ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ՄԵՆ-ՄԵՆԱԿ Այսպես տեսավ իր տեղը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Ազատություն» ռ/կ-ին եւ «Առավոտին» տրված հարցազրույցում: Հանրաքվե հանրաքվեի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողնե րը վկայակոչելով բանակցային գործընթացի գաղտնիությունը՝ հրաժարվեցին մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու տարբերակի քննարկման մասին արտահոսքը, փաստորեն՝ հաստատելով այն: Սակայն Սամվել Բաբայանը հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է գնահատում այդ տարբերակը, որ առաջիկա 10-15 տարում ԼՂ-ում անցկացվի հանրաքվե, հայկական ուժերի վերահսկողության տակ մնա միայն Լաչինը, իսկ մնացած հողերը վերադարձվեն Ադրբեջանին՝ հանրաքվեի անցկացմանը համաձայնության փոխարեն, պատասխանեց. «Ընդհանրապես համաձայն չեմ նման տարբերակին, որ հիմա տարածքները տանք, իսկ 15 տարի հետո Ադրբեջանը կարող է ասել, թե համաձայն չէ հանրաքվեի անցկացմանը: 15 տարի հետո այնքա՜ն բաներ կարող են փոխվել աշխարհում… Իսկ եթե միայն Լաչինի միջանցքով է ապահովելու կապը Ղարաբաղի հետ՝ դա շատ խնդիրներ կառաջացնի մեզ համար. ցանկացած գյուղական բախման պառճառով այդ ճանապարհն էլ կարող է փակվել, եւ Ղարաբաղը կհայտնվի օղակի մեջ»: Այսինքն՝ բավարար չի՞ համարում միջազգային երաշխիքները, որոնք Ադրբեջանին պիտի պարտավորեցնեն ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ եւ չգիտեմ, թե ինչ մեխանիզմ է առաջարկվում,- պատասխանեց պրն Բաբայանը:- Բայց երաշխիքն այն կլիներ, որ այդ տարածքները, որտեղ 15 տարի անց անցկացվելու է հանրաքվե՝ գտնվեին Եվրամիության կամ մեկ այլ կառույցի միջազգային մանդատի ներքո, որը կկրեր որոշակի պատասխանատվություն»: Փոխզիջմանը սկզբունքորեն համաձայնելով՝ Սամվել Բաբայանն առարկություն հայտնեց վերադարձվելիք տարածքներից առնվազն մեկի առնչությամբ՝ խոսքը Քելբաջարի մասին էր. «Ամբողջ Ղարաբաղն իր ջրային պաշարներով սնվում է Քելբաջարից: Եվ նման տարածքն Ադրբեջանի հսկողությանը հանձնելուն համաձայն չեմ: Չեմ ցանկանում առավել մանրացնել եւ նշել այլ դրդապատճառներ էլ»: Հարցին ի պատասխան, թե մտավախություն չունի՞, որ 10-15 տարի անց կարող է նաեւ փոխված լինել ԼՂ ժողովրդագրական պատկերը եւ այլ կլինեն հանրաքվեի արդյունքները՝ պրն Բաբայանն ասաց. «Գտնում եմ, թե փաստաթղթով պիտի սահմանվեն տնտեսական օգնություններ եւ այլ միջոցներ, որ պահպանվի ժողովրդագրական պատկերը: Եվ ոչ թե միայն Ադրբեջանը միակողմանիորեն վերադարձնի իր փախստականներին, այլ նաեւ Ղարաբաղի ժողովրդի այն հատվածը, որ բռնի տեղահանվել է Սովետական Ադրբեջանից՝ հնարավորություն ունենա տեղավորվել նույն տարածքում»: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարն այսուհանդերձ վստահություն հայտնեց. «Ղարաբաղի ժողովուրդը չի՛ համաձայնելու այս տարբերակին: Ըստ ժամանակին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը համաձայնագրին իր հավանությունը պիտի հայտնի հանրաքվեով, որից հետո նոր այն կդառնա իրականություն: Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրն է որոշվում, եւ որեւէ մեկն իրեն թույլ չի տա առանց նրա համաձայնության ստորագրել այդ փաստաթուղթը»: Արձագանք մամուլի հրապարակումներին Օրերս մամուլում լուր էր հրապարակվել, թե իշխանությունները բացի բիզնեսի ոլորտում Սամվել Բաբայանին արտոնություններ տրամադրելուց՝ նաեւ ուղղակի ֆինանսական աջակցություն են ցուցաբերում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանի միջոցով: «Ինձ որեւէ մեկը չի տվել որեւէ բիզնես: Չե՛ն կարող մատնանշել նման բան,- ասաց պրն Բաբայանը:- Իսկ Վահրամ Բարսեղյանն էլ չի կարող ինձ ո՛չ ֆինանսավորել, ո՛չ էլ նման հարցեր լուծել ինձ հետ: Ես նրան գիտեի Ղարաբաղում, եւ նաեւ այստեղ, երբ դեռ ղեկավարում էր երիտասարդական կառույցը»: Իր ֆինանսական աղբյուրների մասին նա ասաց. «Ժամանակին ունեցել եմ եւ հիմա էլ ունեմ մեծ կապեր ե՛ւ արտասահմանում, ե՛ւ այստեղ»: Թեեւ Սամվել Բաբայանն ասաց, թե սկզբունքորեն չի անդրադառնալու իր մասին բոլոր հրապարակումներին, սակայն մեր խնդրանքով մեկնաբանեց մի տեսակետ էլ: ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, պատասխանելով «Ազգային միաբանության» հետ Սամվել Բաբայանի համագործակցելու շուրջ լուրերի մասին հարցին, ասել էր. «Ես համոզված եմ, որ իր կայուն եւ լուրջ ընտրազանգվածն ունեցող «Ազգային միաբանությունը» երբեւէ այլեւս Սամվել Բաբայանի հետ չի միանա, որովհետեւ Բաբայանի հետ կապված դեռ չպարզված ու մութ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը հանրությունն այդպես էլ չստացավ»: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե չգիտի՝ Էմմա Խուդաբաշյանն ի՞նչ «մութ» հարցեր նկատի ունի. «Կցանկանայի, որ յուրաքանչյուրը նման հարցերի մասին խոսելիս արտահայտվեր ավելի պարզ եւ հստակ: Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը որեւէ կառույցի կամ կուսակցության հետ՝ իրե՛նք են որոշում, եւ ոչ ես: Ես քաղաքական դաշտում աշխատելու եմ մեն-մենակ: Որեւիցե մեկի դուռը չե՛մ ծեծել եւ չե՛մ ծեծելու»: Պարզաբանեց, թե քաղաքական ուժերի հետ համագործակցելու է բացառապես որոշակի ծրագրային խնդիրների շուրջ: Հարաբերությունները նախագահների հետ Այս զրույցի ընթացքում Սամվել Բաբայանը բացահայտեց, թե հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին. «Բայց զուտ քննարկել ենք առկա խնդիրները եւ իմ տեսակետն եմ հայտնել որոշ թեմաների շուրջ: Հարցեր եմ առաջադրել եւ ստացել դրանց պատասխանները»: Խնդրեցինք մեկնաբանել մեր հրապարակած տեղեկությունը, թե ազատվելուց հետո հեռախոսով շնորհակալություն է հայտնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին ազատ արձակման համար: Ի պատասխան՝ Սամվել Բաբայանն ասաց. «Ես առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնել բժիշկներին, ովքեր ինձ այցելել են բանտում: Նրանք Հայաստանի քաղաքացիներ են: Կգա ժամանակը, եւ այն ամենը, ինչ մութ եք համարում՝ այդ մարդիկ պարզ կասեն հեռուստատեսությամբ: Իսկ Արկադի Ղուկասյանի կապակցությամբ ես չունեմ որեւէ մեկնաբանություն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ