Լրահոս
Օրվա լրահոսը

1500

Հուլիս 14,2005 00:00

1500 ԵՎՐՈ ԵՎ 2000 ԴՈԼԱՐ՝ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ Չնայած հայտագրերում նշված է, որ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 85-ամյակին նվիրված համերգի կազմակերպիչը մշակույթի նախարարությունն է: «Առավոտը» պարզեց, որ կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Հարությունյանն իր անձնական խնայողություններից նշված գումարն է տրամադրելու «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 15-ին իր ծննդյան 85-ամյա հոբելյանը նշելու համար: Անվանի կոմպոզիտորին խնդրեցինք պարզաբանում վերոհիշյալ լուրի առիթով: Ա. Հարությունյանը չուզեց խոսել այդ մասին, փոխարենը խնդրեց թերթի միջոցով իր սերն ու հարգանքը փոխանցել իր ժողովրդին ու ունկնդրին. «Միայն մի բան եմ խնդրում. աշխարհում չեմ հանդիպել այնպիսի ժողովրդի, ինչպիսին մենք ենք ու այնպիսի երկրի, ինչպիսին Հայաստանն է: Պարզապես խնդրում եմ անհապաղ փոխել Հայաստանը ներկայացնող թշվառ հիմնը: Բազմադարյա ու բարձրակարգ մշակույթ ունեցող երկիրը իրավունք չունի ներկայանալ այդ պարզունակ մեղեդիով: Խնդրեմ՝ թող դնեն քննարկման եւ Արամ Խաչատրյանի, եւ իմ ու Առնո Բաբաջանյանի հետ համատեղ գրած հիմնը կամ «Հայրենիքիս հետ» երգ-կանտատը՝ գրված Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա»: Ալ. Հարությունյանը հիշեց. «Մեր անցած ճանապարհը (նկատի ունի նաեւ Էդվարդ Միրզոյանին, Ղազարոս Սարյանին, Առնո Բաբաջանյանին) հարթ չի եղել: Իմ սերունդն ականատեսն է Խորհրդային Հայաստանի առաջին տարիների, ականատեսն այն գյուղացիների, որոնք 1931-33թ., այսպես կոչված, կուլակաթափ եղած աքսորվեցին Սիբիրի խորքերը: Այն ժամանակ մենք 11-12 տարեկան երեխաներ էինք: Ականատեսն ենք առաջին հնգամյակների, մի խոսքով՝ Հայաստանի առաջին քայլերի»: Կոմպոզիտորը հիշեց նաեւ, որ 20-ական թվականների սկզբում Երեւանում արդեն կար կոնսերվատորիա եւ մեկ երաժշտական դպրոց. «Ի՜նչ պետական հոգածությամբ ու անվանի մարդկանց ջերմությամբ էինք շրջապատված: 1934թ. մեր անվանի երաժշտական գործիչներից կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը այն տարիների Լուսժողկոմատի միջոցով հայթայթեց խոշոր գումար եւ ինձ նվիրեց պոչավոր դաշնամուր (ռոյալ): Հենց այդ ժամանակվանից սկսեցի լրջորեն զբաղվել կոմպոզիցիայով: Ընդունվեցի կոնսերվատորիա՝ Սարգիս Բարխուդարյանի ու Վարդգես Տալյանի դասարանը: Այնուհետեւ Մոսկվայում հայ մշակույթի տանը կից ստուդիայում կատարելագործվեցի Լիտինսկու, Պեյկոյի, Ցուկերմանի մոտ»: Կոմպոզիտորի համոզմամբ, այսօր, քան երբեւէ, հայ մշակույթին անհրաժեշտ է պետական հոգածություն, հովանավորություն: Մեզ հետ շփման ընթացքում նա հավաստիացրեց, որ թեեւ երբեք իր ստեղծագործությունների կատարման առիթով մտահոգություն չի ունեցել, բայց «մի բան ակնհայտ է՝ արտերկրում ավելի շատ եմ հնչել ու հնչում, քան մեզ մոտ»՝ ավելացնելով, որ դա պետք չէ ընդունել որպես բողոք: «Հաստատ գիտեմ, որ հայ երաժշտական ու կատարողական արվեստը դարձյալ կդասվի բարձրակարգ մշակույթ ունեցող առաջատար երկրների շարքում»,- հույս հայտնեց Ալ. Հարությունյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե իրենց կողմից ի՞նչ է արվում կոմպոզիտորի հոբելյանական երեկոյի համար: Նախարարի մամլո քարտուղար Գ. Դուրգարյանը տեղեկացրեց, որ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման, հոբելյանական համարվում են այն միջոցառումները, որոնք վերջանում են 0-ով. «Այս դեպքում Ալեքսանդր Հարությունյանի 85-ամյակն է: Սա գերատեսչական, ոչ կառավարական միջոցառում է: Տարեսկզբին հոբելյանական միջոցառումների ցանկում կոմպոզիտորի հոբելյանը չի հաստատվել: Սակայն մենք հարգում ու գնահատում ենք կոմպոզիտորին ու միջնորդել ենք, որ Հայաստանի պետական կապելլան ելույթ ունենա անվճար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել