Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրի

Հուլիս 16,2005 00:00

Արաբկիրի ոստիկանապետի ախորժակը Հերթը հասավ Քանաքեռի անտառներին 33 տարվա պատմություն ունեցող Քանաքեռգէսի բանավանի այգու ցանկապատված մոտ 1000 մետր քառակուսի այս հատվածն այլեւս անհասանելի է: Մեկ տարի առաջ այստեղ կտրվեցին ծառերը: Այսօր արդեն շինարարություն է ընթանում: Կառուցվում է Արաբկիրի ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանի առանձնատունը: Ապարանքը կառուցվում է անտառի ետնամասում: Այսինքն՝ ոստիկանապետը իր դղյակը ելք ու մուտք անելու համար այգու կածանները նույնպես պետք է բարեկարգի՝ իր մեքենայի լայնությունը հաշվի առնելով: Բանավանի բնակիչները, իհարկե, փորձել են բողոքել: «Եկան ծառերը կտրեցին՝ մի-երկու անգամ խոսեցինք, կռիվ արեցինք՝ հաջորդ օրը բռնեցին, տարան ծեծեցին: Հիմա էլ ո՞վ ռիսկ կանի դուրս գա մի բան ասի: Ճիշտ խոսելու համար գաղութ են տանում, բռնապետություն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատմում էին բանավանի բնակիչները: «Այգու էս ծայրից էն ծայրը չէր երեւում… հիմա էլ ի՞նչ, արդեն ուշ է, պրծավ…»,- հուսահատությունից եւ անճարակությունից այսպես են խոսում մարդիկ: 1950-ական թվականներից բանավանի բանվորների ջանքերով ստեղծված այս այգին տարիներ շարունակ խաղատեղի է եղել հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների համար: Եվ ոչ միայն՝ «Ծառեր էին, մաքուր օդ, հով, մարդիկ հավաքվում նստում, հանգստանում էին, ժամանակ էին անցկացնում: Հիմա մանկապարտեզի երեխեքին արգելել են այստեղ բերել, մեծերն էլ ռիսկ չեն անում: Էսօր էստեղ են ծառերը կտրել շինարարություն անում, ի՞նչ երաշխիք, որ վաղն էլ 50 մետր այն կողմ չեն կտրի: Բա տուն են սարքում, վաղն էլ գարաժ կուզեն, տան առաջ բասեին ու չգիտես ինչ կուզեն»,- պատմում են իշխանություններից հուսախաբ եղած ու «կյանքից՝ անզորությունից ու անճարակությունից հոգնած» մարդիկ: Ի դեպ, ընթացող շինարարությանը կից մոտ 500 մետր քառակուսի տարածքում, որտեղ նույնպես ծառերը կտրված են, խոտերն ու թփերն էին այրել: Հավանաբար հերթական շինարարությունն են նախապատրաստում: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել