Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ՀԵՏԱՁԳՎՈՂ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴԻՄԱՑ

Հուլիս 15,2005 00:00

«ՀՅԴ-Շարժում
88» դաշինքի ներկայացուցիչներն անթույլատրելի են համարում տարածքների վերադարձը «Ժամանակից
առաջ ընկնելն անմիտ է»,- այսպես պատասխանեց Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ
Ժիրայր Շահիջանյանը, երբ նրանից մեկնաբանություններ խնդրեցինք ԼՂ հակամարտության
կարգավորման այն տարբերակի վերաբերյալ, որ օրերս հրապարակել էր «Ազատություն» ռ/կ-ն:
Այն է՝ առաջիկա 10-15 տարում կանցկացվի հանրաքվե, Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի
ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղի վերահսկողության տակ կմնա միայն Լաչինը, իսկ մնացած
հողերը կվերադարձվեն Ադրբեջանին՝ հանրաքվեի անցկացմանը համաձայնության փոխարեն: «Այսօր
ընդհանրապես որեւէ զիջման դեմ ենք,- ասաց Ժիրայր Շահիջանյանը:- Սկզբունքորեն դեմ
ենք տարածքների վերադարձի որեւէ տարբերակի՝ սա մեր կուսակցության ուղեգծի մեջ էլ
կա: Իսկ թե հետագայում ինչպես է լինելու, ժամանակը ցույց կտա: Երբ կլինի հստակ առաջարկ,
փաստաթուղթ՝ այն ժամանակ կքննարկենք հարցը»: «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի համամասնական
ցանկով ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր ընտրված Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը մեր
զրույցի ընթացքում նկատեց. «Առաջին հերթին պետք է քննարկել այլ հարց՝ հայկական կողմն
ամեն ինչ պիտի անի, որ միջազգային հանրությունը ճանաչի, թե ով է սկսել այս պատերազմը:
Իսկ հետո կարելի է մտածել մնացածի մասին, թե ի՞նչ տարածքների մասին կարող է խոսք
լինել»: Նաեւ հավելեց. «Իսկ 1923-ին, երբ հանրաքվե էր անցկացվել՝ ո՞ւմն էին այս տարածքները:
ԼՂՀ-ն արդեն անցկացրել է իր հանրաքվեն: Գտնում եմ, որ վաղ է զիջումների մասին խոսելը,
քանի որ 1994-ի մայիսի 12-ին արդեն արել ենք մեր զիջումը: Կնքել ենք հրադադարի մի
պայմանագիր, որն իրավական ուժ չունի՝ ճանաչված չէ միջազգային ոչ մի ատյանի կողմից:
Եվ հիմա ուզում ենք ճշտել՝ դրանից հետո ադրբեջանական կողմից քանի՞ հայ զինվոր է սպանվել:
Երբ կասեն, թե ոչ մի զինվոր՝ նորից կսկսենք զիջումներ անել: Սակայն փոխհրաձգությունները
շարունակվում են առայսօր: Եթե կան միջազգային կառույցներ կամ պետություններ, որոնք
ունեն այդ ուժը՝ կանգնեցնել զոհերի եւ վիրավորների ավելացումը, թող դա անեն եւ հետո
անցնեն մնացածին»: Առիթից օգտվելով՝ Վիտալի Բալասանյանին խնդրեցինք մեկնաբանել
մեկ այլ հայտարարություն էլ: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն օրերս
անդրադառնալով իրեն ուղղված այն մեղադրանքին, թե փոխզիջումների մասին խոսելով ազդում
է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա՝ ասել էր. «Այդ ո՞վ է բանակի բարոյահոգեբանական
վիճակի մասնագետը, որ ինձ փորձում է մեղադրել։ Ո՞վ է ինձնից ավելի լավ հասկանում
այդ հարցերը։ Այդ մարդկանց խորհուրդ տվեք՝ տասը անգամ մտածել, նոր խոսել։ Որովհետեւ
խոսում են այն մարդիկ, ովքեր բանակը չեն ճանաչում։ Խոսում են նրանք, ովքեր բանակից,
այսպես ասենք, թռել են, չեն կարողացել համակերպվել հրամանատար-ենթակա հարաբերություններին։
Եթե այդքան շատ մտածում են բանակի մասին, եթե այդքան մտածում են այդ հողերի մասին,
մնային բանակում կամ հիմա գան բանակ եւ պաշտպանեն, ի՞նչ են կողքից խորհուրդ տալիս։
Այո՛, փոխզիջումների մասին ես խոսել եմ, նորից եմ ասում՝ խոսել եմ տասը տարի առաջ,
խոսելու եմ մինչեւ այն ժամանակ, երբ խնդիրը կլուծվի: Եթե այսօր աշխարհում ցույց տաք
գործընթացներ, որոնք կարգավորվում են առանց փոխզիջումների, այն ժամանակ կասեմ, որ
ես սխալ եմ: Բայց փոխզիջում ասածս ներկայացնել որպես պարտվողական տրամադրություն,
ուղղակի նենգություն է, քաղաքական կսմիթ է, նույնիսկ հարված էլ չէ։ Հետեւից փորձում
են մի հատ կսմթել։ Սակայն բոլորը գիտեն, չէ՞, որ երբեք պարտվողական տրամադրվածություն
չեմ ունեցել»: Ասվածը կարող էր վերաբերել նաեւ Վիտալի Բալասանյանին, որ նախկինում
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն էր, իսկ հիմա այլեւս բանակում չէ,
եւ վերջերս էլ հեգնանքով նկատել էր, թե ինչ ստեղծվել է մոլորակը՝ չի եղել պաշտպանության
այնպիսի նախարար, որ ասի, թե տարածքներ է զիջում, ուստի Սերժ Սարգսյանին պետք է գրանցել
Գինեսի գրքում: Սակայն այժմ Վիտալի Բալասանյանն ասաց. «Չեմ կարծում, թե Հայաստանի
պաշտպանության նախարարի խոսքերն ինձ են վերաբերում: Իսկ եթե նաեւ ինձ են հասցեագրված՝
լավ կլիներ, եթե իմ զորացրման հրամանը հրապարակվեր մամուլում, եւ նա էլ մեկնաբաներ
բանակում իմ չլինելու պատճառները: Արդյոք ես թողել-գնացել եմ բանակից եւ հիմա կողքից
խորհուրդնե՞ր եմ տալիս, թե՞ ինչ: Բանակից զորացրում են պարտադիր զինվորական ծառայության
ժամկետը լրանալու, թոշակի անցնելու կամ էլ այն պատճառով, որ պարտականությունները
չի կատարել, քրեական գործ է հարուցվել եւ այլն: Իմ զորացրումը չի համապատասխանում
այս պատճառներից եւ ոչ մեկին: Եվ ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի այդ բառերը չեն
վերաբերում ինձ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Նկարում՝ Արդյոք Վիտալի
Բալասանյանի՞ն էլ է վերաբերում Սերժ Սարգսյանի կշտամբանքը՝ «Եթե այդքան մտածում են
այդ հողերի մասին, մնային բանակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել