Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ԻՆ

Հուլիս 14,2005 00:00

ԼՂՀ-ԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՏԵՂԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՎԵ՞Ն ԼՂՀ-ին հատկացվող բուհական տեղերի մասին ՀՀ կառավարության որոշումից հետո ԼՂՀ կրթության նախարարությունը վերջերս դիմել է ՀՀ ԿԳՆ-ին՝ խնդրելով ամեն տարի հատկացվող տեղերի թիվն ավելացնել՝ 35-ից դարձնելով 60: Մեր այս տեղեկատվությունը հաստատեց Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը: «Վերջին տարիներին միշտ 35 տեղ է տրամադրվել, իսկ այս տարի ԼՂՀ-ն խնդրել է այն դարձնել 60: Տեղերի տրամադրումը հիմնականում ելնում է նրանից, թե ինչ մասնագետների կարիք է զգացվում, եւ եթե խնդրել են ավելացնել տեղերը, նշանակում է, որ հենց Ղարաբաղում կա հիմնավորվածություն, որ այնտեղ պահանջարկ կա»: Ըստ այդմ, տեսնում ենք, որ անցյալ տարվա համեմատ ավելացել է պարարվեստի մանկավարժություն մասնագիտության պահանջարկը (2 տեղ): Մեկ տեղի պակաս է զգացվել նաեւ ֆիզկուլտուրայի մասնագետների հարցում: Ավելացել է նաեւ բժիշկների պահանջը. նախկին 5-ի փոխարեն այս տարի ԼՂՀ-ին կպահանջվի բժշկականի 8 դիմորդ: «Բայց այս հարցը պետք է լուծվի կառավարության մակարդակով: Եվ քանի որ այդ տեղերը պետպատվերի տակ են, հետեւաբար պետք է ֆինանսական ճշգրտումներ արվեն, արդյոք մենք ի վիճակի՞ ենք: Եթե ոչ, ապա մյուս տարի կքննարկվի այս հարցը»,- ասում է պրն Խաչատրյանը: Սակայն, թեպետ հարցին դեռ լուծում չի տրվել, ՀԸՀ-ն ԼՂՀ-ից եկած դիմորդներին առաջարկում է ամեն դեպքում դիմում-հայտեր ներկայացնել՝ թեկուզ այն մասնագիտությունների համար, որոնք այս տարի ավելացված (եւ դեռ չհաստատված) տեղերի մեջ են մտնում: Եվս մեկ հետաքրքիր փաստ: Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը մեզ հայտնեց, որ հաշվիչ կենտրոնի տվյալներն այն մասին, որ իրենց բուհի՝ բուժական գործ զինված ուժերում ֆակուլտետի համար ոչ մի դիմորդ չկա, իրականությանը չեն համապատասխանում: Վ. Հակոբյանի տվյալներով, այս պահի դրությամբ այս ֆակուլտետի համար նախատեսված 30 պպ տեղի համար կա 133 նախնական դիմում: Սակայն մյուս կողմից էլ հաշվիչ կենտրոնն այստեղ մեղք չունի, քանի որ այս տվյալները բուհը պարզապես չի տրամադրել նրանց: Պրն Հակոբյանը պարզաբանեց, որ, որպես կանոն, այդ տվյալները հաշվիչ կենտրոն են հանձնվում միայն վերջնական դիմում-հայտ ներկայացնելուց հետո: Իսկ մինչ այդ, դիմորդները պարտավոր են հանձնել համապատասխան թեստ՝ ֆիզկուլտուրայից եւ բժշկական հետազոտություն անցնել: Վ. Հակոբյանի տվյալներով, փորձը ցույց է տալիս, որ սովորաբար 20 դիմորդից 1-ը կարող է չանցնել այդ թեստերը: Հաստատ թյուրիմացություն չկա Գյուղակադեմիայի գյուղատնտեսական եւ պարենային արտադրանք մասնագիտության հարցում, որտեղ եւս հուլիսի 11-ի հաշվիչ կենտրոնի տրամադրած տվյալներով, 4 պետպատվերով տեղի դիմաց ոչ մի դիմորդ չկա (4-0): Դեռեւս «նեդաբոր» է Մանկավարժական համալսարանի գրադարանավարություն եւ մատենագիտություն ֆակուլտետում՝ համապատասխանաբար՝ 12-10, Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի հետեւյալ ֆակուլտետներում՝ շինարարության տեխնոլոգիա- 34-25, հիդրոշինարարության եւ քաղաքային տնտեսություն- 32-21, տրանսպորտային շինարարություն-31-16, Ճարտարագիտականի մաթեմատիկայի դեպարտամենտում՝ 10-8: Ամենամեծ դիմորդների թիվ է գրանցվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ 20-277, եւ գրեթե նույնքան՝ Մանկավարժականի տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա ֆակուլտետում՝ 20-274: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել