Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

Հուլիս 16,2005 00:00

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է, ՈՒՐԵՄՆ՝ ԲԱՑԱՌԻԿ Է Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ Ստեփանակերտում հայտարարել է, որ «եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղը դիտել որպես հակամարտության կողմ, դա նշանակում է, որ չի ցանկանում կարգավորել խնդիրը»: Ելույթ ունենալով երեկվա մամլո ասուլիսում՝ Արկադի Ղուկասյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի կարգավիճակն ամրագրվել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթերում եւ արդեն վաղուց ճանաչվել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ հենց Ադրբեջանի կողմից: ԼՂՀ նախագահը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի ներքին խնդիրներին։ «Արմինֆոյի» մատուցմամբ, խոսելով ԼՂՀ նոր խորհրդարանում մասնավորապես ընդդիմության փոքրաթիվ ներկայացուցիչների առկայության մասին, նախագահը նշել է, որ ընդդիմությունը պարտություն է կրել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների ընթացքում, եւ նա պետք է պարտության համար մեղադրի ինքն իրեն՝ դրանից անելով համապատասխան հետեւություններ։ Մեկնաբանելով ընդդիմության թեկնածու Պավել Մանուկյանին առնչվող միջադեպը՝ Արկադի Ղուկասյանը դատապարտել է ինչպես առաջինի վարքագիծը, այնպես էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արձագանքը՝ նշելով, որ օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն: «Ցանկանում եմ ընդգծել, որ միջադեպն անմիջապես հայտնվեց հասարակայնության ուշադրության կենտրոնում, ինչը վկայում է մեր հասարակության համար տվյալ դեպքի բացառիկության մասին»,- ասել է նախագահը՝ նշելով, որ միջադեպի վերաբերյալ որոշում պետք է կայացվի օրենքի շրջանակներում: Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրապետության խորհրդարանի ընտրություններից հետո ծեծի էր ենթարկել ՀՅԴ Արցախի թեւից պատգամավորության թեկնածու Պավել Մանուկյանին, ով իրեն թույլ էր տվել վիրավորել երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել