Լրահոս
Օրվա լրահոսը

Տանգո՝ նախարարի հետ

Հուլիս 16,2005 00:00

Ուշացած
ռեպորտաժ բազեական ճամբարից Երկուշաբթի բացվելու է «Բազեների» հերթական հավաքը
եւ այդ առիթով հիշեցի անցած ամառը: 2004-ին Դիլիջանում անցկացված «Բազե» համահայկական
երիտասարդական հավաքին, «Առավոտ» օրաթերթից, որպես լրագրող, 10 օր ապրեցի բազեականի
կյանքով: Օգոստոսի 4-ին բազեների «Կապույտ ճակատ» այցի եկավ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանը: Նրան դիմավորելու նախապատրաստական փուլը դաժան էր կազմակերպիչների
համար: Չնայած անձրեւոտ եղանակին, ասֆալտն ավլելուց բացի, հրահանգված էր ավլել նաեւ
խոտերը: Նախարարի գալու առիթով վառվեց խարույկ, հնչեց երաժշտություն եւ ես չէի կարող
ինձ զրկել նախարարի հետ տանգո պարելու հաճույքից, նրան պարի հրավիրեցի: Ու չնայած
մեր տանգոն մեկ տարվա վաղեմություն ունի, մարդիկ մինչ օրս շարունակում են ինձ հարցնել,
թե ինչ էինք խոսում եւ ինչու էինք այդքան ուրախ: Մեկ տարի համառորեն լռում էի: Բայց
կարծում եմ, նախարարը դեմ չի լինի, որ հիմա՝ մեկ տարի անց, խախտելով լռությունը,
մեր զրույցից ներկայացնեմ որոշ մանրամասներ: Հենց այդ օրը «Առավոտը» մեկնաբանություն
էր գրել «Բազե» հավաքի մասին եւ բոլոր բազեականները դժգոհ էին ինձնից: Ասեմ, որ Սերժ
Սարգսյանն անդրադարձավ այդ հրապարակմանը: Սկզբում հետաքրքրվեց՝ ո՞ր բուհն եմ ներկայացնում:
Պատասխանեցի, որ լրագրողների ջոկատից եմ, «Առավոտի» թղթակից: Նա ժպտաց ու հարցրեց,
թե ինչո՞ւ մեր թերթը չի խրախուսում այս հավաքը եւ օրինակ բերեց հիշյալ մեկնաբանությունը:
Մանրամասն պատմեց ինձ նյութի բովանդակությունը, հետո մանրամասն վերլուծեց: «Սփյուռքից
երիտասարդները գալիս են, տեսնում իրենց հայրենիքը, շփվում տեղի երիտասարդության հետ՝
արդյո՞ք դա վատ է»,- ասաց նա: Ես խոստովանեցի նախարարին, որ ինքս այստեղ ինձ շատ
լավ եմ զգում: Մեր զրույցից ես հասկացա, որ նախարարն «Առավոտին» վատ չի վերաբերվում,
քանի որ նա հետաքրքրվեց, թե ինչպես են առավոտցիները տոնել իրենց 10-ամյակը (2004-ի
օգոստոսի 1-ին): Եվ ափսոսանք հայտնեց, որ եթե հյուրեր չունենար, սիրով կմիանար մեզ:
Տանգոյի վերջում պայմանավորվեցինք հանդիպել «Առավոտի» 15-ամյակին: Ակնկալում եմ,
որ նախարարի հետ մեր երկրորդ տանգոն կպարենք հենց այդ օրը: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ Հիշեցնենք, որ «Առավոտում» հրապարակված կարծիքները
կամ մեկնաբանությունները (նաեւ խմբագրի կողմից գրված) որեւէ ձեւով չեն ազդում թերթի
գերակշիռ մասը կազմող տեղեկատվական բնույթի նյութերի (լուրերի, հարցազրույցների,
ռեպորտաժների) վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել