տեսքը: Լուսանկարչական
ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻԾաղկաձոր-Երեւան