Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ ազգափրկիչ դաշի՞նք

Հուլիս 16,2005 00:00

Որի կազմում նաեւ հայ արիներն են

Հայաստանում գործող քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, հայրենակցական միություններից, բարեգործական միավորումներից եւ անհատ անձանցից ամիսներ առաջ ձեւավորված Ազգային արժեքների պաշտպանության համակարգող դաշինքը (ԱԱՊՀԴ) այսուհետեւ սահմանադրությամբ չարգելված բոլոր միջոցներով պայքար է մղելու հակահայկական գործունեություն իրականացնող ներքին եւ արտաքին ուժերի դեմ: Երեկ Ժուռնալիստի տանը կայացած ասուլիսում հայտարարեցին դաշինքի անդամները:

Դաշինքի պատասխանատու քարտուղար Իշխան Թովմասյանը խոստովանեց, որ իրենք թեեւ ամենակարող չեն, բայց ուժերի ներածին չափով իրավական, պատմական հիմնավոր փաստերով պահանջելու են, որպեսզի հատկապես Եվրախորհրդի պատկան ատյաններում ճանաչեն, դատապարտեն եւ ընդունեն հայոց ցեղասպանությունը, թույլ չեն տալու քաղաքական օրակարգում շրջանառվող ԼՂՀ-ի մի քանի շրջանների վերադարձը: Նաեւ պահանջելու են ԱԺ-ից վերանայել Եվրախորհրդի պարտադրած հայ ազգի մտածողությանն ու էությանը անհարիր օրենքները (սոցիալական քարտերի, աղանդավորության մասին), իսկ ընդունվելիք օրենքների մասով պահանջելու են մինչեւ վերջնական որոշման ընդունումը օրենքների նախագծերը քննարկել հասարակական տարբեր շրջանակներում եւ հաշվի առնել ազգի մեծամասնության կարծիքը: Ըստ դաշինքի անդամների, ազգին առնչվող նմանատիպ օրենքները պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեների միջոցով:

Բացի այդ, դաշինքն ակտիվ մասնակցություն է ունենալու սահմանադրական բարեփոխումների քննարկումներին, որպեսզի ընդունվի առավել հայամետ նախագիծ: Սակայն պրն Թովմասյանը խոստովանեց, որ իրենք այնքան էլ տեղյակ չեն ներկայումս քննարկվող նախագծից: «Դրանից տեղյակ են միայն Եվրախորհուրդն ու Տիգրան Թորոսյանը»,- ավելացրեց նա:

Դաշինքը մտադիր է նաեւ պայքարել հանուն կոռուպցիայի եւ աղքատության վերացման եւ սեփականաշնորհման անվան տակ կատարված օտարումների դեմ: Բանախոսների կարծիքով, ռազմավարական նշանակության հիմնարկ-ձեռնարկությունները պետք է լինեն պետության հսկողության ներքո: Ասուլիսի կազմակերպիչները ուշադրություն են դարձնելու նաեւ ծնողազուրկների, հաշմանդամների եւ անապահով ընտանիքների խնդիրներին: Իսկ այդ ամենը, ինչպես հասկացվեց, պետք է արվի առայժմ «խաթրով», քանզի, կազմակերպիչների հավաստմամբ, իրենք հայրենասեր ընկերներ ունեն եւ ընդդիմության, եւ իշխանության օղակներում, ուստի փորձելու են նրանց հետ միասին ստեղծել մի ուժ, որը տարբեր միջոցներով կթուլացնի քաղաքական լարվածությունը եւ երկիրը զերծ կպահի ներքին ցնցումներից ու արտաքին բացասական ուժերից: Եթե այս ճանապարհով դաշինքը հաջողության չհասնի, կկիրառի սահմանադրությամբ չարգելված բոլոր միջոցները, «իսկ այն մեծ հնարավորություն է տալիս, այդ թվում՝ ապստամբություն իրականացնելու»:

Մինչեւ օգոստոսի 15-ը դաշինքը կանցկացնի իր համագումարը, այնուհետեւ կդիմի արդարադատության նախարարություն՝ գրանցվելու:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել