«Արդարություն» խմբակցության հերթական հայտարարությունը
Երեկ տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի նիստը, որն ընդունեց ոչ թե դաշինքի, ինչպես սպասվում էր, այլ «Արդարություն» խմբակցության հայտարարությունը սահմանադրական փոփոխություններին դաշինքի մասնակցության եւ վերաբերմունքի մասին: Իսկ այդպես եղավ այն պատճառով, որ դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը դրսեւորեց հատուկ վերաբերմունք: «Հանրապետությունը» շարունակեց պնդել, որ հարկավոր է միանշանակ «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, նույնիսկ, եթե դրանք լավը լինեն: Իսկ դաշինքի անդամ մյուս կուսակցությունները իրենց հերթին չթաքցնելով բացասական վերաբերմունքն այս իշխանությունների եւ սահմանադրությունը բարեփոխելու նրանց, ըստ դաշինքի՝ կեղծ մղումների նկատմամբ՝ որոշեցին, որ ավելի ճիշտ կլինի մի փոքր եւս ձգել, մինչեւ ամբողջությամբ եվրոպական կառույցների համար էլ անվիճելի ճշմարտություն կդառնա այն իրողությունը, որ Հայաստանի իշխանությունները բացարձակապես մտադիր չեն ոչ սահմանադրություն փոխել, ոչ էլ՝ առավել եւս, ժողովրդավարացնել այն: «Արդարություն» խմբակցության երեկվա հայտարարության մեջ ասվում է, որ «Արդարությունը» պատրաստ է մասնակցել եւ սահմանադրության բարեփոխումներին ուղղված այլ առաջարկություններ ներկայացնել, եթե իշխանությունները լիարժեք իրացնեն ընդդիմության կողմից ներկայացված սկզբունքները: «Արդարությունը» վերահաստատում է իր կողմից արված բոլոր նախորդ պահանջները եւ հնարավոր կեղծիքները կանխելու նպատակով առաջարկում է մինչեւ սահմանադրական հանրաքվեի անցկացումը «վերանայել «ԸՕ»-ն, մասնավորապես՝ սահմանելով ընտրական հանձնաժողովների քաղաքականապես հավասարակշռված կազմի ձեւավորման կարգը: Պատասխանատվության ենթարկել նախորդ ընտրություններում կեղծիքներ եւ բռնություններ իրականացրած անձանց: Վերանայել ընտրացուցակները՝ ընտրողների ուռճացված թվերն իրականին հասցնելու համար: Հանրաքվեի ներկայացվելիք փոփոխությունների նախագծի մասին բնակչությանը պատշաճ իրազեկում իրականացնելու համար երաշխավորել լրատվամիջոցներով, հատկապես՝ Հանրային հեռուստատեսությամբ, բազմակարծության ապահովումը եւ «Ա1+» հեռուստատեսությանը եթերի տրամադրումը: Նշված ուղղություններով առարկայական քայլեր կատարել մինչեւ նախագծի երկրորդ ընթերցումը»: Հայտարարության վերջին կետում նշված է, որ «Արդարությունը» հասնելու է երկրում համակարգային բարեփոխումների իրականացմանը եւ օրինական իշխանության հաստատմանը:
Այս հայտարարությանը համաձայն չէին Արշակ Սադոյանը եւ «Հանրապետությունը», որոնք իրենց հատուկ դիրքորոշումն ունեն:
Մասնակցելո՞ւ է խմբակցությունը օգոստոսի 29-ի ԱԺ արտահերթ նիստին: Մեր այս հարցին ի պատասխան, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն ասաց. «Խնդիր չէր դրված քննարկել այդ հարցը: Ես անձամբ համարում եմ, որ դեռ վաղ է նման հարց քննարկելը: Երբ մեզ կներկայացվի այն տեքստը, որը դրվելու է քննարկման, մենք ըստ այդ տեքստի կորոշենք նաեւ մասնակցության հարցը»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կարծիքը երեկվա նիստից հետո հետեւյալն էր. «Մենք մեր հայտարարությունն ունեինք, որը եւս քննարկվեց, քննարկումը քաղաքական էր: Հայտարարությունների տեքստից դուրս եկանք համաձայնության, որ այսօրվա իշխանությունները որեւէ ռեսուրս չունեն երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, եւ որեւէ մեկը պատրանք չունի, եւ ընդդիմությունը ամբողջությամբ հասկանում է իշխանությունների կողմից խորամանկ ծուղակը, որը նա պատրաստում է ընդդիմության համար»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ