Ռուսաստանն
ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի համատեղ տնտեսական ծրագրերին
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու շահագործումը բերել է մի քանի
հետեւանքների: Առաջին՝ այդ պահից սկսած տարածաշրջանի վերահսկողությունը, Արեւմուտքի
եւ հատկապես ԱՄՆ-ի կողմից, ձեռք է բերում գործնականում անդառնալի բնույթ: Երկրորդ՝
պաշտոնական Բաքուն պետք է գիտակցի, որ այսուհետեւ ղարաբաղյան հակամարտության ուժային
մեթոդներով կարգավորման մասին մտածելն անգամ ավելորդ է: Երրորդ՝ Բաքվի համար պետք
է պարզ լինի նաեւ, որ նավթամուղի շահագործումից հետո ժողովրդավարության հարցերում
Արեւմուտքի հետ առեւտուրն այլեւս տեղին չէ: Չորրորդ՝ թե նավթամուղի կառուցումը եւ
թե Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության մասին համաձայնագրի ստորագրումը հարվածում
է Հայաստանի շահերին, որը դուրս է մնում միջազգային տնտեսական ծրագրերից: «Ուժեղացած
Ադրբեջանը ձեռնամուխ կլինի իր տարածքային ամբողջականության վերականգնմանը եւ ղարաբաղյան
հակամարտության արդարացի լուծմանը»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա կարծիք հայտնեց նաեւ, որ տնտեսական զարգացումը հնարավորություն կտա լուծել եւ
տարածաշրջանում գոյություն ունեցող այլ էթնիկական տարաձայնություններ: «Նավթի վաճառքից
առաջացած եկամուտը պետք է շահույթ բերի երկրի բոլոր քաղաքացիներին, Ադրբեջանի կառավարությունը
կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի դա»,- հայտարարեց Ալիեւը: Ի դեպ, նշենք, որ միջազգային
շուկայում ադրբեջանական նավթի գինն աճել է 1.8 դոլարով: Բաքու-Սուփսա երթուղով արտահանվող
Azeri light մակնիշի նավթի գինն աճել է 1.6 դոլարով, իսկ Urals-ը, որը տեղափոխվում
է Նովոռոսիյսկ՝ 2 դոլարով: Իր հերթին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին
հայտարարեց, որ «Բաքու-Ջեյհան ծրագրի իրագործումն առաջին հերթին Ադրբեջանի եւ իր
համախոհների, որոնցից է Վրաստանը, գեոքաղաքական հաղթանակն է: Վրաստանի մասնակցությունը
տրանսպորտային միջանցքին եւ այլ տարածաշրջանային ծրագրերի իրագործումը լրջորեն փոխում
է ուժերի քաղաքական տեղաբաշխումը: Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եւ Կարս-Ախալքալաք
երկաթգծի գործարկման հետ իրադրությունն էլ ավելի կփոխվի, եւ այդ փոփոխությունները
կբերեն ծաղկման ու տարածաշրջանի երկրների անկախության ամրապնդման»: Ինչպես հայտնի
է, հայտարարվել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի մրցույթ:
Ծրագրի հաստատումից հետո կստեղծվի թուրք-վրաց-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն,
որն իր վրա կվերցնի երկաթգծի շինարարությունը եւ նրա հետագա շահագործումը: Ծրագրված
երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում է 258 կմ, որի 160 կմ-ն բաժին է ընկնում
Ախալքալաք-Մարաբդա երկաթգծին: Այդ ճանապարհի մոտ 30 կիլոմետրը կանցնի Ջավախքի շրջանով:
Կարս-Ախալքալաք երկաթգծի նախագծային արժեքը կազմում է մոտավորապես 400 մլն դոլար:
Այժմ քննարկվում է նաեւ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի հարցը: Այս ծրագիրը, որը գնահատվել
է 600 մլն դոլար, նույնպես շրջանցում է Հայաստանը եւ կհանգեցնի մեր երկրի ավելի բազմակողմանի
շրջափակմանը: Փորձագետները հաշվարկել են, որ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը
5 տարվա ընթացքում հնարավոր կլինի դարձնել շահութաբեր միայն այն դեպքում, եթե նրանով
բեռնափոխադրման ծավալը տարեկան կազմի 20մլն տոննա: Իսկ նման ծավալ հնարավոր կլինի
ապահովել, եթե այդ գիծը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հաղորդակցման միակ ուղին լինի:
Այսինքն՝ ստացվում է, որ ծրագրի նախաձեռնողները շահագրգռված չեն Կարս-Գյումրի երկաթգծի
գործարկման մեջ, որը, լինելով նոր մայրուղու այլընտրանք, կխոչընդոտի նրա գնողունակությանը:
Մի՞թե սա նշանակում է, որ Մոսկվային, որպես ծրագրի նախաձեռնողներից մեկը, ձեռնտու
է Հայաստանի շրջափակումը: Ինչպե՞ս չհիշել Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ
Հայաստանը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերներից է: ԴՄԻՏՐԻ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ