ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ 19 տարեկանները ժամանել են Բելֆաստ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, ավարտելով տասնօրյա ուսումնամարզական հատուկ հավաքը, Ֆրանսիայից մեկնել է Հյուսիսային Իռլանդիա՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչի պաշտոնական մրցավայր՝ Բելֆաստ: ՀՖՖ-ի հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը Բելֆաստից հաղորդել է, որ բոլոր հավաքականները, այդ թվում եւ Հայաստանինը, հանգրվանել են Եվրոպայի առաջնության եզրափակիչի պաշտոնական՝ «Եվրոպա» հյուրանոցում: Արդեն մեր ֆուտբոլիստներին են միացել հավաքականի անդամներ Էդել Ապուլա Էդիմա Բետեն եւ Կառլ Լոմբեն, որոնք «Փյունիկի» կազմում գտնվում էին Ֆինլանդիայում եւ մասնակցում էին «Հակա»-«Փյունիկ» հանդիպմանը: Ավելի ուշ Հյուսիսային Իռլանդիա էր ժամանելու նաեւ «Այաքսի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը մինչ այդ երկու հանդիպում է անցկացրել «Այաքսի» հիմնական կազմում: ՀՖՖ-ի հավաքականների տեխնիկական տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ հավաքականը շատ արդյունավետ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ֆրանսիայում, տղաները շատ լավ մարզավիճակում են եւ արդեն Բելֆաստում, որտեղ մի քանի օրվա շոգերից հետո վերականգնվել է անձրեւոտ եղանակը, նույն՝ օրական երկու անգամ մարզումային սխեմայով նախապատրաստվում են եզրափակիչի առաջին հանդիպմանը Նորվեգիայի հավաքականի հետ, որը տեղի կունենա հուլիսի 188212ին, տեղական ժամանակով ժամը 19-ին, Լուրգանոյում: Անհավասար իրավիճակներ Հուլիսի 14-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական ընտրական մրցաշարի առաջին հանդիպումում պարտություն կրեց նաեւ մեր հանրապետությունը ներկայացնող Աշտարակի «Միկան»: Հանդես գալով Մայնի Ֆրանկֆուրտի «Վալդշտադիոնում»՝ աշտարակցիները չորս անպատասխան գնդակ ընդունեցին դաշտի տերերից՝ «Մայնցից»: Երկու անգամ՝ 36-րդ եւ 68-րդ րոպեներին, աչքի ընկավ Բենջամին Աուերը, մեկական անգամ՝ Պետեր Ռումանը՝ 8-րդ րոպեին եւ Նիկոլչե Նովեսկին՝ 58-րդին: Այսպիսով, Հայաստանի լավագույն երեք թիմերն էլ ՈՒԵՖԱ-ի գավաթային մրցաշարերում անհաջող մեկնարկեցին (մինչ այդ, հանրապետության չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում Ֆինլանդիայում 0:1 նվազագույն հաշվով զիջել էր «Խակային»): Սակայն, եթե փյունիկցիները հարազատ հարկի տակ կայանալիք պատասխան խաղում կորցրածը ետ բերելու իրական հեռանկար ունեն, բավականին լուրջ խնդրի առջեւ են հայտնվել «Բանանցն» ու «Միկան»: «Բանանցից» պահանջվելու է երկու շաբաթ հետո Թբիլիսիում առնվազն երկու գնդակի առավելությամբ հաղթել «Լոկոմոտիվին»: Իսկ ահա «Միկայի» հնարավորությունները գրեթե զրոյական են: Որքան էլ ցավալի լինի, ստիպված ենք ենթադրել, որ գերմանացիները, որ ժամանակակից եվրոպական ֆուտբոլի «օրենսդիրներից» են, Երեւանում չեն կորցնի հաշվի մեջ տանն արձանագրած շոշափելի առավելությունը: Իսկ մեզ միայն կմնա հուսալ, որ հայ մարզասերները «Հանրապետական» ստադիոնում լավագույն դեպքում աշտարակցի ֆուտբոլիստների գեղեցիկ խաղ կարող են ակնկալել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ