Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ ՉԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ
ՋՈՒՐ ԼՑՆԵԼ»

Հուլիս 19,2005 00:00

«Ազգային
միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը քննադատում է «որոշ ընդդիմադիր ուժերի»
– Պարոն Կարապետյան, «Արդարություն» խմբակցությունն՝ իր հերթին, «Հանրապետություն»
կուսակցությունը՝ առանձին, անցած շաբաթ սահմանադրական փոփոխությունների մասով հանդես
եկան հայտարարություններով։ Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու «Ազգային միաբանությունը»,
կունենա՞ առանձին հայտարարություն: – Պետք է սպասենք, թե ինչպե՞ս կարձագանքի
Վենետիկի մասնագիտացված հանձնաժողովը իր նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից
դրսեւորված անթաքույց ոչ կոռեկտ վերաբերմունքին: Կունենանք այս ամենի նկատմամբ Վենետիկի
արձագանքը, կվերլուծենք այն եւ հետո միայն հրապարակավ կհայտնենք մեր դիրքորոշումը
Հայաստանի իշխանությունների վարքագծի, ինչու չէ՝ նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետեւողականության
մասին: Սա է «Ազգային միաբանության» մոտեցումը: Եվ մենք թույլ չենք տա այս պահին
մեր հասցեին ավել-պակաս բարբաջեն: «Ազգային միաբանությունը» հասկանում է սեփական
տնտեսական եւ քաղաքական շահերը հետապնդող թե իշխանամետ, թե ընդդիմադիր դաշտի որոշ
ուժերի իրարանցումն ու անհանգստությունը: Սակայն իրենց այս դեպքում ոչնչով օգնել
չենք կարող: Մենք ունենք մեր կայուն, ազգանպաստ քաղաքական գիծը եւ այն մշակվում,
քննարկվում եւ ընդունվում է մեր կուսակցության մեջ եւ ոչ թե տարբեր երկրներում եւ
զանազան միջազգային կազմակերպությունների գլխավոր գրասենյակներում: – Դուք
քիչ առաջ բավականին թափանցիկ ակնարկ արեցիք, հատկապես ո՞ր ընդդիմադիր ուժերին նկատի
ունեիք: – Այն ընդդիմադիր ուժերին, որոնք ժամանակին, նույն 95-ին սահմանադրության
հեղինակներն են, այն ընդդիմադիր ուժերին, որոնք չեն ուզում ընդունել, որ այս երկիրը
պետք է առաջ գնա, անկախ նրանից՝ այսօր նախագահը Ռոբերտ Քոչարյա՞նն է, թե՞ ուրիշ մեկը:
Եթե այսօր 95-ի համեմատ սահմանադրական առաջարկվող փոփոխությունները դրական լինեն
եւ ժողովրդի համար նպաստավոր, մենք պետք է գնանք դրան: Չպետք է անձնավորենք, չնայած,
ցավոք, ուզում եմ նշել, որ մեր ժողովուրդն իրոք շատ է անձնավորում այդ հարցը եւ ասում
է՝ այդ փոփոխությունները եթե առաջարկել է Ռոբերտ Քոչարյանը եւ «կռտած կոալիցիան»,
ուրեմն մենք չենք ընդունի, որովհետեւ չենք հավատում, որ նրանք կարող են ժողովրդի
համար լավ բան անել: Ժողովուրդը կորցրել է հույսն ու հավատը: Բայց ես գտնում եմ՝
այն կուսակցությունները, որոնք այս իրավիճակում փորձում են օգուտներ քաղել ժողովրդի
հաշվին եւ խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, դեմ կանգնելով առաջընթացին եւ օրենքների
լավացմանը՝ սխալ են վարվում: – Դուք ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ «Արդարություն»
դաշինքում «Հանրապետություն» կուսակցությունը վերջին շրջանում հատկապես փորձում է
հակադրվել դաշինքի մոտեցումներին: – Եթե «Արդարություն» դաշինքում հիմնաքարերը
սկսեն խախտվել, դա կլինի հօգուտ իշխանությունների, եւ հենց այդ պատճառով էլ եթե կան
անհամաձայնություններ, պետք է լուծվեն անաղմուկ եւ դաշինքի ներսում, ոչ թե մամուլի
էջերում: «Ազգային միաբանությունը» այն կարծիքին է, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը միասին
դեռ անելիք ունի եւ պետք չէ իշխանությունների ջրաղացին ջուր լցնել: Այ, հենց այս
հնարքն է, որ իշխանություններն այս տարիների ընթացքում կարողացել են փայլուն կատարել՝
խառնել, տարանջատել, բաժանել: Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Հ. Գ. Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը եւս մեկ անգամ
սպառնացել է դուրս գալ «Արդարություն» դաշինքից, եթե դաշինքի մյուս կուսակցությունները
չփոխեն իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել