Պնդում են ապագա իրավաբանները
Իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովին երեկ ափսոսանքով նկատեցինք, որ չեն մասնակցում ստաժավոր իրավաբաններ, դատավորներ, արդարադատության ոլորտի աշխատակիցներ: Ուսանողները հանդես եկան դատական համակարգի ներկա վիճակի գնահատմամբ, անգամ առաջարկներ արեցին այն բարելավելու ուղղությամբ: Գիտաժողովը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը: Ուսանողուհի Արմինե Ավետիսյանի խոսքը վերաբերում էր հենց դատական բարեփոխումներին: Նրա գնահատմամբ, գործադիր իշխանություններից կախյալ դատարանը չի կարող պաշտպանել քաղաքացիների իրավունքները: Ա. Ավետիսյանի դիտարկմամբ, կալանքի սանկցիա կամ քրեական հետապնդում իրականացրած դատավորը չպետք է մասնակցի տվյալ գործի հետագա դատաքննությանը: Ուսանողուհու կարծիքով, Արդարադատության խորհրդի անդամ դարձած դատավորները ԱԽ ժամանակահատվածում չպետք է դատավոր աշխատեն եւ ժամանակն է, որ առաջին ատյանի դատավորները մասնագիտանան կամ քրեական, կամ էլ քաղաքացիական գործերում:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մեկ այլ ուսանող՝ Հայկ Կարապետյանի կարծիքով էլ, «դատական բարեփոխումներն ընթացան այլ ուղիով, չուսումնասիրվեցին առկա ռեսուրսները»: Զեկուցողը առաջ քաշեց մի հիմնախնդիր, որին անդրադառնում են նաեւ թերթերը. քաղաքացիական եւ քրեական զինվորական գործերով վերաքննիչ դատարանը գտնվում է մայրաքաղաքում: Հետեւաբար, Մեղրու, Կապանի, Գորիսի, հեռավոր մարզերի բնակիչների համար ստեղծվել է դժվարություն՝ իրենց վերաքննիչ բողոքի քննության ժամանակ մայրաքաղաք հասնելու համար: Ուսանողն առաջարկում էր «մասնաճյուղեր կամ վերաքննիչի նստավայրեր ստեղծել մարզերում»: Հ. Կարապետյանը կողմ էր նաեւ, որ առաջին ատյանի դատարանները «տրոհվեն հաշտարար դատարանների», որտեղ պիտի լսվեն համեմատաբար փոքր ծավալի քաղաքացիական գործերը:
Ապագա իրավաբան Արմեն Գեւորգյանի խոսքը, թերեւս, տպավորիչներից մեկն էր: Նա գտնում էր, որ դատարանները պետք է լինեն ապաքաղաքական, քաղաքական միջամտություններից զերծ: Նա նաեւ անդրադարձավ ԶԼՄ-ների՝ դատական գործընթացներին մասնակցությանը եւ, ի տարբերություն գործող դատավորների եւ մեղադրողների, գտնում էր, որ ԶԼՄ-ները նպաստում են դատավարության թափանցիկությանը եւ հրապարակայնությանը. «Լրատվամիջոցներին հաճախ խոչընդոտում են, որովհետեւ դատավորները եւ մեղադրողները գործը պատշաճ չեն ուսումնասիրում եւ ահ ունեն, թե ԶԼՄ-ները դա կնկատեն»:
Մեկ այլ ապագա իրավաբանի՝ Խաչիկ Հարությունյանի կարծիքով էլ, «կախյալ դատարանը անաչառ չի կարող լինել»: Ներկայացնելով մեր դատական համակարգը, նա նկատեց, որ գրեթե նմանակել ենք ֆրանսիականին, սակայն մի բան հաշվի չենք առել: Նա գտնում էր, որ պետք է փոխվի դատավորների նշանակման ընթացակարգը, իսկ Արդարադատության խորհրդում դատավորների կողքին խորհրդակցական ձայնի իրավունքով պետք է լինեն նաեւ փաստաբաններ: Անդրադառնալով Սահմանադրական դատարանին եւս, նա գտնում էր, որ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք պետք է ունենան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ տեղական ինքնակառավարման մարմինները:
Ուսանող Պերճ Խաչատրյանն էլ ակնարկեց դատավորների կախվածությունը դատախազներից: Նրա մոտեցմամբ, մեր դատարաններում խախտվում է արդար դատաքննության իրավունքը, իսկ դատավորները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե ներքին համոզմամբ, այլ կողմնակի ազդեցություններով: Նա նույնպես կողմ էր, որ Արդարադատության խորհրդում դատավորների հետ միասին լինեն նաեւ փաստաբաններ: Գիտաժողովը հովանավորել էր Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակը, իսկ «Բուկինիստ» գրատունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ լավագույն ուսանողական զեկույցի համար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ