«ՔՎԵԱՏՈՒՓ ԼՑՆԵԼՆ ԱՆՑԱԾ ՓՈՒԼ Է» Ասում է Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը – Վենետիկի հանձնաժողով հուլիսի 7-ին ուղարկված Սահմանադրության նախագծում նշված է, թե «Օրենքով կարող են սահմանվել Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրություններ»: Փաստորեն սա այն տարբերակն է, որը եւ Դուք ամիսներ առաջ Ստրասբուրգ այցի ժամանակ առաջարկել էիք ԵԽ ներկայացուցիչներին, որ Երեւանի քաղաքապետին ընտրի քաղաքի ավագանին: Սակայն այս տարբերակն ընդունելի չէ Վենետիկի հանձնաժողովի համար: – Ո՛չ: Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությամբ՝ Երեւանը համայնք է: Եվ քաղաքապետը կարող է ընտրվել ինչպես ժողովրդի, այնպես էլ ավագանու կողմից, որը նույնպես ուղղակիորեն է ընտրվում ժողովրդի կողմից: Վենետիկի հանձնաժողովի հետ բազմաթիվ քննարկումների շնորհիվ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ Երեւանում ՏԻՄ ձեւավորման առանձնահատկությունները սահմանվելու են օրենքով: Եվ այս երկու տարբերակն էլ ընդունելի են Եվրախորհրդի համար: – Սակայն Հայաստանի իշխանությունն արդեն իսկ հակված է ավագանու կողմից ընտրության տարբերակին: Ինչո՞ւ եք այդպես զգուշանում ուղղակի ընտրություններից: – Ճիշտն ասած՝ այո՛: Ինքս կողմնակից եմ անուղղակի ընտրությանը: Ուսումնասիրել ենք մի քանի երկրների փորձը, որտեղ քաղաքապետերն ընտրվում են ավագանու կողմից, եւ դա շատ ընդունելի տարբերակ է: Այն կիրառվել է նաեւ Խորհրդային Միության տարիներին: Պիտի հաշվի առնենք մի քանի կարեւոր հանգամանք: Երեւանում է ապրում մեր երկրի բնակչության 1/3-րդը: Եվ եթե Երեւանի քաղաքապետն ընտրվի ուղղակիորեն՝ ժողովրդի կողմից, մեզ ժամանակ պետք կլինի որոշելու, թե ինչպես ենք լուծելու թաղապետերի խնդիրը, որոնք այժմ ընտրվում են ժողովրդի կողմից: Փաստորեն՝ Երեւանում ունենք տեղական ինքնակառավարում եւ տարածքային կառավարում, որ իրականացնում է վարչապետի ներկայացմամբ նախագահի նշանակած քաղաքապետը: (Ի դեպ, Սահմանադրության առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ այդպես են նշանակվելու մարզպետները, մինչդեռ նախկինում նրանց նշանակում էր կառավարությունը): Իսկ հիմա Երեւանը դիտարկվելու է իբրեւ մեկ համայնք: Եվ հարց է առաջանում՝ թաղապետերը մնա՞ն ընտրովի, թե՞ դառնան նշանակովի: Ու պետք չեն հապշտապ որոշումներ՝ ուստի այս հարցերը կկանոնակարգենք օրենքով: – Օրենքով կարգավորվեց նաեւ ընտրատարածքների ձեւավորման հարցը: Սակայն երբ գործը հասավ դրա կիրառմանը՝ էլի աշխատեցին «մկրատներ» եւ, ըստ ընդդիմադիրների բողոքների՝ ընտրատարածքների սահմանները որոշվեցին ըստ առանձին թեկնածուների նախասիրությունների: – Այս հարցը քննարկել է կոալիցիան, իսկ մենք վարչապետի հետ ուղղակի նայել ենք տարածքները: Այնուամենայնիվ՝ որոշումները կայացրել է կոալիցիան: Սակայն նման բաներ չեն եղել: Գուցե մարդիկ իրենց անձնական շահերից ելնելո՞վ են դժգոհ: Ես ուսումնասիրել եմ՝ ընտրատարածքներում ընդգրկված ընտրողների թիվն այնպես է ապահովվել եւ տարածքներն այնպես ձեւավորվել, որ չաշխատի «մկրատների» տարբերակը: – «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քննարկման ժամանակ էր դեռ Մանուկ Գասպարյանը նշել Արարատի մարզի օրինակը, թե դրա մի ընտրատարածքում 31-32 հազար ընտրող է ներգրավված, մինչդեռ Երեւանում չկա 38 հազար ընտրողից պակաս ընտրատարածք: Նա պնդել էր, թե այս «լյուֆթը» տարածքային կառավարման նախարարին հնարավորություն է ընձեռում 2-ով ավելի պատգամավոր ունենալ ԱԺ-ում: – Ճիշտ չի ասել Մանուկ Գասպարյանը, քանի որ չի ուսումնասիրել թվերը: Խորհուրդ կտայի՝ թող հիմա նայի ընտրատարածքների ԿԸՀ հաստատած սահմանները եւ կտեսնի, որ Արարատի մարզից շատ գյուղեր նույնիսկ ներառվել են Վայոց ձորի մարզի ընտրատարածքներում, որ այնտեղ ապահովվի ընտրողների թվաքանակը: – Օրենքները չեն կարող բացառել որոշակի սուբյեկտիվ մոտեցումը: Ասենք, ի՞նչ օրենք պիտի ընդունվի, որ բացառվի այն վերաբերմունքը, որին արժանանում են Գեղարքունիքի Լճաշեն գյուղի բնակիչները: Սա այն գյուղերից է, որը նախագահական ընտրություններում ընտրել էր Ստեփան Դեմիրճյանին եւ վերջինիս հետ հանդիպման ժամանակ այս ընտրությանն էին գյուղացիները վերագրել այն, որ Լճաշեն մտնող ճանապարհը 3 տարի ներկայացվում է որպես շտապ վերանորոգման ենթակա եւ 3 տարի շարունակ էլ չի նորոգվում, իրենց չի տրամադրվում պարարտանյութ: Չեն արվում նաեւ այլ հատկացումները: – Չհավատանք նման հերյուրանքներին: Քիչ թե շատ բանիմաց մարդ, օրինակ, չի կարող նման պնդում անել, թե բյուջեով համայնքին սահմանված հատկացումը կարող է եւ չարվի քաղաքական նկատառումներով: Այս հատկացումները սահմանվում են օրենքով, եւ դա չի կարող փոխել ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ վարչապետը, ո՛չ հանրապետության նախագահը: Փոխել կարող է միայն ԱԺ-ն՝ օրենքում կատարվող փոփոխությամբ: Իսկ ընդհանրապես՝ անձնապես ինձ համար այնքան էլ կարեւոր չէ, թե համայնքապետը ո՛ր կուսակցության անդամ է կամ քաղաքական ուժի կողմնակից: Կարեւորն այն է, որ ժողովուրդն ընդունի այդ մարդուն: Ինչքան ավելի շատ ձայներով է ժողովրդի կողմից ընտրված լինում համայնքապետը՝ այնքան ավելի քիչ խնդիրներ ենք ունենում այդ համայնքի բնակչության հետ: Թեեւ քանի որ ինքս ՀՀԿ անդամ եմ՝ բնականաբար, նաեւ կուզենայի, որ շատ ընտրվեին ՀՀԿ անդամները: – Մինչ այժմ հենց ՀՀԿ պաշտպանած թեկնածուներն էլ հիմնականում հաղթում են ՏԻՄ ընտրություններում: – Բայց մենք ընտրակաշառքով կամ ուժային մեթոդներով չէ, որ շահում ենք այդ ընտրությունները, այլ քարոզչությամբ, թեկնածուների աշխատանքով: Քվեատուփեր լցնելն, իմ կարծիքով, անցած փուլ է: Իջեւանի քաղաքապետի, Երեւանի համայնքապետերի եւ վերջին շրջանում անցկացված այլ ընտրությունները տեսեք, թե ինչքան մաքուր եւ արդար անցան: Ալավերդու քաղաքապետի ընտրության ժամանակ չանցավ ՀՀԿ-ի պաշտպանած թեկնածուն: Բայց մենք նորմալ արձագանքեցինք, չեղան վիճարկումներ: – Իսկ մեկ թեկնածուով ընտրություններին ինչպե՞ս եք վերաբերվում: – Եթե չեն առաջադրվում այլ թեկնածուներ՝ ի՞նչ պիտի անենք: Եթե վկայություններ ունեք, թե ուժ է կիրառվել, որ ուրիշ մեկը չառաջադրվի՝ այլ հարց է: Բայց, ասենք, կան համայնքապետեր, որ լավ են աշխատում, գյուղն իրենց ընդունում է, եւ մարդիկ նպատակահարմար չեն գտնում առաջադրվել: – Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի համայնքների միության կոչին, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար սահմանվի մեկ միասնական օր: – Սա, իհարկե, քննարկելու տարբերակ է: 700-ից ավելի համայնքներում պիտի անցկացվեն ընտրություններ: Եվ իմ կարծիքով, ճիշտ կլիներ՝ մի քանի փուլով իրականացվեին ընտրությունները, որ կարողանանք վերահսկել, կանոնակարգել եւ օրենքը պաշտպանել բոլոր ընտրատարածքներում: ՀՀ նախագահն ու վարչապետը շատ են կարեւորում, որ այդ ընտրություններն անցնեն թափանցիկ ու ազնիվ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ