Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի

Հուլիս 16,2005 00:00

Էլի եկան ու անցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) համատեղ ասուլիսը, որը տեղի ունեցավ երեկ Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, շատ հետաքրքիր մի առանձնահատկություն ուներ: Դա այն է, որ եթե, օրինակ, մեր խմբագրության արխիվից հանենք վերջին 6-7 տարիների ընթացքում համանախագահների նույնատիպ այցերն ու դրանց ավարտին մատուցված ասուլիսները լուսաբանող ցանկացած նյութ, փոխենք ամսաթվերը, տարեթվերն ու տարբեր ժամանակներում փոխարինված համանախագահների անունները, ապա հաջողությամբ այն կարող ենք «սաղացնել» իբրեւ երեկվա թարմ լրատվություն: Դատեք ինքներդ: Ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն ասաց, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում իրենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ «մանրամասն եւ հանգամանորեն քննարկել են հակամարտության ապագա կարգավորման հիմքի առանցքային տարրերը եւ ներկայումս աշխատում են ձեւակերպումների վրա»: Ռուս միջնորդը նշեց նաեւ, որ կողմերի մոտ ինքը տեսնում է փոխզիջումների գնալու պատրաստակամություն: Մերզլյակովի գնահատումներով, միջնորդների այցի գլխավոր արդյունք կարելի է համարել օգոստոսի վերջին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու մասին վերջնական պայմանավորվածությունը, ինչին, ի դեպ, օգոստոսի 23-ին նախորդելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում: Մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հուլիսի 14-ին Ստեփանակերտում ունեցած հանդիպումը՝ Մերզլյակովն ասաց. «Մեզ համար, բնականաբար, խիստ կարեւոր է իմանալ ԼՂ ղեկավարության դիրքորոշումը»: Ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննը, իր հերթին, հայտարարեց «լուրջ առաջընթացի հասնելու համար լուրջ հնարավորության» առկայության մասին: Նա նշեց, որ վերջին տարվա ընթացքում հակամարտության կողմերին հաջողվել է նշանակալի առաջընթացի հասնել: Թե ինչքանով է լուրջ այդ առաջընթացը, կարող եք դատել Մաննի հետեւյալ գնահատականից. «Հակամարտությունը կարող է լուծվել ինչպես այս տարի, այնպես էլ 100 տարի հետո»: Մի խոսք էլ Բեռնար Ֆասյեից: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասաց, թե որեւէ կանխատեսում չի կարող անել այն մասին, թե ինչպես կանդրադառնան բանակցային գործընթացի վրա Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, իսկ Հայաստանում՝ Սահմանադրության ընդունման հարցով անցկացվելիք հանրաքվեն: Ըստ նրա, տեսականորեն դրանք մեկը մյուսի հետ կապ չունեցող հարցեր են, սակայն որեւէ մեկը չի կարող մարգարեանալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Տ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել