Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ ԹԵԺ ԱՄԱՌԸ

Հուլիս 15,2005 00:00

Պատգամավոր
Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ պետք է գնալ ԱԺ եւ ասել՝ ոչ Երեկ տեղի
ունեցավ «Արդարություն» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշվեց, որ ԿԸՀ-ում «Արդարություն»
խմբակցությունը կշարունակի ներկայացնել «Արդարություն» խմբակցության անդամ Ֆելիքս
Խաչատրյանը: Խմբակցության նիստին մասնակցել են բոլոր անդամները, «Հանրապետություն»
կուսակցության անդամ պատգամավորներ Արամ Զ. Սարգսյանից, Ալբերտ Բազեյանից, Թաթուլ
Մանասերյանից (վերջինս էլեկտրոնային փոստով իր դրական կարծիքն ուղարկել է), Վիկտոր
Դալլաքյանից եւ Հրանտ Խաչատրյանից բացի (վերջին երկուսը հանրապետությունում չեն):
Խմբակցության մյուս անդամները ինը կողմով քվեարկել են հօգուտ Ֆելիքս Խաչատրյանի:
Նիստին խորհրդակցական իրավունքով մասնակցել են դաշինքի անդամ, բայց՝ խորհրդարանից
դուրս Հնչակյան եւ սոցիալիստական կուսակցությունների ղեկավարները: ՀԺԿ քարտուղար,
«Արդարություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանի ներկայացմամբ, ԿԸՀ անդամի
հարցը քննարկվել է նաեւ ավելի վաղ, եւ «Հանրապետություն» կուսակցությունը իր դրական
վերաբերմունքն է արտահայտել Ֆելիքս Խաչատրյանի նկատմամբ: Երեկ մենք փորձեցինք պարզել,
թե ինչո՞ւ «Հանրապետություն»-ից ոչ ոք չէր մասնակցում խմբակցության նիստին: «Հանրապետություն»
կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը մեզ փոխանցեց, որ իրենք Ֆելիքս Խաչատրյանի
դեմ ոչինչ չունեն, որ իրենց որոշումը անձնավորված չէ, բայց. «Մենք կարծում ենք, որ
սկզբունքային քաղաքական որոշումները պետք է կայացվեն դաշինքում եւ ոչ թե խմբակցությունում,
որն, ըստ էության, ապօրինի խորհրդարանի բաղկացուցիչ է (այդ դեպքում ինչո՞ւ մանդատները
չեն դնում- Մ. Ե.): Երկրորդ, մենք սկզբունքային դիրքորոշում ենք հայտնել այն մասին,
որ ԿԸՀ-ում «Արդարության» անդամը, ինչպես նաեւ տարածքային հանձնաժողովներում դաշինքի
ներկայացուցիչները պետք է նշանակվեն փաթեթային լուծմամբ՝ քաղաքական որոշման հիման
վրա: Իհարկե, խմբակցության որոշումն օրինական է, բայց քաղաքական իմաստով՝ ոչ լիարժեք
լեգիտիմ, որովհետեւ դաշինքի անդամ առանցքային կուսակցություններից մեկը չի մասնակցել
այդ որոշմանը»: Դաշինքի մեկ այլ ազդեցիկի՝ ՀԺԿ-ի աշխատակազմի ղեկավար Ստեփան Մինասյանի
կարծիքն արմատապես տարբեր է. «Որոշումը բացարձակապես լեգիտիմ է եւ քաղաքականապես,
եւ ըստ օրենքի, ըստ էության հաստատվել է դաշինքի որոշումը: Միեւնույն ժամանակ, մենք
պատրաստ ենք եղել եւ պատրաստ ենք ըստ համապատասխան համամասնությունների լուծել տարածքային
հանձնաժողովներում տեղերի հարցը»: Երեկ արդեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին
ուղարկվեցին ԿԸՀ անդամների անունները: Մամուլում հրապարակում կար այն մասին, որ խմբակցությունից
զանգահարել են «Հանրապետություն» կուսակցություն եւ տեղեկացրել, որ Սմբատ Այվազյանը
չի կարող մասնակցել խմբակցության նիստին, քանի որ խմբակցության անդամ չէ: Պարոն Այվազյանը
անկախ պատգամավոր է: Մեր հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդել այդ զգուշացումը, Գրիգոր
Հարությունյանը պատասխանեց. «Ամեն օր նման անհեթեթ բաներ են մամուլ սպրդում, ի՞նչ,
մենք մեր բանուգործը թողնենք եւ հերքումներով զբաղվե՞նք»: Այսօր տեղի կունենա
«Արդարություն» դաշինքի հերթական նիստը, որի ընթացքում, ինչպես մեզ փոխանցեց Գրիգոր
Հարությունյանը, կքննարկվի սահմանադրական փոփոխությունների հարցը: Մեր հարցին՝ ի՞նչ
է վճռվելու այսօր, արդյո՞ք դաշինքը կորոշի մասնակցել սահմանադրական քննարկումներին,
ՀԺԿ քարտուղարը պատասխանեց անձամբ իր անունից. «Իմ անձնական կարծիքն այն է, որ կարեւորագույն
հարցերի քննարկումներին (մենք նաեւ այդպիսի որոշում ունենք) «Արդարություն» դաշինքը
մասնակցի: Մենք մասնակցել ենք Իրաք զորամիավորում ուղարկելու հարցի քննարկմանը, ավանդների
հարցին: Կարծում եմ, այդպիսի հարցերից է նաեւ սահմանադրական փոփոխությունների քննարկումը:
Անկախ նրանից, մեզ համար ընդունելի կլինե՞ն այդ փոփոխությունները, թե՞ ոչ, կարծում
եմ, հարկավոր է նիստին մասնակցել եւ առիթն օգտագործել»: Սակայն դաշինքի անդամ մեկ
այլ կուսակցություն՝ «Հանրապետությունը» միանշանակ պնդում է, որ այլեւս չի կարելի
այս իշխանությունների հետ որեւէ հարաբերություն ունենալ եւ հարկավոր է դնել վերջակետ:
Եթե որոշվի, որ խմբակցությունը մասնակցելու է սահմանադրական քննարկումներին, չե՞ն
սրվի հարաբերությունները: «Ի՞նչ է նշանակում իշխանությունների հետ հարաբերություններ
չունենալ: Եթե գնում ես ԱԺ նիստին եւ ասում, որ այս իշխանությունները մեկ անգամ եւս
ապացուցեցին, որ իրենք չեն կարող լինել բարեփոխիչ եւ պետք է հեռանան, դա նշանակում
է համագործակցե՞լ: Եթե ես տեսնեմ, որ սկզբունքային հարցերը չեն լուծվում, ես իրավունք
չունե՞մ ասել այդ մասին»: Իսկ այսօր այս հարցերը չէ, որ պետք է քննարկվեն,
այսօր դաշինքի նիստում «ներկայացվելու է մեր վերաբերմունքն այն փաստաթղթին, որը կոալիցիան
ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովին»,- ասաց ՀԺԿ քարտուղարը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել