Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Հուլիս 16,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ Բախվան միշտ շեշտում էր, որ մեր շնորհիվ ինքը, փաստորեն, բանակում իր մասնագիտությամբ է աշխատում, եւ երբեք մտքով չանցկացրեց, որ ընդհակառակը, հենց մյուսներս ենք իր շնորհիվ նվագում եւ, ուրեմն, գլուխ պահում, ու հենց էս նախադասությունը գրելիս՝ ես ինձ վերստին բռնացրի, որ իսկապես շատ եմ «ուրեմն» ու «փաստորեն» բառերն օգտագործում, եւ ինձ էդ մասին երեկ եւս մեկ անգամ հիշեցրեց հորաքույրս՝ բժշկուհի Շեկոյան Մարգոն. նա յոթանասունհինգ տարեկան հասակում ոչ միայն իր բժշկությունն է բարեհաջող շարունակում, այլեւ համատեղության կարգով իմ գլխավոր ու հիմնական ընթերցողն է, ու ես, ինչպես միշտ, հենց ի՛ր դիտողություններն եմ գլուխս կախ լսում ու հաշվի առնում, բայց ինքը, ինձ դիտողություն անելով հանդերձ, նաեւ ասաց, որ երեւի արդեն շատ ուշ է իմ «ուրեմն»-ների ու «փաստորեն»-ների դեմն առնելը, որովհետեւ դրանք, փաստորեն, արդեն ինձ մոտ ոճի են վերածվել, եւ իր էդ «փաստորենն» ասելով՝ հորաքույրս լիասիրտ ծիծաղեց ու ասաց, որ վերջերս նաեւ «կիրովաբադցի» բառն եմ չափից ավելի օգտագործում, ընդ որում՝ էս «կիրովաբադցի» բառի մասին ինձ ուրիշներն էլ էին ակնարկել՝ ներազգային ու սեպային ինչ-ինչ նրբերանգներով, բայց ես հորաքրոջս ու բոլորին արդեն բացատրել եմ ու հիմա էլ ձեզ եմ բացատրում, որ մեր նվագախմբի ղեկավար շեփորահար Վալոդին ես միանգամայն պարզ ու հասկանալի պատճառով եմ «կիրովաբադցի» ասում, քանի որ մեր նվագախմբում ուրիշ Վալոդ էլ կար՝ ազատանցի Վալոդը, որին ազատանցի անվանելու համար ինձ դեռեւս դիտողություն չեն արել ու, համոզված եմ, չեն էլ անի, որովհետեւ «ազատանցին» անհամեմատ քիչ եմ օգտագործել ու օգտագործում էն պարզ պատճառով, որ Ազատանցին ահավոր քչախոս էր, իսկ կիրովաբադցի Վալոդը ոչ միայն շատ էր խոսում, այլեւ՝ մեր նվագախմբի ղեկավարն էր, այսինքն՝ եթե իմ էս գրվածքում Ազատանցին միանգամայն երկրորդական կերպար է, Կիրովաբադցին գլխավորներից մեկն է, ու հիմա էդ առթիվ նաեւ մտածում եմ, որ շատ անարդար է Ազատանցուն երկրորդական համարելը, մանավանդ որ՝ Ազատանցին մեր զորամասում միակն էր, ում ասել էի, որ բանաստեղծություններ եմ գրում, ավելին՝ ոչ միայն ասել էի, այլեւ իր համար բարձրաձայն կարդացել էի ոտանավորներս, ու էդ իմաստով Ազատանցին առ էսօր էլ միակն է, ու նաեւ պիտի խոստովանեմ, որ էդ տեսակ խորունկ ու ազնվագույն արարածին միանգամայն անարդար է երկրորդական դեմք դարձնելը, բայց ես մեղավոր չեմ, որ ինքը մեր ողջ ծառայության ընթացքում հազիվ մի քանի բառ խոսեց, ու երեւի իր էդ անմարդկային սակավախոսության ու վերմարդկային համեստության պատճառով է, որ քիչ առաջ իրեն մոռանալով՝ ասացի ու գրեցի, որ մեր նվագախմբի պրոֆեսիոնալները Կիրովաբադցին ու Բախվա Բուրչուլաձեն էին, այսինքն՝ վերստին Ազատանցուն մոռացա, մինչդեռ, եթե հիշում եք, գնացքում հենց Ազատանցին էր իր կլարնետով միլիցիոներներին ու բոլորիս լացացրել: Այսինքն, իրականում Ազատանցին երաժշտական իմաստով ամենեւին էլ չէր զիջում ո՛չ Կիրովաբադցուն եւ ո՛չ էլ նույնիսկ Բախվա Բուրչուլաձեին, ու եթե Բախվայի ներկայությունն առավել էֆեկտիվ էր նրանով, որ ինքը մեր «Պրաշչանիե սլավյանկիի» ընթացքում հավասարապես ու փոխնիփոխ երկու գործիք էր նվագում՝ ալտն ու իր ֆլեյտան, ու եթե Կիրովաբադցին էլ իր շեփորահարությանը զուգահեռ նաեւ ղեկավարություն ու դիրիժորություն էր անում, ապա Ազատանցին կարեւորվում էր նրանով, որ մեր էդ «Պրաշչանիե սլավյանկիի» ողջ ընթացքում իր կլարնետն ամենից զիլ էր հնչում ու խաղեր տալիս, ու եթե պատահում էր՝ Ազատանցու կլարնետը մի քանի րոպեով մեզանից ու մեր նվագախմբից պակասում ու բացակայում էր, նոր էինք միայն հասկանում իր ու իր կլարնետի ղադրը: Այսուհանդերձ, Բախվայի, Կիրովաբադցու ու Ազատանցու կարեւորությունը նշելով ու շեշտելով՝ բնավ մտադիր չեմ թերագնահատել մյուսներին, որովհետեւ արեշցի Ստյոպն արդեն միանգամայն մերվել էր իր բարիտոնին, իսկ ինչ վերաբերում է Պարգեւին ու իր շեփորին, Պարգեւն արդեն իր շեփորով նույնիսկ Կիրովաբադցու հետ էր մրցում, ու եթե ժամանակ առ ժամանակ Կիրովաբադցին կարգի չհրավիրեր, Պարգեւն իր շեփորի ճղճղոցով բոլորիս ու մնացած բոլոր ձայների դեմը կառներ: Պարգեւը, փաստորեն, հենց երկրորդ օրն արդեն սկսեց Կիրովաբադցու հետ մրցել, որովհետեւ Պարգեւն էն մարդկանցից էր, որոնց համար պարտությունն ու մահը գրեթե նույնն են: Ինչ վերաբերում է Վալերին, նրա բասը թեեւ մեր ընդհանուր աղմուկի մեջ շատ դժվար էր լսվում, բայց եթե լսվում էր, շատ ճշգրիտ ու շատ էլ տեղին էր լսվում, ու թեեւ Վալերը երբեւէ սլուխը ստուգել չէր տվել, մեր նվագախմբում իր նշանակությունը հենց իր սլուխի առումով էր ակնառու ու ունկնառու, ու ինքն էլ իր կարեւորությունն ու նշանակությունը չէր գիտակցում, որովհետեւ մյուսներս ու մանավանդ Պարգեւը մեր ճղճղոցներով ու գմփգմփոցներով չէինք թողնում, որ Վալերի բասի ճշգրիտ ու տեղին բաբախյունները լսվեն: Ես, ճիշտ է, ճղճղոցներ ու գմփգմփոցներ եմ ասում, բայց մեր երկրորդ օրվա երեկոյան արդեն դժվար թե Օհան Դուրյանից ցածր որեւէ մեկը կռահեր, որ մենք պրոֆեսիոնալ երաժիշտներ չենք եւ ընդամենը երկու օրվա երաժշտական կենսագրություն ունենք: Մեր բախտից ո՛չ Կարավանն էր Օհան Դուրյան եւ ո՛չ էլ մանավանդ Շկարուպետան, չնայած վերջինս երաժշտությունն ակնհայտորեն գերադասում էր զինվորական իր գործից, եւ երբ երկրորդ օրվա երեկոյան Շկարուպետան ու Կարավանը լսեցին հանրահայտ «Պրաշչանիե սլավյանկիի» մեր մեկնաբանությունը, փայլփլուն աչքերով իրար նայեցին, ու որ Շկարուպետան հիացմունքից չճչաց, պատճառն ընդամենն էն էր, որ խորհրդային բանակում ընդհանրապես ընդունված չէր շարքայիններին ուղղված գովեստները բառերով արտահայտել, եւ լավագույն դեպքում, ինչպես Շկարուպետան արեց, ուսիդ էին թփթփացնում, ու դա առավելագույնն էր, եւ երբ մենք երկրորդ անգամ կրկնեցինք մեր «Պրաշչանիե սլավյանկին», Շկարուպետան Կիրովաբադցու ուսին թփթփացրեց ու ասաց. «Շարունակեք նույն ոգով»: Մեր ամեն կատարումից հետո մեզ թվում էր, թե արդեն կատարելության ենք հասցրել «Պրաշչանիե սլավյանկին», եւ հաջորդ իսկ կատարումից հետո էինք միայն հասկանում, որ էդ վերջինն առավել կատարյալ է, եւ իսկապես՝ մեր երկրորդ օրվա «Պրաշչանիե սլավյանկին» ընդհանրապես որեւէ կապ չուներ առաջին օրվա սկզբնական տարբերակի հետ, մանավանդ որ՝ արդեն մյուսներիս գումարվել էին Կիրովաբադցու շեփորն ու Բախվան: Բախվայի քաղաքացիական հիմնական գործիքը հոբոյն էր, բայց իր մասնագիտական երկրորդ գործիքը ֆլեյտան էր, եւ ինքը հենց ֆլեյտան էր իր հետ բանակ բերել, մտածելով, որ ֆլեյտան անհամեմատ պրակտիկ ու մատչելի է, եւ երկրորդ օրվա երեկոյան արդեն Բախվան Սաքոյի բերած նոփնոր ալտի վրա էր իր մասնագիտական տաղանդը նորովի բացահայտում, բայց, իհարկե, մենք ու մանավանդ Շկարուպետան Բախվայով առավելագույնս հիանում էինք հատկապես էն պահերին, երբ նա մեր «Պրաշչանիե սլավյանկիի» ընթացքում հընթացս ու վայրկենապես իր ալտը փոխարինում էր իր ֆլեյտայով եւ ընդհակառակը՝ իր ֆլեյտան իր ալտով, ու էդ պահերին մենք հատկապես էինք զգում ու հասկանում իր ու մեր միջեւ գոյություն ունեցող երաժշտական անդունդը, ու էս ասածս վերջերս հաստատեց նաեւ Պարգեւը՝ ինձ տեղեկացնելով, որ Բախվան հենց էս պահին «Լա Սկալայում» ժարիտ է անում, ընդ որում՝ ոչ միայն ֆլեյտայով ու հոբոյով, այլեւ ինքն էս պահին «Լա Սկալայի» գլխավոր տենորներից մեկն է, եւ երբ Պարգեւին ասացի, որ մեր բանակի կյանքից վեպ եմ տպում, Պարգեւը հարցրեց՝ «ամեն ինչ ճիշտ-ճիշտ գրում ե՞ս», եւ երբ ես ասացի՝ «հա», ինքը ձեռքը թափ տվեց ու ասաց. «Իզուր էլ գրել ես. ոչ մեկը չի հավատա էդ գրածիդ»: Շկարուպետան թեեւ չէր արտահայտվում, բայց, զգում էինք, հիացած էր մեր «Պրաշչանիե սլավյանկիով», եւ երբ Կիրովաբադցին ասաց, որ մինչեւ ամսի հինգը մեզ ընդամենը երկու օր ժամանակ է մնում, եւ, ուրեմն, պետք է եւս երկու օր ու գիշեր անքուն պարապենք, Շկարուպետան Սաքոյի ականջին ինչ-որ բան շշնջաց, ու Սաքոն արագ քայլերով դուրս գնաց: Մինչ մենք եւս մեկ անգամ կկատարելագործեինք մեր «Պրաշչանիե սլավյանկին», Սաքոն վերադարձավ երեք զինվորների հետ, որոնք շալակած բերեցին մեր ներքնակներն ու վերմակները, ու մեր էդ վերմակներն ու ներքնակները շալակած էդ երեք զինվորների աչքերում մեր հանդեպ որոշակի ատելություն կար, ու ատելությամբ լեցուն նրանց աչքերում հետեւյալն էր գրված. «Էս մալադոյներն ո՞վ էղան, որ սրանց վերմակները շալակած բերինք»: Մեր ծառայության երկրորդ օրն արդեն Շկարուպետայի, Կարավանի ու մեզ համար միանգամայն պարզ էր, որ դեկտեմբերի հինգին խայտառակ չենք լինելու: Հաջորդ երկու օրերն արագ ու աննկատ թռան, եւ դեկտեմբերի հինգի առավոտյան արդեն պլատցում՝ մեր զորամասի հրապարակում շողշողում ու պսպղում էին մեր փայլեցված գործիքները, ու նաեւ մենք էինք փայլում մեր տոնական համազգեստներով, որոնց ուսադիրները նույնպես Մացոն էր նախորդ իրիկուն կարել ու կպցրել, ու մեր զորամասի շտաբի ճակատին նմանապես փայլում էր իմ գրած լոզունգը, եւ արդեն սպաներն ու զինվորներն ինձ մատով էին ցույց տալիս, իրար ականջի փսփսալով, որ ես եմ էդ լոզունգի հեղինակն ու զորամասի նոր նկարիչը: Առավոտվա իննին դեռ քսան րոպե կար, բայց մենք մեր փորձնական նվագն արդեն պլատցում սկսել էինք, եւ ստորաբաժանումների հրամանատարներն արդեն մեր փորձնական նվագի տակ փորձնական քայլեցնում էին իրենց զինվորներին, ու հիմա՝ հենց էս պահին, երբ առավոտվա գրածս էս էջն «Առավոտում» նստած ընթեռնելի ձեռագրով արտագրում եմ, որպեսզի Անժիկը կարողանա կարդալ ու մուտքագրել, ահա վերստին ականջներս լցված են զինվորական մեր նվագախմբի հնչյուններով ու սապոգների խրոխտ ձայներով, ու եթե էս պահին անցյալիս մեջ ավելի խորը խրված ու ընկղմված լինեի, միգուցե գլխի էլ չընկնեի, որ ականջներիս մեջ էս պահին ո՛չ թե մեր էն նվագախմբի հնչյուններն են, այլ՝ այսօրվա անկախացած Հայաստանի բանակի Ցիրկի գնդի զինվորական նվագախմբի հնչյուններն ու մեր ազգային զինվորների սապոգների խրոխտ դոփյունները, ու էս ձայներն ինձ հասնում ու սենյակ են լցվում «Առավոտի» տասնհինգերորդ հարկի պատշգամբից՝ իրենց ռիթմի մեջ առնելով ինձ ու իմ էս գրածս: Երբ ստորաբաժանումների հրամանատարները մեր փորձնական նվագի տակ սկսեցին փորձնական քայլեցնել իրենց զինվորներին, մենք արդեն գիտեինք, որ յոթս էլ ընդգրկված ենք իններորդ ստորաբաժանման մեջ, եւ երբ մեր իններորդ ստորաբաժանման պետ լեյտենանտ Նովոսելցեւն սկսեց մեր նվագի տակ քայլեցնել մեր ստորաբաժանման զինվորներին, մենք, ի պատիվ մեր ստորաբաժանման, սկսեցինք ավելի ուժգին ու ավելի խրոխտ նվագել, բայց դա առանձնապես չփոխեց մեր ստորաբաժանման զինվորների ու անձամբ Նովոսելցեւի տրամադրությունը, ու հատկապես մեր ստորաբաժանման զինվորներն ու անձամբ լեյտենանտ Նովոսելցեւն էին մեզ ատելությամբ ու զզվանքով նայում, եւ նրանց էդ ատելությունը միանգամայն հասկանալի էր, որովհետեւ նրանք ամիսներ շարունակ նոր ու թարմ աշխատուժի էին անհամբեր սպասել, բայց հիմա, ի դեմս մեզ, միանգամայն անպետք ու անաշխատ մի նվագախումբ էին իբրեւ համալրում ստացել, եւ մեզ հատկապես թշնամաբար ու ատելությամբ էին նայում մեր իններորդ ստորաբաժանման այն երեքը, որոնց երկու օր առաջ հրամայված էր շալակած քարշ տալ մեր վերմակներն ու ներքնակները: Երբ բոլոր ստորաբաժանումները մեկ առ մեկ մեր փորձնական նվագի տակ փորձնական քայլեցին ու պրծան, իննին դեռեւս հինգ էր պակաս, ու արդեն զինվորներն ու սպաները շուրջկալել էին մեզ ու զարմացած հայացքներով զննում էին մեզ ու մեր փայլփլուն գործիքները, եւ իրենց հետաքրքրասիրությունն ու զարմացած հայացքները միանգամայն հասկանալի էին, որովհետեւ առանձին վերցրած մեր էդ հրթիռային հույժ գաղտնի զորամասում բոլորն էլ առաջին անգամ էին էդքան մոտիկից նվագողներ ու նվագախումբ տեսնում: Երբ Շկարուպետան ու Կարավանը հայտնվեցին, բոլորը վազելով զբաղեցրին իրենց տեղերը, եւ միայն դեմբելներից մի քանիսը չվազեցին ու չափազանց դանդաղ էին մոտենում իրենց ստորաբաժանումներին, եւ ամենադանդաղընթացը հենց Շաբլովսկին էր, որը ոչ միայն մեր փորձնական նվագի տակ չէր քայլել, այլեւ Կարավանի ու Շկարուպետայի հայտնվելուց հետո էլ առանձնապես չէր շտապում քայլել եւ չափազանց դանդաղ սահքով ոչ թե մեր իններորդ ստորաբաժանմանը մոտեցավ, այլ ուղիղ կազարմա մտավ, եւ ինքը պլատցում միակն էր, որ ոչ միայն տոնական համազգեստով չէր, այլեւ սապոգներով էլ չէր, ու հագին չինական ընտիր բարցովկաներ էին, ու մենք արդեն գիտեինք, որ ինքն է, որովհետեւ Մացոն մեզ արդեն ցույց տվել ու ասել էր, որ ինքն է, ու մեր չար բախտից ինքը հենց մեր իններորդ ստորաբաժանումում էր ընդգրկված ու ձեւակերպված: Հիմա վերստին առավոտ է, եւ ես վերստին ուշոտ զարթնել եմ ու տանը մենակ եմ, ու, մինչ աղջիկներս դասից ու կինս շուկայից կվերադառնան, ես մտովի կրկին վերադառնում եմ պլատց, եւ որպեսզի վերադարձս բնական ու հիմնավոր լինի, ես նախ հանապազօրյա սուրճս եմ եփում, իսկ այնուհետեւ անջատում եմ հեռախոսը, որովհետեւ առավոտվա տասն անց է, այսինքն՝ դա հենց էն ժամն է, երբ Սամոն հեռախոսով ինձ «Poker»-ի է հրավիրում, իսկ Պետրոսը՝ հեռուստատեսային հաղորդման, իսկ ես, երբ վերսկսում եմ ինչ-որ բան գրել, հավասարապես հրաժարվում եմ «Poker»-ից, հեռուստատեսային հարցազրույցներից եւ ազարտային այլեւայլ բաներից, որովհետեւ դրանք հավասարապես ինձ շեղում են էս պահի իմ ազարտից ու իմ բուն նյութից, ու էս պահի իմ բուն ազարտը, պայմանականորեն ասած, գրականությունն է, ու էս պահին իմ բուն նյութը բանակիս կյանքն է, ու էս պահի պարտավորությունս անցյալիս էդ հատվածին առանց լուրջ կորուստների վերադառնալն է, ու որպեսզի կորուստներս շոշափելի չլինեն, ես փորձում եմ հնարավորինս կենտրոնանալ, եւ որպեսզի կենտրոնանալուս գործընթացը ներդաշնակ գնա, ես սուրճս շատ դառը չեմ արել, որ սուրճիս դառնությունից մտքիս հետընթացը հանկարծ չշեղվի, ու հենց էս տողը գրելիս հիշեցի, որ սուրճի մասին մոտավորապես էսպիսի մի միտք էլ Վանոն ունի գրած, բայց ես, հիշելով էդ հանգամանքը, չեմ փոխում ու չեմ ջնջում էդ տողն ու էդ միտքը, որովհետեւ եթե հեծանիվդ քշվում է, հեչ պարտադիր չի, որ նոր հեծանիվ հնարես, ու եթե սուրճիդ դառնությունը չափավոր է, հեչ պարտադիր չի շաքար ավելացնելը: Ինչեւէ. Շաբլովսկին իր չափազանց դանդաղ ընթացքով կազարմա մտավ եւ ընդհանրապես անհաղորդ մնաց տոնական արարողությանն ու նորակոչիկների պրիսյագին, եւ, ինչպես զգացվում էր, Շաբլովսկու հեռանալը բոլորին ու նաեւ Շկարուպետային եւ Կարավանին էր ձեռնտու, ու դա առաջին հերթին հենց Շաբլովսկին էր հասկանում, եւ դա էր պատճառը, որ շնագայլի պես պոչը քաշեց ու դանդաղ հեռացավ. մեծահոգաբար պլատցը մեզ ու բոլորին զիջելով՝ ինքն իրեն տեղափոխեց կազարմա: Կարավանն ու Շկարուպետան դիտմամբ շատ դանդաղ էին մոտենում պլատցին եւ հընթացս աչքերի պոչերով հետեւում էին Շաբլովսկու դանդաղ ու օձագալար ընթացքին՝ վերջինիս, փաստորեն, հնարավորություն ու ժամանակ տալով, որ պլատցն ազատի միջոցառման համար, եւ Շաբլովսկու օձագալար ընթացքին աչքերի պոչերով հետեւող Կարավանն ու Շկարուպետան հենց Շաբլովսկու անցանկալի ներկայությունից էին անհանգիստ, եւ երբ Շաբլովսկին դանդաղ սահքով կազարմայի դռանը հասավ, Շկարուպետան ու Կարավանն արագացնելով իրենց քայլերը՝ մոտեցան մեր նվագախմբին ու մեզ մեկ առ մեկ ձեռքով բարեւեցին, ու մեզ մեկ առ մեկ նախ Շկարուպետան ձեռքով բարեւեց, եւ հետո նոր միայն՝ Կարավանը, ու եթե Շկարուպետան մեզ մեկ առ մեկ ձեռքով չբարեւեր, Կարավանն էլ հաստատ չէր բարեւի, որովհետեւ սովետական բանակում ընդհանրապես եւ մեր էդ գաղտնի զորամասում մասնավորապես ընդունված չէր, որ սպաները շարքայիններին ձեռքով բարեւեին, եւ առավել արտառոց էր, որ ողջ զորամասի պետն ու պետի տեղակալն էին էդ բանն անում, ու էդ բանն արտառոց էր բոլոր ներկաների համար, ու պլատցում ստորաբաժանում առ ստորաբաժանում շարված զինվորներն ու սպաներն առանձնահատուկ ատելությամբ էին մեզ նայում, ու իրենց էդ ատելությունը մենք շատ հստակ էինք մեր զգայարաններով զգում ու մեր ուղեղների բջիջներով ընկալում ու, իրենց էդ ատելությունը զգալով ու ընկալելով, արդեն սկսում էինք երեւակայել մեզ ու արդեն ֆիքստուլ-ֆիքստուլ նայում էինք պլատցում հավասար շարված շարքայիններին ու նույնիսկ սպաներին եւ արդեն մեզ մյուսների աչքերով էինք նայում ու տեսնում եւ, մեզ ներկաների աչքերով նայելով ու տեսնելով, տեսնում էինք նաեւ, որ մենք ոչ թե դեռեւս կարանտինի մեջ գտնվող ինչ-որ նորակոչիկներ ենք, այլ՝ անակնկալ ու հանկարծակի հայտնված այլմոլորակայիններ: Շաբլովսկու ներկայությունից հաջողությամբ ազատված Շկարուպետան ու Կարավանն արդեն միանգամայն ինքնավստահ քայլերով մոտեցան տրիբունային, որտեղ նրանց արդեն դիք սպասում էր գնդապետ ու շտաբի պետ Եգորովը, որն էլ, մի հսկայական քայլ ընդառաջ գալով Շկարուպետային, աղաղակով տեղեկացրեց, որ զորամասի ողջ անձնակազմը կազմ ու պատրաստ է տոնական հավաքին ու երդման արարողությանը: Շկարուպետայի շնորհավորական ուղերձից անմիջապես հետո մենք սկսեցինք նվագել, եւ զինվորներն ու սպաները սկսեցին խրոխտ քայլել մեր հանդիսավոր «Պրաշչանիե սլավյանկիի» հնչյունների ուղեկցությամբ, եւ ամենախրոխտ քայլողները մուգ կանաչ ու դեռեւս չխունացած համազգեստով մեր պրիզիվի տղերքն էին, այսինքն՝ կարանտինի տղերքը, որոնք առանձին խմբով էին քայլում ու երդման արարողությունից հետո նոր միայն պիտի խառնվեին ու տարրալուծվեին ստորաբաժանումների մեջ: Վեց ամիս ծառայածների քայլքը մի քիչ արդեն տարբերվում էր կարանտինի տղերքի քայլքից եւ պակաս խրոխտ էր, բայց վեց ամիս ծառայածներն իրենց խրոխտությամբ ակնհայտորեն գերազանցում էին արդեն մի տարի ծառայածներին, որոնց համազգեստները չնայած նույնպես տոնական էին, բայց ակնհայտորեն ավելի էին խամրած: Ամենախամրածը դեմբելների համազգեստներն էին, եւ ամենադանդաղը դեմբելների քայլքն էր, ավելի ճիշտ՝ դեմբելները ոչ թե դանդաղ էին քայլում, այլ՝ մի տեսակ ծույլ-ծույլ, ու ընդամենը մե՛զ էր թվում, թե դանդաղ են քայլում, որովհետեւ եթե իրականում իսկապես դանդաղ քայլեին, նախ՝ հետ կմնային ընդհանուրի քայլքից, եւ երկրորդ՝ իրենց քայլերը չէին բռնի մեր «Պրաշչանիե սլավյանկիի» ռիթմերին, բայց, փաստորեն, արդեն տարիուկես ծառայածների քայլքը մեկին մեկ համընկնում էր մեր ռիթմերին, ու իրենք էլ իրենց էդ դանդաղ թվացող քայլքով հեչ հետ չէին մնում մյուսներից: Երբ զորամասի ողջ անձնակազմը մեր «Պրաշչանիե սլավյանկիի» տակ պլատցում մի ամբողջ շրջան կատարեց-պրծավ, սկսվեց երդման արարողությունը: Կարանտինի նորակոչիկները հերթով մոտենում էին տրիբունայի մոտ տեղադրված ամբիոնին եւ հանդիսավոր կարդում էին բանակայինի ու զինվորականի երդման տեքստը, եւ յուրաքանչյուրի երդման արտասանությունից հետո մենք նվագում էինք մեր «Պրաշչանիե սլավյանկիի» ամենաառաջին կտորը, եւ դա, փաստորեն, մեր տուշն էր, ու էդ մեր տուշերն ու երաժշտական կարճատեւ միջամտությունները Բախվա Բուրչուլաձեի իմպրովիզացիոն տաղանդի արգասիքն էին, այլապես մենք էդ երդման արարողության ողջ ընթացքում պիտի պարապսարապ կանգնեինք ու մնայինք՝ մեր պարապությամբ ու լռությամբ շեշտելով ու նկատել տալով մեր պարապ եւ միգուցե ավելորդ գոյությունը: Առաջին երեք նորակոչիկների երդման ժամանակ հենց էդպես էր, ու մենք շիվարած իրար էինք նայում, որովհետեւ զգում էինք պլատցում մեր ավելորդ լինելը, բայց մենք մեր «Պրաշչանիե սլավյանկիից» զատ ուրիշ որեւէ մեղեդի չգիտեինք, ու հենց էդ երրորդ երդումից անմիջապես հետո Բախվան իր էդ առաջարկն արեց, ու Կիրովաբադցին էլ անմիջապես համաձայնվեց, որովհետեւ ինքն էլ էր զգում իրավիճակի ողջ անհարմարությունն ու անհեթեթությունը, եւ չորրորդ երդվողի երդումից անմիջապես հետո միանգամայն պարզ դարձավ, որ երդումների էդ արանքներում անակնկալ հայտնված հենց մեր տուշերն են մեր փրկությունը, եւ եթե Բախվայի էդ հանկարծակի ու տեղին առաջարկությունը չլիներ, երեւի մեր նվագախմբի գոյության ու անհրաժեշտության հարցը նույնիսկ Շկարուպետայի կողմից հարցականի տակ առնվեր, որովհետեւ Բախվայի հայտնագործած էդ, ուրեմն, տուշերը րոպեն մեկ ներկաներին ու հատկապես Շկարուպետային հիշեցնում էին մեր գոյության ու մեր գոյության անհրաժեշտության մասին, ու էդ չորրորդ երդումից հետո մենք, փաստորեն, քսանյոթ անգամ կրկնեցինք Բախվայի բստրած էդ, ուրեմն, տուշերը, եւ մի քանի երդում անց մեր էդ տուշերն արդեն մեր «Պրաշչանիե սլավյանկիից» միանգամայն անկախ իրողություն ու գոյություն էին եւ, ուղիղ քսանյոթ անգամ կրկնվելով, ոչ մի անգամ նույնությամբ չկրկնվեցին եւ ուղիղ քսանյոթ անգամ վերաիմաստավորվելով վերարտադրվեցին, որովհետեւ Բախվան մեկումեջ իր ֆլեյտան փոխարինում էր ալտով, որն առավոտվա անակնկալ արեւի ներքո մեր մյուս գործիքներից շատ ավելի զիլ էր շողշողում ու պսպղում ոչ միայն էն պարզ պատճառով, որ մեր նվագախմբի միակ նոփնոր ու յուղը վրան գործիքն էր, այլեւ էն պատճառով, որ Բախվայի էդ նոփնոր ու չօգտագործված ալտը Մացոն առավել էր փայլեցրել ու պսպղացրել: Եվ ահա Բախվան իր էդ ամենեւին չօգտագործված ալտը հնարավորինս օգտագործում ու մեր «Պրաշչանիե սլավյանկիի» շրջանակներից դուրս հավելյալ խաղեր էլ էր տալիս, ընդ որում՝ հավելյալ խաղեր էր տալիս ոչ միայն իր էդ նոփնոր ու չօգտագործված գործիքով, այլեւ՝ իր միանգամայն օգտագործված ֆլեյտայով, ընդ որում՝ ոչ միայն Բախվան էր խաղեր տալիս, այլեւ՝ Ազատանցին ու Կիրովաբադցին, ընդ որում՝ խաղեր էին տալիս ոչ միայն իրենց գործիքներով, այլեւ՝ աչքունքով, եւ իրար աչքով ու ունքով նշաններ տալով՝ երեւի գերագույն հաճույք էին ստանում իրենց իսկ իմպրովիզներից ու իմաստավոր շեղումներից, ու երեւի իրենց էդ շեղումների ողջ իմաստն ու նշանակությունը միայն իրենք էին խորապես զգում ու ընկալում, որովհետեւ իրենք իսկական վարպետներ էին ու ողջ հոգով էին ապրում իրենց էդ բոլոր շեղումները: Գլուխ քսանհինգերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել