Լրահոս
Օրվա լրահոսը

Թափանցիկության

Հուլիս 15,2005 00:00

Թափանցիկության համար գումար չի՞ նախատեսվում Եթե փորձեք կրթական ոլորտի վարկային ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալ, դրանք ինտերնետում հայերեն չեք գտնի: Դրանք անգամ ԿԳ նախարարության ինտերնետային էջում զետեղված չեն: Մինչդեռ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկավորվող պետական ծրագրերը պետք է իրականացվեն 100 տոկոսանոց թափանցիկության պայմաններում: Այսինքն՝ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի դրանց ընթացքի, կատարված յուրաքանչյուր լումա ծախսի, իրականացնողների մասին իրավունք ունի ստանալ ամբողջական տեղեկություններ: Փորձեցինք սրանում համոզվել կրթական ոլորտի վարկային ծրագրերի օրինակով: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արդեն ավարտվել է «Կրթական համակարգի կառավարման» ծրագիրը եւ այժմ ընթացքի մեջ է «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագիրը: Վերջինիս իրականացման գրասենյակի տնօրենը՝ Կարինե Հարությունյանը հայտնեց, որ. «ծրագրով ինտերնետային էջի համար գումար նախատեսված չէ»: Այդ ծրագրերը, դրանց նկարագրությունները, հնարավոր կամ փաստացի արդյունքների մասին որոշ տեղեկություններ կան միայն Համաշխարհային բանկի ինտերնետային էջում, այն էլ՝ անգլերեն լեզվով: Շարքային ուսանողը, մանկավարժը չի կարող իրեն հետաքրքրող բոլոր տեղեկություններն ստանալ: ՀԲ հայաստանյան ներկայացուցչության արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը նշեց. «Մեզ էլ են դիմում այնպիսի հարցերով, որոնց պատասխանները հանգիստ կարելի էր ստանալ գրասենյակներից»: Մինչդեռ, օբյեկտիվորեն հարկ է նշել, որ ՀԲ հայաստանյան ներկայացուցչության մի քանի հոգանոց անձնակազմը պարզապես ի վիճակի չի լինի մեծ հետաքրքրության դեպքում բավարարել ողջ «պահանջարկը», եւ պարտավոր էլ չի: Այս ամենի առնչությամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրթական ոլորտի համար հատկացվող վարկային ծրագրերի մասին բնակչությունը, այդ թվում՝ ուսանողները, ծնողները, իրազեկ չեն: Նրանց ստացած տեղեկատվությունը խիստ կցկտուր է, չկանոնակարգված, մինչդեռ քաղաքացուն հետաքրքրող կոնկրետ վարկային ծրագրի մասին ամբողջական՝ փուլ առ փուլ տեղեկատվություն, այսօր որեւէ տեղ, ներառյալ ԿԳ նախարարության ինտերնետային էջը, զետեղված չէ: Այնինչ, կառավարությունը ստանում է տվյալ դեպքում կրթության բարեփոխումների նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարների վարկեր, ինչը ենթադրում է, որ կառավարությունը պետք է ապահովի բացարձակ հրապարակայնություն»: Լ. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել