Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻ

Հուլիս 16,2005 00:00

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի համատեղ տնտեսական ծրագրերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու շահագործումը բերել է մի քանի հետեւանքների: Առաջին՝ այդ պահից սկսած տարածաշրջանի վերահսկողությունը, Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի կողմից, ձեռք է բերում գործնականում անդառնալի բնույթ: Երկրորդ՝ պաշտոնական Բաքուն պետք է գիտակցի, որ այսուհետեւ ղարաբաղյան հակամարտության ուժային մեթոդներով կարգավորման մասին մտածելն անգամ ավելորդ է: Երրորդ՝ Բաքվի համար պետք է պարզ լինի նաեւ, որ նավթամուղի շահագործումից հետո ժողովրդավարության հարցերում Արեւմուտքի հետ առեւտուրն այլեւս տեղին չէ: Չորրորդ՝ թե նավթամուղի կառուցումը եւ թե Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության մասին համաձայնագրի ստորագրումը հարվածում է Հայաստանի շահերին, որը դուրս է մնում միջազգային տնտեսական ծրագրերից: «Ուժեղացած Ադրբեջանը ձեռնամուխ կլինի իր տարածքային ամբողջականության վերականգնմանը եւ ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա կարծիք հայտնեց նաեւ, որ տնտեսական զարգացումը հնարավորություն կտա լուծել եւ տարածաշրջանում գոյություն ունեցող այլ էթնիկական տարաձայնություններ: «Նավթի վաճառքից առաջացած եկամուտը պետք է շահույթ բերի երկրի բոլոր քաղաքացիներին, Ադրբեջանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի դա»,- հայտարարեց Ալիեւը: Ի դեպ, նշենք, որ միջազգային շուկայում ադրբեջանական նավթի գինն աճել է 1.8 դոլարով: Բաքու-Սուփսա երթուղով արտահանվող Azeri light մակնիշի նավթի գինն աճել է 1.6 դոլարով, իսկ Urals-ը, որը տեղափոխվում է Նովոռոսիյսկ՝ 2 դոլարով: Իր հերթին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ «Բաքու-Ջեյհան ծրագրի իրագործումն առաջին հերթին Ադրբեջանի եւ իր համախոհների, որոնցից է Վրաստանը, գեոքաղաքական հաղթանակն է: Վրաստանի մասնակցությունը տրանսպորտային միջանցքին եւ այլ տարածաշրջանային ծրագրերի իրագործումը լրջորեն փոխում է ուժերի քաղաքական տեղաբաշխումը: Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եւ Կարս-Ախալքալաք երկաթգծի գործարկման հետ իրադրությունն էլ ավելի կփոխվի, եւ այդ փոփոխությունները կբերեն ծաղկման ու տարածաշրջանի երկրների անկախության ամրապնդման»: Ինչպես հայտնի է, հայտարարվել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի մրցույթ: Ծրագրի հաստատումից հետո կստեղծվի թուրք-վրաց-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն, որն իր վրա կվերցնի երկաթգծի շինարարությունը եւ նրա հետագա շահագործումը: Ծրագրված երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում է 258 կմ, որի 160 կմ-ն բաժին է ընկնում Ախալքալաք-Մարաբդա երկաթգծին: Այդ ճանապարհի մոտ 30 կիլոմետրը կանցնի Ջավախքի շրջանով: Կարս-Ախալքալաք երկաթգծի նախագծային արժեքը կազմում է մոտավորապես 400 մլն դոլար: Այժմ քննարկվում է նաեւ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի հարցը: Այս ծրագիրը, որը գնահատվել է 600 մլն դոլար, նույնպես շրջանցում է Հայաստանը եւ կհանգեցնի մեր երկրի ավելի բազմակողմանի շրջափակմանը: Փորձագետները հաշվարկել են, որ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը 5 տարվա ընթացքում հնարավոր կլինի դարձնել շահութաբեր միայն այն դեպքում, եթե նրանով բեռնափոխադրման ծավալը տարեկան կազմի 20մլն տոննա: Իսկ նման ծավալ հնարավոր կլինի ապահովել, եթե այդ գիծը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հաղորդակցման միակ ուղին լինի: Այսինքն՝ ստացվում է, որ ծրագրի նախաձեռնողները շահագրգռված չեն Կարս-Գյումրի երկաթգծի գործարկման մեջ, որը, լինելով նոր մայրուղու այլընտրանք, կխոչընդոտի նրա գնողունակությանը: Մի՞թե սա նշանակում է, որ Մոսկվային, որպես ծրագրի նախաձեռնողներից մեկը, ձեռնտու է Հայաստանի շրջափակումը: Ինչպե՞ս չհիշել Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերներից է: ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել