Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԷԼ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ

Հուլիս 19,2005 00:00

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ
ԷԼ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ Կիրակի օրը ՀՀԿ խորհրդի ողջ կազմը, ինչպես նաեւ
«Հանրապետական» կուսակցության պատգամավորները եւ կուսակցական ակտիվիստները՝ մի քանի
հարյուր մարդ, Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տանը գումարել են ՀՀԿ խորհրդի արտագնա
նիստ: Նիստին ներկա է եղել նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նիստը վարել
է ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: «Առավոտի» տեղեկություններով, հանրապետականները
որոշել են մասնակցել ու հաղթել նախ աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրություններում, ապա՝ խորհրդարանական, իսկ նախագահական ընտրություններին գնալ
սեփական թեկնածուով: Թեկնածուների անուններ չեն հրապարակվել, սակայն նիստի որոշ մասնակիցների
պնդմամբ՝ սեփական թեկնածու ասելով հանրապետականները նկատի են ունեցել Սերժ Սարգսյանին:
Վերոնշյալ որոշման մասին նույնիսկ «ներքին օգտագործման» հայտարարություն է ընդունվել
(նման փաստաթղթերը դաշնակցականները կոչում են «շրջաբերականներ»): Կոալիցիոն գործընկերներին
տեղեկացրել են հավաքի արդյունքների մասին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքեց այդ տեղեկությունները:
Ըստ նրա՝ «Դա հանրապետականների ակտիվի հավաքն էր, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական,
կազմակերպչական հարցեր: Առաջիկա քաղաքական կոնկրետ ընդգծված դիրքորոշումների խնդիր
չի եղել: Ձեր ասած խնդիրները, բնականաբար, կուսակցությունում տարբեր առիթներով քննարկվում
են, բայց հավաքի նպատակը տրադիցիան էր»: Պարոն Սահակյանը չհերքեց Սերժ Սարգսյանի
մասնակցությունը հավաքին՝ «հիշեք, որ պառլամենտական ընտրություններում մեր ցուցակի
երկրորդ համարը պաշտպանության նախարարն էր»: Իսկ աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններում ՀՀԿ-ն աշխատելու է պահպանել նախորդ ընտրությունների
արդյունքները՝ ձգտելով առավելագույնի: Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների
մեծամասնությունը կամ ՀՀԿ-ական է, կամ նրա կողմից հովանավորվող: Ն.
Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել