Փորում են ու փորում Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակիչներից մեկը փորում է շենքի տակը: Եվ արդեն 2 տարի է՝ բնակիչներն ահը սրտներում ապրում են՝ սպասելով, որ մի օր իրենց շենքը փուլ է գալու: Այդ շենքի բնակիչների պատմելով, ամբողջ լարվածությունը սկսվել է 2003-ից, երբ շենքի 4-րդ բնակարանի սեփականատերը՝ Արա Մովսեսյանը, որոշել է շենքի տակ մոտ 3 մետր խորությամբ նկուղի պես մի բան փորել ու ինչ-որ օբյեկտ սարքել՝ խախտելով սեյսմակայունության հիմքերը: Այդ ժամանակ բնակիչներից մեկը՝ Ռոբերտ Սահակյանը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է, մի քանի անգամ իջել է ներքեւ ու տեսել, որ շենքի 20 սմ հաստություն ունեցող միջնորմները, 2 սենյակների միջնապատը, կրող պատերը քանդել են, հատակն ընդհանրապես չկա, հիմքն էլ երեւում է: «Ամբողջ 5 հարկանի շենքի ծանրությունը ընկած է ճկված միջհարկային ծածկի երկաթբետոնե սալիկի (պանելի) վրա, որը կարող է քանդվել, որովհետեւ չգիտենք, թե ինչ որակի է»,- «Առավոտին» ասաց ճարտարապետը: Բնակիչների այս եւ նմանատիպ բողոքներից հետո քաղաքապետարանի համապատասխան վարչությունը 2003-ի հոկտեմբերի 7-ին ստիպված է եղել որոշում կայացնել՝ դադարեցնելու շինարարական աշխատանքները, քանի որ որոշ թերություններ, այնուամենայնիվ, նկատել է: Բայց այս տարի գարնանը սեփականատերը նորից սկսել է բուռն շինարարություն իրականացնել: Բնակիչների պատմելով՝ փոխանակ դրանից հետո պատերն ամրացնող միջոցներ ձեռնարկեին ու հետլիցք անեին, արդեն մոտ 150 բեռնատար մեքենա հող են դուրս բերել շենքի տակից, ամբողջ գրունտը հանել են: Ի դեպ, սեփականատերը Կենտրոն թաղապետարանից ունի 4-րդ բնակարանի հատակատակի նիշի (նշված չէ՝ քանի մետր) իջեցման թույլտվություն: Սեփականատերն էլ մինչ օրս հա փորում է ու փորում: Նոր սեփականատիրոջ շինարարության նախագիծը քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից գաղտնի է պահվում: «Մեր գրավոր դիմումները մնում են անպատասխան, թույլ չեն տալիս այդ փաստաթուղթը մեր հաշվին պատճենահանել, իսկ այցելությունների ժամանակ տալիս են միայն մի քանի րոպեով տեղում աչքի անցկացնել ու վերադարձնել: Մեզ պարզապես պետք էր անկախ փորձագետի կարծիքը՝ սեյսմակայունության հիմքերի եւ քաղաքաշինական նորմերի խախտումների մասին»,- բողոքեցին բնակիչները: Պարոն Սահակյանի անձնական դիտարկման համաձայն, նկուղային հարկերն անպայման պետք է ունենան միջհարկային ծածկ, բայց «շինարարներն արել են մետաղական կոնստրուկցիաներ, որոնք տվյալ շենքին հարմար չեն եւ ավելի շատ բացասական հետեւանք են թողնում շենքի ամրության վրա, որովհետեւ կոնստրուկցիաները չեն համաձուլվում շենքի ընդհանուր կոնստրուկցիաների հետ, աշխատում են առանձին»: Տարեցներն անհանգստացած են, որ կարող է գիշերային ակումբ կամ բար լինի, աղմուկից չկարողանան քնել. «Առանց այդ էլ՝ մուրճերի ձայնը մեզ ահավոր անհանգստացնում է, վաղ առավոտից սկսում են թխկթխկացնել մինչեւ ուշ երեկո: Բացի այդ, քանի որ ջրի փականները ներքեւում են, մեկ-մեկ բանվորները շենքի ջուրը փակում են ու գնում, մնում ենք առանց ջուր»: Բացի այն, որ բնակիչներին չեն ասում, թե ինչ է կառուցվում ներքնահարկում, այդ մասին ոչինչ գրված չէ նաեւ Կենտրոն համայնքի շինարարության թույլտվության եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքի մեջ. «օբյեկտն» ամենուր անվանված է՝ «հատակատակ»: Այս խնդրով անհանգստացած են ոչ միայն 14, այլեւ հարակից շենքերի բնակիչները, քանի որ շենքը փլվելու դեպքում կվնասվեն նաեւ կողքի շենքերը: Ավելի հեռատեսները այժմվանից հստակ հաշվարկում են իրենց ֆինանսական կորուստները. «Հիմա մեր բնակարաններն արժեն 60-70 հազար դոլար, վթարային դառնալուց հետո մենք այստեղ օր անգամ չենք մնա, պիտի ծախենք, իսկ նման խարխլված շենքում բնակարան գնելու համար 40 հազարից ավելի ոչ ոք չի վճարի»: Երբ իջանք «շինարարությունը» ուսումնասիրելու եւ լուսանկարելու, միայն շինարարներն էին: Քաղաքապետարանից եւ մյուս պատկան մարմիններից ակնկալում ենք պարզաբանումներ: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ