Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՐԾՔԸ

Հուլիս 16,2005 00:00

ԿՈՒՐԾՔԸ ՄԵԾԱՑՆԵԼԸ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ՞ Մեր երիտասարդները շտապում են ազատվել «հայկական քթից» «Շատ հաճախ 50 տարեկան կանայք դիմում են մեզ՝ երիտասարդացնելու պահանջով, ասում են, որ իրենց ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում: Եվ որպեսզի փոքր-ինչ երիտասարդ երեւան, պահանջում են դեմքի կնճիռները հարթեցնել, կուրծքը մեծացնել կամ փոքրացնել, նիհարեցնել: Բայց մոռանում են, որ պլաստիկ վիրաբույժը աստված չէ, եւ որ 50 տարեկանը մնում է 50 տարեկան»,- «Առավոտի» հետ զրույցում պլաստիկ վիրաբուժության հայկական տենդենցների մասին հայտնեց Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը: Կանանց այս ծայրահեղ միջոցին դիմելու դրդում են աշխատանքի ընդունելու մասին հայտարարությունները, որոնք հիմնականում պահանջում են գեղեցիկ արտաքինով, բարձրահասակ, օտար լեզուների իմացությամբ, երբեմն էլ 90-60-90 համամասնությամբ մինչեւ 30 տարեկան կանայք ու աղջիկներ: Բայց եթե պլաստիկ վիրահատության շնորհիվ հնարավոր է վիրահատել քիթը, մեծացնել կամ փոքրացնել կուրծքը, հարթեցնել կնճիռները, ձգել դեմքն ու բարձրացնել ճակատը, ազդրերից եւ մարմնի այլ մասերից հեռացնել ավելորդ ճարպային կուտակումները, ապա տարիքը «սրբագրելու» հարցում ժամանակակից բժշկությունը դեռեւս անզոր է. «Ոչ մի երաշխիք չկա, որ վիրահատությունից հետո իր կյանքը փոխվելու է դեպի լավը, կամ ինքը դրանից հետո լավ աշխատանք է գտնելու: Նման ակնկալիքներ ունեցող պացիենտին չպետք է հուսախաբ անել ու վիրահատել: Վիրահատությունից հետո ինքն իր կյանքի սոցիալական պրոբլեմները, միեւնույն է, չի լուծելու: Գուցե ինքն արդյունքից գոհ մնա, բայց եթե իր խնդիրը չլուծվի, կամա թե ակամա կապելու է վիրահատության հետ: Պատահում է, երբ բժիշկի հետ հոգեբանական զրույցից հետո ոմանք հրաժարվում են «երիտասարդանալու» մտքից»,- պարզաբանեց պարոն Ստամբոլցյանը: Բայց բժիշկը նրբանկատորեն կարծում է, որ «եթե մեր գործին զուտ բիզնեսի տեսանկյունից մոտենանք, վերցնենք ու բոլոր մեզ դիմած մարդկանց վիրահատենք, կունենանք այն, ինչ այսօր ունենք: Փողոցով աղջիկ է քայլում, նայում ես, պարզ երեւում է, որ քիթը վիրահատված է: Եթե կողքից նայողը դա պետք է նկատի՝ ավելի լավ է չվիրահատել»: Իսկ հայ կանայք, այդ թվում հայկական շոու-բիզնեսի, կինոյի կին ներկայացուցիչները, պարզվում է, հիմնականում դիմում են կուրծքը ոչ թե մեծացնելու, այլ փոքրացնելու համար, ի տարբերություն հոլիվուդյան աստղերի, որոնք իրենց կրծքի ու հետույքի սիլիկոնները գրեթե թաշկինակի պես են փոխում: Եթե կուրծքը մեծացնելու պահանջով դիմողներ եղել էլ են, ապա, Գ. Ստամբոլցյանի խոսքերով, հիմնականում գիշերային ակումբների ստրիփ-պարուհիները: Բժշկի պրակտիկայում ամենաբացառիկ պահանջն այն է եղել, որ կինը կամ տղամարդը դիմել է սեռը փոխելու համար. «10-15 դեպք գրանցվել է: Ճիշտ է, սեռափոխություն հնարավոր է, բայց մեր օրենսդրությունը դա թույլ չի տալիս»: «Հայկական քթից» ազատվելու համար ամենաշատը դիմում են երիտասարդները, հատկապես՝ աղջիկները: Քթի վիրահատությունը հիվանդին արժենում է 150-200 հազար դրամ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայ տղամարդիկ ավելի հաճախ դիմում են ոչ թե «գեղագիտական» նպատակներով, այլ՝ դեմքի թերությունները վերացնելու: Ըստ Գ. Ստամբոլցյանի, հայ կանայք մի քանի տարի առաջ գեղեցկանալու նպատակով ավելի շատ էին դիմում, քան՝ այսօր: Բժշկի կարծիքով, պատճառն այն չէ, որ ազգը երիտասարդացել է, այլ՝ «մարդկանց հնարավորություններն են մեծացել: Հավանաբար այդ կանայք իրենց արտաքինը այժմ վստահում են միայն արտերկրի բժիշկներին»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել