Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Հուլիս 16,2005 00:00

Ասում
է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները
շարունակում «պինգ-պոնգ» խաղալ Վենետիկի հանձնաժողովի հետ եւ չեն ընդունում այս կառույցի
առաջարկները: – Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կրում է ընթացիկ
աշխատանքային բնույթ: Գործող Սահմանադրությունը, որ բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը,
կյանքի, հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, բարեփոխումների կարիք
է զգում եւ գիտեք, որ այն նաեւ ներառված է ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների
մեջ: Երկրի Հիմնական օրենքը մեկ օրում փոխել հնարավոր չէ, այն բարդ ու պատասխանատու
գործընթաց է, որտեղ իրենց լուծումը պետք է ստանան բազմաթիվ սկզբունքային՝ իրավական
կամ քաղաքական խնդիրներ: Սա նշանակում է կարծիքների համադրում եւ բախում, սա նշանակում
է երկարատեւ լուրջ քննարկումներ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերում
է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, ապա դրանք գերազանցապես ներառված են
այն աշխատանքային նախագծի մեջ, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին: –
Այն, ինչ հուլիսի 7-ին ուղարկվել է վենետիկցիներին՝ համապատասխանո՞ւմ է Սահմանադրությունը
ժողովրդավարացնելու պահանջին: – Վենետիկի հանձնաժողով ուղարկված Սահմանադրության
նախագիծը լուրջ լրամշակված փաստաթուղթ է: Ասել, որ ամբողջ աշխատանքն ավարտված է,
ճիշտ չի լինի, քանի որ կան ճշգրտման ենթակա տարաբնույթ իրավական ու խմբագրական հիմնադրույթներ:
Բայց որ ներկայացված նախագիծը էականորեն բարեփոխված է՝ փաստ է: Ես ցանկանում եմ անդրադառնալ
հատկապես այն հիմնարար կետերին, որոնց վերաբերյալ հարցադրումներ էր արվել եւ ընդդիմության,
եւ միջազգային հանրության կողմից: Առաջին առանցքային խնդիրը վերաբերում է իշխանության
թեւերի տարանջատմանը, հակակշիռների եւ զսպումների արդյունավետ համակարգ ձեւակերպելուն:
Ըստ նախագծի՝ ՀՀ նախագահը վարչապետ կարող է նշանակել միայն խորհրդարանական մեծամասնության
վստահությունը վայելող անձի, ավելին՝ նախագահը այլեւս չի կարող ազատել վարչապետին
կամ կառավարությանը՝ առանց Ազգային ժողովի համաձայնության: Սա բավականին կարեւոր
բարեփոխում է, որով մեծանում է Ազգային ժողովի դերը եւ օրենսդիր իշխանությունը դառնում
է էական հակակշիռ: Կարեւոր եմ համարում նաեւ դատական իշխանության ոլորտում կատարված
բարեփոխումը, համաձայն որի՝ այսուհետեւ դատական իշխանությունը դառնում է գործադիր
իշխանությունից անկախ. արդարադատության խորհուրդը ձեւավորվում է 13 անդամից, ինը
ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովում, երկուսին նշանակում է Ազգային ժողովը,
երկուսին՝ հանրապետության նախագահը: Արդարադատության խորհրդի նիստերը նախագահում
է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի: Սրանք նույնպես կարեւոր
բարեփոխումներ են: Երրորդ խումբը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը. Սահմանադրության
նախագծում հստակ գրված է, որ Երեւանը համայնք է: Իսկ համայնքների ղեկավարները ընտրվում
են: Այսինքն՝ սպառիչ լուծում է տրված քաղաքապետի ընտրովիության խնդրին: –
Եթե ընդդիմությունը որոշի չմասնակցել փոփոխությունների գործընթացին, ինչպե՞ս եք համոզելու
ԵԽ-ին, որ Հայաստանում կա քաղաքական համաձայնության մթնոլորտ, չէ՞ որ նաեւ դա է պահանջվում
ՀՀ իշխանություններից: – Իմ գործառույթների մեջ չի մտնում որեւէ մեկին որեւէ
բան համոզելը, առավել եւս՝ Եվրոպայի խորհրդին: Այն մասնագիտացված քաղաքական կազմակերպություն
է եւ, վստահ եղեք, որ բավականաչափ տեղեկացված է թե՛ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների,
թե՛ յուրաքանչյուր քաղաքական ուժի դիրքորոշման մասին: Առանց մեզ էլ՝ իրենք իրենց
տեսակետներն ունեն եւ դրանց հիման վրա էլ ձեւավորում են իրենց դիրքորոշումը: –
Հնարավոր համարո՞ւմ եք, որ սահմանադրական հանրաքվեն դառնա իշխանափոխության սկիզբ:
– Ես արդեն ասել եմ, որ ընդամենը մեկուկես տարի հետո Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են եւ անհրաժեշտություն չկա նոր իշխանափոխությունների: Սահմանադրական
հանրաքվեի հաջողությամբ բոլորս պիտի շահագրգռված լինենք: Մենք պիտի ունենանք բարեփոխված
սահմանադրություն, որը բխելու է մեր շահերից, միեւնույն ժամանակ՝ կատարենք Հայաստանի
կարեւորագույն պարտավորություններից մեկը: Սահմանադրական փոփոխությունները նշանակում
են դրական բարեփոխումներ նաեւ մեր օրենսդրության մեջ: Ի վերջո՝ չպետք է մոռանալ,
որ վատ օրենքները լավ հնարավորություն են ստեղծում չարաշահումների եւ ապօրինությունների
համար: Չեմ կարծում, որ սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ իշխանափոխության
սկիզբ, դրա հաջողության համար պետք է համակողմանի քարոզչություն լինի, որպեսզի հանրաքվեի
արդյունքները համապատասխանեն ժողովրդի իրական ցանկություններին: Մենք չպետք է գնանք
որեւէ ընտրական գործընթաց կեղծելու ճանապարհով, ճանապարհ, որը հիմք է ներքաղաքական
ցնցումների համար: Հայաստանի ապագան ազատ ընտրություններն են, ոչ թե ճնշումները,
ընտրողների կամքի կամայական չարաշահումները, որը նշանակում է ճանապարհ դեպի անցյալ
եւ ոչ թե ապագա: Մի ճանապարհ, որի դեմ կպայքարենք ոչ միայն մենք եւ մեզ նման մտածող
բազմաթիվ քաղաքական ուժեր, այլ նաեւ ողջ ժողովուրդն ու միջազգային հանրությունը:
Ի վերջո՝ բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են ժողովրդավարական բարեփոխումներին՝ առաջացնում
են անխուսափելի հեղափոխություններ, որովհետեւ աշխարհը զարգանում է դեպի առաջ եւ այս
մրցակցային ու հարափոփոխ պայմաններում մեզանից պահանջվում է լինել առավել սթափ, հավասարակշռված
եւ նախաձեռնող բարեփոխումների խորացման գործընթացում, որը միտված է լինելու մեր երկիրը
տեսնելու քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում, որը նշանակում է ազատ, մրցունակ տնտեսություն,
բաց, թափանցիկ եւ հանդուրժող հասարակություն: – ԶԼՄ-ներում արդեն շրջանառվում
է ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տարբերակ, ըստ որի՝ վերադարձվում են ազատագրված
հինգ շրջանները, 10 տարվա ընթացքում Ղարաբաղում անցկացվում է հանրաքվե եւ այլն: Ծանո՞թ
եք այս տարբերակին: – Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ տեղի են ունենում
բանակցություններ, ժամանակից շուտ հրապարակային դիրքորոշումներ արտահայտելը, մանավանդ
ԱԺ նախագահի կողմից, տեղին չեմ համարում, որովհետեւ այն կարող է վնասել բանակցային
գործընթացին: Բայց փաստ է, որ նկատելի է աշխուժությունը եւ կան դրական միտումներ
խնդիրը կարգավորելու համար: Իմ կարծիքով՝ Հայաստանի համար կարեւոր է երկու հիմնական
սկզբունք՝ նախ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության խնդիրը, եւ երկրորդը՝ հարցը
պետք է լուծվի փոխադարձ զիջումներով: Ցանկացած փոխզիջում չպետք է լինի մեր ժողովրդի
արժանապատվության եւ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերված հաղթանակի հաշվին:
Կարծում եմ՝ մենք պետք է հնարավորն անենք ռազմի դաշտում ձեռք բերած հաղթանակը դիվանագիտական
հաջողությամբ ավարտելու համար: Մենք պետք է գիտակցենք, որ միակողմանի պահանջներ ներկայացնելով՝
խնդիրը լուծել հնարավոր չէ: Այն պետք է լուծվի երկու կողմերի համար ընդունելի մեխանիզմներով:
Բացի այդ՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը ժամանակին
հանդես են եկել համատեղ քաղաքական հայտարարությամբ, որի հիմնական թեզերն արդիական
են մնում նաեւ այսօր: Ինչ վերաբերում է հինգ շրջաններին կամ հանրաքվեին, ժամանակից
շուտ պետք չէ եզրակացություններ անել: Երբ կհստակեցվեն մոտեցումները՝ կտրվեն հստակ
քաղաքական գնահատականներ այդ մոտեցումներին: Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել