Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ապացուցելու բեռը պատասխանողի վրա է

Հուլիս 15,2005 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Դատական ալիք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող
Ջուլիետա Ամիրխանյանի հայցի քննությունը ընդդեմ արվեստի վետերան, թոշակառու Ռիա Ռեւազյանի:
Դատարան էր ներկայացել վերջինիս ներկայացուցիչ Լիլիթ Ծատինյանը, որը խնդրեց
հետաձգել դատական նիստը՝ հայցին ծանոթանալու համար: Դատավոր Վազգեն Լալայանը թեեւ
նրան տրամադրեց 15 րոպե ժամանակ, սակայն մոտ 40 րոպե տեւեց, մինչեւ կողմը կծանոթանար
այն հայցին, որի հիմքում դրվել էր պատասխանողի նամակը՝ ուղղված հանրապետության նախագահին,
արդարադատության նախարարին, իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին: Այս
հայցն ուշագրավ է նրանով, որ առաջին անգամ լրագրողը փորձում է դատական ատյանի միջոցով
հրապարակավ հերքել իր մասին տարածված տեղեկությունները: Ջ. Ամիրխանյանը պնդեց հայցը
եւ գտնում էր, որ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվել է «լկտի սուտ պարունակող
տեղեկությունների պատճառով»: Թոշակառուն իր տարածած նամակներում Ամիրխանյանին, մասնավորապես,
մեղադրել էր, որ նա եւ իր դատավոր ամուսինը «ունեն BMW-ներ»: Անդրադառնալով
Ամիրյան 15 շենքի բնակիչների իրավունքների ոտնահարման խնդրին, ըստ թոշակառուի, Ջ.
Ամիրխանյանը եւ նրա ամուսինը «ցանկանում էին այդ տարածքի վրա կառուցել ավտոտնակներ»:
Կենսաթոշակառուն մեղադրում էր նաեւ «Դատական ալիքին», որ «երկրում թշնամանք են ավելացնում»
եւ որ ինքը «ներքաշվել է բավական մեծ խարդավանքի մեջ»: Պատասխանողի ներկայացուցիչ
Լիլիթ Ծատինյանը նախ հայտարարեց, որ իրենք դիմել են «համապատասխան մարմիններին»՝
ներքոշարադրյալը հիմնավորելու համար, սակայն դեռ իրենց հարցման պատասխանները չկան:
Հավանաբար դա էր պատճառը, որ Ջ. Ամիրխանյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեջլումյանը
դատարանին միջնորդեց կիրառել արագացված դատաքննություն, քանի որ, ըստ նրա, «ակնհայտ
է, որ կողմը ինչ-ինչ խնդիրներ է հետապնդում, իսկ նիստերի ձգձգումը խախտում է Ամիրխանյանի
դատական արդյունավետ պաշտպանության իրավունքը»: Միջնորդությունը մերժվեց: Ջ.
Ամիրխանյանը եւ նրա ներկայացուցիչը գտնում էին, որ փաստերի ապացուցման պարտականությունը
ընկնում է պատասխանողի վրա: Իսկ պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ծատինյանը իր պատասխան
խոսքը սկսեց նրանով, թե դատարանում վիճարկվում է «Դատական ալիքը» ֆարս է» պնդումը
եւ դիմեց դատարանին՝ համապատասխան փորձագիտություն անցկացնել: Պատասխանողը խոստացավ
ներկայացնել Ջ. Ամիրխանյանի մեքենայի լուսանկարը: Ի դեպ, նամակի մեջ նա նշել էր հոգնակի
թվով՝ «BMW-ների» մասին: Անդրադառնալով Ամիրյան 15 շենքի բնակիչների խնդրին, պատասխանողը
մեղադրանք էր հնչեցրել, որ Ջ. Ամիրխանյանը գումարներ է տվել բնակիչներին, որպեսզի
վերջիններս աղմկեն: Դատարանում պատասխանողը ասաց. «Այդ մասին ասում են բնակիչներից
մի քանիսը»: Ամիրյան 15-ի բնակիչները բուռն արձագանքեցին պատասխանողի այս հայտարարությանը,
իսկ արդյունքում նրանցից մեկը՝ Նոնա Գաբուզյանը հեռացվեց նիստերի դահլիճից: Դատավորի
կողմից զգուշացվեց նաեւ հայցվորը՝ Ջուլիետա Ամիրխանյանը՝ «դատական նիստը խանգարելու
համար»: Դատական նիստից հետո պատասխանող կողմը աճապարեց եւ չպատասխանեց մեր
հարցերին, իսկ հայցվորը «Առավոտին» հայտնեց, որ այս դատական հայցով դրված է ոչ միայն
իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցը, այլեւ Ամիրյան 15 շենքի բնակիչների,
որոնք փորձել են իրենց իրավունքները պաշտպանել «Դատական ալիք» ծրագրի շրջանակներում:
Նիստը կշարունակվի հուլիսի 22-ին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Պատասխանող կողմը փորձեց մեղադրանքի պես հնչեցնել այն, որ «Ֆեմիդա» հ/կ-ի սեմինարները
եւ «Դատական ալիքը» չեն նպաստում անկախ դատական համակարգի ձեւավորմանը: Հայցվորի
ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատարանի ուշադրությունը հրավիրեց
այն հանգամանքի վրա, որ պատասխանողը դուրս է գալիս հայցի շրջանակներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել