19
տարեկանները ժամանել են Բելֆաստ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում
են Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, ավարտելով տասնօրյա ուսումնամարզական
հատուկ հավաքը, Ֆրանսիայից մեկնել է Հյուսիսային Իռլանդիա՝ Եվրոպայի առաջնության
եզրափակիչի պաշտոնական մրցավայր՝ Բելֆաստ: ՀՖՖ-ի հավաքականների տեխնիկական
տնօրեն Աշոտ Մանուկյանը Բելֆաստից հաղորդել է, որ բոլոր հավաքականները, այդ թվում
եւ Հայաստանինը, հանգրվանել են Եվրոպայի առաջնության եզրափակիչի պաշտոնական՝ «Եվրոպա»
հյուրանոցում: Արդեն մեր ֆուտբոլիստներին են միացել հավաքականի անդամներ Էդել
Ապուլա Էդիմա Բետեն եւ Կառլ Լոմբեն, որոնք «Փյունիկի» կազմում գտնվում էին Ֆինլանդիայում
եւ մասնակցում էին «Հակա»-«Փյունիկ» հանդիպմանը: Ավելի ուշ Հյուսիսային Իռլանդիա
էր ժամանելու նաեւ «Այաքսի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը մինչ այդ երկու հանդիպում
է անցկացրել «Այաքսի» հիմնական կազմում: ՀՖՖ-ի հավաքականների տեխնիկական տնօրենը
տեղեկացրել է նաեւ, որ հավաքականը շատ արդյունավետ ուսումնամարզական հավաք է անցկացրել
Ֆրանսիայում, տղաները շատ լավ մարզավիճակում են եւ արդեն Բելֆաստում, որտեղ մի քանի
օրվա շոգերից հետո վերականգնվել է անձրեւոտ եղանակը, նույն՝ օրական երկու անգամ մարզումային
սխեմայով նախապատրաստվում են եզրափակիչի առաջին հանդիպմանը Նորվեգիայի հավաքականի
հետ, որը տեղի կունենա հուլիսի 18ին, տեղական ժամանակով ժամը 19-ին, Լուրգանոյում:
Անհավասար իրավիճակներ Հուլիսի 14-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության
նախնական ընտրական մրցաշարի առաջին հանդիպումում պարտություն կրեց նաեւ մեր հանրապետությունը
ներկայացնող Աշտարակի «Միկան»: Հանդես գալով Մայնի Ֆրանկֆուրտի «Վալդշտադիոնում»՝
աշտարակցիները չորս անպատասխան գնդակ ընդունեցին դաշտի տերերից՝ «Մայնցից»: Երկու
անգամ՝ 36-րդ եւ 68-րդ րոպեներին, աչքի ընկավ Բենջամին Աուերը, մեկական անգամ՝ Պետեր
Ռումանը՝ 8-րդ րոպեին եւ Նիկոլչե Նովեսկին՝ 58-րդին: Այսպիսով, Հայաստանի
լավագույն երեք թիմերն էլ ՈՒԵՖԱ-ի գավաթային մրցաշարերում անհաջող մեկնարկեցին (մինչ
այդ, հանրապետության չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում Ֆինլանդիայում
0:1 նվազագույն հաշվով զիջել էր «Խակային»): Սակայն, եթե փյունիկցիները հարազատ հարկի
տակ կայանալիք պատասխան խաղում կորցրածը ետ բերելու իրական հեռանկար ունեն, բավականին
լուրջ խնդրի առջեւ են հայտնվել «Բանանցն» ու «Միկան»: «Բանանցից» պահանջվելու է երկու
շաբաթ հետո Թբիլիսիում առնվազն երկու գնդակի առավելությամբ հաղթել «Լոկոմոտիվին»:
Իսկ ահա «Միկայի» հնարավորությունները գրեթե զրոյական են: Որքան էլ ցավալի լինի,
ստիպված ենք ենթադրել, որ գերմանացիները, որ ժամանակակից եվրոպական ֆուտբոլի «օրենսդիրներից»
են, Երեւանում չեն կորցնի հաշվի մեջ տանն արձանագրած շոշափելի առավելությունը: Իսկ
մեզ միայն կմնա հուսալ, որ հայ մարզասերները «Հանրապետական» ստադիոնում լավագույն
դեպքում աշտարակցի ֆուտբոլիստների գեղեցիկ խաղ կարող են ակնկալել: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ