Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ

Հուլիս 19,2005 00:00

Հայաստանում
ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը –
Հայ-ամերիկյան համագործակցության ուղղություններից ո՞րն է այսօր առաջնահերթային Վաշինգթոնի
համար: Որքանո՞վ է արդարացված այն տպավորությունը, որ առաջին պլան են դուրս գալիս
անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցերը: –
Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության հետ համագործակցում է բազմաթիվ ուղղություններով,
եւ չէի դասավորի դրանք որեւէ հստակ հերթականությամբ, քանի որ անմիջական առաջնահերթությունները
կարող են փոփոխվել շաբաթից շաբաթ: Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել
Հայաստանի հաջող զարգացումը, որը կարտացոլվի բուռն զարգացող ձեռնարկություններով,
օրենքի գերակայությամբ եւ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով: Իսկ եթե
պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերն ավելի նկատելի
են թվում, ապա միայն այն պատճառով, որ դա է պահանջում ահաբեկչության դեմ համընդհանուր
պատերազմը: – Այս պաշտոնում ձեզ նախորդող Ջոն Օրդուեյը նախորդ տարվա հուլիսին
մեր գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում աշխատելու ընթացքում
իր ամենամեծ հիասթափության պատճառ դարձան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:
Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն, որպեսզի 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում կայանալիք
ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: – Միացյալ Նահանգները
գտնում է, որ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում կայանալիք ընտրությունները պետք
է լինեն ազատ, արդար եւ այդպես ընկալվեն ինչպես հայ ընտրողների, այնպես էլ միջազգային
դիտորդների կողմից: Իրականում սա պարզ ճշմարտություն է. ժողովրդավարական երկրներում
նոր առաջնորդներին ընտրում են քվեատուփի միջոցով: Այս տարածաշրջանում որոշ այլ ընտրությունների
դասը պետք է չափազանց պարզ եւ հստակ լինի ցանկացած մեկի համար, ով գայթակղություն
կունենա կեղծել ընտրությունների արդյունքները. մարդիկ հիմար չեն եւ կհայտնաբերեն
դա, ինչը կառաջացնի մեծ խնդիր՝ հղի ահռելի ռիսկերով: – Արդյո՞ք ԱՄՆ-ն տեսնում
է որեւէ երկարաժամկետ դեր Հայաստանի համար, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արեւելքի
ժողովրդավարացման իրենց ծրագրերում: – Ցանկացած երկրում ժողովրդավարությունը
պետք է զարգանա իր պատմությանը, մշակույթին եւ առկա հանգամանքներին համապատասխան:
Սակայն ամուր եւ անսասան ժողովրդավարությամբ Հայաստանը կարող է փարոս դառնալ այս
տարածաշրջանում նրանց համար, ովքեր փորձում են ժողովրդավարություն հաստատել իրենց
երկրներում: – Շատ են շահարկումներն այն մասին, որ ԱՄՆ-ն շահագրգռված է նախկին
խորհրդային հանրապետություններից հեղափոխությունները Հայաստան «արտահանելու» մեջ:
Ի՞նչ կասեք այս կապակցությամբ եւ որքանո՞վ վստահելի գործընկեր եք համարում Հայաստանի
ներկայիս ղեկավարությանը: – Միացյալ Նահանգները չի զբաղվում նախկին խորհրդային
հանրապետություններ կամ նրանցից մեկից մյուսը հեղափոխություն արտահանելով: Մենք պաշտպանում
ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը եւ ազատ ու արդար կանոնավոր ընտրությունների
անցկացումը՝ որպես ընդունված եւ բնականոն ճանապարհ այդ ինստիտուտների առաջնորդներին
փոփոխելու համար: Մենք ֆավորիտներ չունենք թեկնածուների շարքերում եւ աշխատելու
ենք ցանկացած առաջնորդի հետ, ով իշխանության կգա ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհով:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, ապա մեր հարաբերությունները
բնութագրվում են վստահության եւ փոխադարձ աջակցության աճող մակարդակով: –
Վերջերս հաճախակի լավատեսական հայտարարություններ են հնչում Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորման հեռանկարների մասին: Որո՞նք են այն երաշխիքները, որ չի կրկնվի չորս տարվա
վաղեմության իրավիճակը, երբ Ադրբեջանի ղեկավարը հրաժարվեց ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ
Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածություններից: – Իմ գործընկեր եւ բարեկամ
Սթիվեն Մաննը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է,
այնպես որ, ես կգերադասեմ թողնել նման գնահատականները նրան եւ մյուս համանախագահներին:
– Միացյալ Նահանգները բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
յուրահատուկ է եւ պահանջում է մոտեցումներ, որոնք կտարբերվեն Մերձդնեստրում կամ Աբխազիայում
ձեռնարկվող կարգավորման փորձերից: Դա իրո՞ք այդպես է: – Հենց այդ պատճառով
էլ Մինսկի խմբին հանձնարարված է զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Մեդիամաքս»՝
հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել