Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԵՌԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 15,2005 00:00

Սփյուռքահայ
երիտասարդների փափագը հայրենիքի հասարակական գործունեությանը մասնակցելն է Հունիսի
19-ից օգոստոսի 23-ը Երեւանում են գտնվում մի խումբ սփյուռքահայ կամավորներ, որոնց
հնարավորություն է տրվել աշխատել եւ պրակտիկա ձեռք բերել Հայաստանում: Նրանք Հայաստան
են ժամանել ԱՄՆ-ում գործող «Դեպի Հայք» կազմակերպության նախաձեռնությամբ եւ պատրաստ
են, ըստ պայմանագրի, 30 ժամ աշխատել: Շաբաթական երկու օր նրանց համար կազմակերպվում
են նաեւ հայերենի դասընթացներ: Հյուրերի հետ հարցազրույցից պարզ դարձավ, որ
Սփյուռքում էլ ամեն ինչ հիանալի չէ: Եվ ինչպես ամենուր, այնտեղ էլ կան խնդիրներ,
հակասություններ, որոնց անմիջական մասնակիցները հենց հայերն են: Լյուդեր Դավիթ
Սահակյանը ծնվել է Բոստոն նահանգում, սակայն ներկայումս բնակվում է Բեռլինում: Նա,
խոսելով Բեռլինի հայ համայնքի մասին՝ այն որակեց «մեռած համայնք»: Լյուդերը պատմում
է, որ այնտեղ մոտ 50%-ը թուրքահայեր են կամ, որ նույնն է՝ թուրքացված հայեր, որոնք
նույնիսկ խուսափում են հայերի հետ առնչությունից, քանզի չեն ցանկանում խնդիրներ ունենալ
իրենց թուրք միջավայրի հետ: Եվ հիմնականում առեւտրական կապեր ունեն հենց Թուրքիայի
հետ: Իսկ թուրքերի թիվը Բեռլինում մեծ է՝ մոտ 2,5 մլն: Մինչդեռ հայերի թիվը չի գերազանցում
40 հազարը: Իսկ որ ամենացավալին է, 2001-ից հայ համայնքը բաժանվել է, այսպես կոչված՝
եկեղեցական եւ ոչ եկեղեցական խմբերի: «Տարանջատվելու պատճառը հիմնականում տեր հոր
ընտրությունն էր, որ հիասթափեցրեց մյուս հավակնորդներին: Վերջիններս էլ խռովություններ
առաջացրին համայնքում»,- նշեց Լյուդերը: Բեռլինում չի գործում ոչ մի հայկական
եկեղեցի: Իսկ ժողովներն ու հանդիպումներն անցկացվում են ամիսը մի քանի անգամ՝ այլ
եկեղեցիներում: Լյուդերը գտնում է, որ «մեռած ու պառակտված» լինելու պատճառը մեծ
մասի՝ առաջնորդ, ղեկավար լինելու ձգտումն է, որը թույլ չի տալիս հաշվի նստել դիմացինի
հետ: Հակառակ հայկականի, թուրքական եւ ադրբեջանական համայնքները գործում են մեծ ակտիվությամբ:
Այսօր նրանք հրապարակել են հակահայկական բավականին շատ հոդվածներ, գրքեր, նկարներ,
որոնցով ամեն կերպ ձգտում են ապացուցել, որ ցեղասպանությունը իրականացվել է հայերի
կողմից: Այս ամենի դեմ աչք է փակել նույնիսկ Գերմանիայի հայկական դեսպանատունը: «Դեսպանատան
աշխատակիցները չեն տիրապետում նույնիսկ գերմաներենին եւ, բնականաբար, ակտիվություն
դրսեւորել չեն կարող»,- հավելեց երիտասարդը: Բեռլինում կա հայկական մի թերթ,
որը լույս է տեսնում տարեկան 3-4 անգամ, այն էլ գերմաներեն: Թերթի հիմնադիրը գերմանացի
Հովհաննես Լյեպսիուսն է: Իսկ հայոց լեզվի պահպանման համար, ինչպես Լյուդերը նշեց,
ընդամենը շաբաթական 2-3 օր անց են կացվում դասընթացներ տարրական դասարանների մակարդակով:
Բեռլինի համեմատ, շատ ավելի ակտիվ ու գործունյա է Բոստոնի հայ համայնքը: Այս
մասին փաստեց Բոստոնի նահանգի Ուոթերթաուն քաղաքի բնակչուհի Սաբին Չուլճյանը: Սակայն
այնտեղ էլ կան խնդիրներ, որոնցից կարեւորագույնը, ըստ Սաբինի, հայոց լեզվի դուրս
մղումն է առօրյայից: Չնայած Ուոթերթաունում կա մեկ հայկական դպրոց, սակայն պարզվում
է, դա բավարար չէ հայերենի պահպանման համար: «Երեխաները ավարտելով դպրոցը՝ ուսումը
շարունակում են անգլերեն, տանը նույնպես խոսում են անգլերեն, որն էլ պատճառ է հանդիսանում
հայերենի մոռացության»,- նշեց Սաբինը: Հայկական եկեղեցիները Բոստոնում 4-ն են: Սակայն
Սաբինը պատմում է, որ եկեղեցի այցելում են հիմնականում տարեց մարդիկ: Իսկ երիտասարդների
մեծամասնության կողմից այն անտեսված է: Բոստոնի հայկական գրադարան-թանգարանում կա
մոտ 12 հազար հայկական գիրք, որի մեծ մասը թարգմանված է տարբեր լեզուներով: Սաբինը
աշխատում է այս գրադարան-թանգարանում՝ որպես գիդի օգնական: Նա պատմում է, որ հաճախորդները
հիմնականում հետաքրքրված են հայոց պատմությամբ, քիչ չեն նաեւ հայկական պոեզիայի սիրահարները:
Ըստ նրա, հայերն այնտեղ հիմնականում զբաղվում են առեւտրով: Կան նաեւ հայտնի բժիշկներ,
ուսուցիչներ, լրագրողներ: Հայկական ակումբներն ու կազմակերպությունը նույնպես ակտիվորեն
գործում են: Հաճախակի լինում են ժողովներ, քննարկումներ, որոնց մասնակցում է համայնքի
մեծամասնությունը: Նա պատմում է, որ շատերն են ձգտում գալ Հայաստան. «Այստեղ կյանքը
ավելի պարզ է, հետաքրքիր, իսկ այնտեղ ամբողջ օրը աշխատում են: Կարոտը նույնպես պատճառ
է՝ մեծ հայրենասերների համար»: Վարդանուշ Տեֆթերտերյանը Լոս Անջելեսի հայ
համայնքը բնութագրեց որպես ամենաակտիվը: Նա պատմում է, որ կան բազմաթիվ կազմակերպություններ,
որոնք, հատկապես ցեղասպանության ընդունման համար մեծ գործունեություն են ծավալում:
Հենց այդ նույն կազմակերպությունների երկարատեւ պայքարից հետո վերջապես հաջողվել
է 2004-ին ցեղասպանությունների թանգարանում կազմակերպել ցուցահանդես նաեւ հայկական
ցեղասպանության վերաբերյալ: Վարդանուշը պատմում է, որ հայերը այնտեղ հիմնականում
խնդիրներ ունեն մեքսիկացիների հետ: «Հաճախակի նրանց միջեւ վեճեր են առաջանում, որոնք
հիմնականում ավարտվում են ծեծկռտուքով»,- նշեց նա: Վարդանուշը դժգոհեց նաեւ վերջերս
այնտեղ գաղթած նախկին հայաստանցիներից. «Նրանք շատ են զբաղվում գողությամբ, որը մեզ
պատիվ չի բերում»: ՎԱՐԴՈՒՀԻ ՊԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031