Լրահոս
Օրվա լրահոսը

«Զագար»՝

Հուլիս 14,2005 00:00

«Զագար»՝ ուղեւորությունից առաջ ՈՒղեւորների կուտակումներ «Այրարատ» տոնավաճառի մոտ Հանրապետության ամենաեկամտաբեր՝ Երեւան-Գյումրի միջքաղաքային երթուղին վերջին օրերին երեկոյան ժամերին մարդկանց կուտակումների պատճառ է հանդիսանում եւ իր ուղեւորներին կիզիչ արեւի տակ ժամերով «չորացնում» է: Օրվա վերջում երկար սպասելուց հետո ուղեւորները «ստարտի» վրա սպասում են եւ «Գազելի» ժամանելուն պես, միմյանց ոտնակոխ անելով, մեքենա են մտնում նույնիսկ ետեւի դռնից, անգամ՝ պատուհաններից: Երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ գիծը սպասարկող մեքենաների վարորդները, որոնք չցանկացան ներկայանալ, վստահեցրին, որ գծում մեքենաների պակաս չկա, ընդհակառակը՝ դժգոհեցին ուղեւորների բացակայությունից. «Երբեմն դատարկ ենք գնում-գալիս եւ արդյունքում տուժում ենք: Ծանրաբեռնված լինում է միայն շաբաթ օրերին, այդ ժամանակ նույնիսկ եթե էլեկտրիչկա էլ աշխատի, միեւնույն է՝ չի հերիքի»: Գծում քանի՞ մեքենա կա՝ մեր հարցին վարորդները խուսափեցին պատասխանել՝ ասելով, որ տեղյակ չեն: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ չհաջողվեց պարզել երթուղային տաքսիների քանակը, որ գծի տերը պարտավոր է ըստ մրցույթի պայմանների ապահովել: Նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարլեն Սահակյանը հայտնեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել (լրատվական ծառայության աշխատակիցն արձակուրդում է): Գյումրի մեկնող երթուղային տաքսիները կայանում են «Այրարատ» տոնավաճառի հարեւանությամբ: Տոմսն արժե 1200 դրամ: «Գազելներին» զուգահեռ, ուղեւորներին սպասարկում են նաեւ տաքսիներ: Նյարդերից թույլ ուղեւորները կամ առավել հարմարավետության ձգտողները շատ հաճախ նախընտրում են տաքսին: Այս դեպքում 4-5 ուղեւոր միանում են՝ յուրաքանչյուրը վճարելով 1500 դրամ: Բացի այն, որ «մինի» ավտոկայարանը այդ հատվածն անցորդների համար անանցանելի է դարձրել եւ մարդիկ ստիպված են լինում մայթը շրջանցել եւ քայլել փողոցով, ուղեւորները ձմռան ցրտին կամ ամռան շոգին մեքենաներին սպասում են ստորացված պայմաններում՝ ոտքի վրա, աստիճաններին կամ իրենց իրերին նստած: Իսկ օրվա վերջում էլ տարածքը աղբանոցի է վերածվում: Հանուն արդարության նշենք, որ ուղեւորների նման կուտակումներ առաջանում են ժամանակ առ ժամանակ: Այս ամենաեկամտաբեր գիծն սպասարկելու իրավունքը բուռն մրցակցության ժամանակ ներկայիս տերը ձեռք բերեց նախկին գլխավոր դատախազի ակտիվ աջակցությամբ: Թե այսքանով հանդերձ ի՞նչն է գծի տիրոջը ետ պահում երթուղային տաքսու ուղեւորների համար տարրական պայմաններ ստեղծել՝ անհայտ է: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել