Հայկական տարազի ժամանակակից շունչը Հալեպցի մոդելյոր Գեւորգ Շադոյանը հոկտեմբերին պատրաստվում է Հայաստանում ու ԱՄՆ-ում հանդես գալ իր նոր ցուցադրությամբ: Հեղինակ է 20-ից ավելի հավաքածուների: Նա «Հայկական հարսանիքը» ներկայացրել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում ու այլ երկրներում: Գեւորգի հավաքածուներում նրբորեն զուգակցված են ժամանակակիցն ու հին հայկական տարազի էլեմենտները: Նրա համոզմամբ՝ անգամ ջինսին հայկական կարպետի նախշերը կարող են նոր շունչ ու գրավչություն հաղորդել: Գեւորգը ավարտել է Հալեպի Քարեն Եփփե Ազգ. ճեմարանը, այնուհետեւ Լիբանանի ֆրանսիական նորաձեւության ուսումնարանը, կատարելագործվել է տեղի հայտնի նորաձեւագետների մոտ: 1998-ին Լիբանանում կայանում է սկսնակ մոդելյորների աշխատանքների ցուցադրություն, որին մասնակցում է նաեւ Գեւորգը: Սակայն ի տարբերություն այլազգի մոդելյորների, որոնց հավաքածուները կրում էին ազգայինի կնիքը ազգայինի ցուցադրությամբ, Գեւորգի զգեստները կրում էին չինական եւ հնդկական արվեստի ազդեցությունը: Հետագայում նա սովորում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի տեքստիլ-մոդելավորման բաժնում: Իսկ բուհի դասախոս, ազգագրագետ Արմինե Ստեփանյանի միջոցով ծանոթանում է հայկական տարազի գաղտնիքներին: Գեւորգը կյանքի է կոչել ամենախենթ մտահղացումներն ու պատվերները: Ամենահետաքրքիրներից մեկը կես հայ-կես արաբ ավստրիաբնակ Հենրի Մաքսոյի հետ համագործակցությունն էր: Վերջինիս պատվերով ստեղծվել են մեծ չափսի ջինսե տաբատներ, ինքնատիպ զգեստներ, որոնք հեղինակի խոսքով հարուստ էին «ամեն տեսակ զիզի-բիզիություններով» ու հատուկ նախատեսված էին գարեջրասերների համար: Պակաս հետաքրքիր չէր Սաուդյան Արաբիայի իշխանուհու օժիտի պատվերը: Գեւորգը հիմնականում մասնագիտացել է հայկական հարսանեկան ծեսի ու զգեստների գծով: Հալեպում եղբոր հետ նույնիսկ հարսանեկան ծառայություններ մատուցող ընտանեկան ֆիրմա են հիմնել՝ Shadoyan & Shadoyan: Գեւորգի ստեղծած հարսնազգեստները պարբերաբար ցուցադրում են տարբեր տարիների «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողները, իսկ «Միսս Հայաստան-2003» եւ «Տուրիզմի թագուհի-2004» տիտղոսակիր Անուշ Գրիգորյանը մոդելյորի 2 զգեստները կկրի հուլիսի վերջին Չինաստանում կայանալիք «Միսս Ինտերկոնտինենտալ» մրցույթում: Գեւորգը օգտագործում է պատմական Հայաստանի բոլոր նահանգների նախշերն ու գույները, ասեղնագործում է մետաքսի վրա կամ ստեղծում բաթիկ արվեստի գեղեցիկ նմուշներ: Դիպլոմային աշխատանքը, որ կրում էր «Հայկական հարսանիք» խորագիրը, առաջին անգամ ներկայացվել է Նկարիչների միության ցուցասրահում: Գեւորգն ասում է, որ ձեւվածքը կատարվել է Հակոբ Հովնաթանյանի էսքիզներով, իսկ զարդանախշերը հայկական են: Մասնավորապես օգտագործված է կենաց ծառի սիմվոլը փեսայի զգեստի թիկունքին եւ հարսնազգեստի կրծքին: Քավորի եւ քավորկնոջ հագուստներն էլ, հայկական սովորության համաձայն, գինեգույն են: Օձը, որ հանդիպում է բոլոր հնագույն հայկական կարպետների վրա, ներմուծված է նաեւ Գեւորգի հավաքածուների մեջ՝ որպես չարից ու փորձանքներից պահպանող խորհրդանիշ: Հետաքրքրվեցինք՝ ովքեր են իր հաճախորդները: Պարզվեց՝ հիմնականում օտարերկրացիներ են կամ արտերկրի հայեր: Օրինակ, վերջերս մոսկվաբնակ մի հայուհի հարսանեկան զգեստ է պատվիրել Գեւորգի մոտ: «Նա որոշել էր հայկական հարսանեկան տարազով ամուսնանալ, իսկ իսպանացի ամուսինը՝ իր ազգային տարազով: Անգամ հարսանեկան կոշիկները հայկական զարդանախշեր ունեին: Ի դեպ, նրանք ամուսնացան Հաղպատի վանքում»,- պատմեց մոդելյորը: Առայժմ հայաստանցիները քիչ են օգտվում Գեւորգ Շադոյանի ծառայություններից: Մոդելյորի կարծիքով, պատճառն այն է, որ հայաստանցի մեծահարուստները հիմնականում գերադասում են արտերկրյա արտադրանքը, իսկ միջին խավի համար իր զգեստները թանկ են՝ $700-1500: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ