Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թափանցիկության համար գումար չի՞ նախատեսվում

Հուլիս 15,2005 00:00

Եթե
փորձեք կրթական ոլորտի վարկային ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալ, դրանք
ինտերնետում հայերեն չեք գտնի: Դրանք անգամ ԿԳ նախարարության ինտերնետային
էջում զետեղված չեն: Մինչդեռ միջազգային ֆինանսական կազմակերպությունների
կողմից վարկավորվող պետական ծրագրերը պետք է իրականացվեն 100 տոկոսանոց թափանցիկության
պայմաններում: Այսինքն՝ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի դրանց ընթացքի, կատարված
յուրաքանչյուր լումա ծախսի, իրականացնողների մասին իրավունք ունի ստանալ ամբողջական
տեղեկություններ: Փորձեցինք սրանում համոզվել կրթական ոլորտի վարկային ծրագրերի օրինակով:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արդեն ավարտվել է «Կրթական համակարգի կառավարման»
ծրագիրը եւ այժմ ընթացքի մեջ է «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագիրը:
Վերջինիս իրականացման գրասենյակի տնօրենը՝ Կարինե Հարությունյանը հայտնեց, որ. «ծրագրով
ինտերնետային էջի համար գումար նախատեսված չէ»: Այդ ծրագրերը, դրանց նկարագրությունները,
հնարավոր կամ փաստացի արդյունքների մասին որոշ տեղեկություններ կան միայն Համաշխարհային
բանկի ինտերնետային էջում, այն էլ՝ անգլերեն լեզվով: Շարքային ուսանողը, մանկավարժը
չի կարող իրեն հետաքրքրող բոլոր տեղեկություններն ստանալ: ՀԲ հայաստանյան ներկայացուցչության
արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը նշեց. «Մեզ էլ են դիմում այնպիսի հարցերով,
որոնց պատասխանները հանգիստ կարելի էր ստանալ գրասենյակներից»: Մինչդեռ, օբյեկտիվորեն
հարկ է նշել, որ ՀԲ հայաստանյան ներկայացուցչության մի քանի հոգանոց անձնակազմը պարզապես
ի վիճակի չի լինի մեծ հետաքրքրության դեպքում բավարարել ողջ «պահանջարկը», եւ պարտավոր
էլ չի: Այս ամենի առնչությամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ
Շուշան Դոյդոյանը նշեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրթական
ոլորտի համար հատկացվող վարկային ծրագրերի մասին բնակչությունը, այդ թվում՝ ուսանողները,
ծնողները, իրազեկ չեն: Նրանց ստացած տեղեկատվությունը խիստ կցկտուր է, չկանոնակարգված,
մինչդեռ քաղաքացուն հետաքրքրող կոնկրետ վարկային ծրագրի մասին ամբողջական՝ փուլ առ
փուլ տեղեկատվություն, այսօր որեւէ տեղ, ներառյալ ԿԳ նախարարության ինտերնետային
էջը, զետեղված չէ: Այնինչ, կառավարությունը ստանում է տվյալ դեպքում կրթության բարեփոխումների
նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարների վարկեր, ինչը ենթադրում է, որ կառավարությունը
պետք է ապահովի բացարձակ հրապարակայնություն»: Լ. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել