Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական տարազի ժամանակակից շունչը

Հուլիս 14,2005 00:00

Հալեպցի
մոդելյոր Գեւորգ Շադոյանը հոկտեմբերին պատրաստվում է Հայաստանում ու ԱՄՆ-ում հանդես
գալ իր նոր ցուցադրությամբ: Հեղինակ է 20-ից ավելի հավաքածուների: Նա «Հայկական
հարսանիքը» ներկայացրել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում ու այլ երկրներում:
Գեւորգի հավաքածուներում նրբորեն զուգակցված են ժամանակակիցն ու հին հայկական տարազի
էլեմենտները: Նրա համոզմամբ՝ անգամ ջինսին հայկական կարպետի նախշերը կարող են նոր
շունչ ու գրավչություն հաղորդել: Գեւորգը ավարտել է Հալեպի Քարեն Եփփե Ազգ.
ճեմարանը, այնուհետեւ Լիբանանի ֆրանսիական նորաձեւության ուսումնարանը, կատարելագործվել
է տեղի հայտնի նորաձեւագետների մոտ: 1998-ին Լիբանանում կայանում է սկսնակ մոդելյորների
աշխատանքների ցուցադրություն, որին մասնակցում է նաեւ Գեւորգը: Սակայն ի տարբերություն
այլազգի մոդելյորների, որոնց հավաքածուները կրում էին ազգայինի կնիքը ազգայինի ցուցադրությամբ,
Գեւորգի զգեստները կրում էին չինական եւ հնդկական արվեստի ազդեցությունը: Հետագայում
նա սովորում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի տեքստիլ-մոդելավորման բաժնում: Իսկ
բուհի դասախոս, ազգագրագետ Արմինե Ստեփանյանի միջոցով ծանոթանում է հայկական տարազի
գաղտնիքներին: Գեւորգը կյանքի է կոչել ամենախենթ մտահղացումներն ու պատվերները: Ամենահետաքրքիրներից
մեկը կես հայ-կես արաբ ավստրիաբնակ Հենրի Մաքսոյի հետ համագործակցությունն էր: Վերջինիս
պատվերով ստեղծվել են մեծ չափսի ջինսե տաբատներ, ինքնատիպ զգեստներ, որոնք հեղինակի
խոսքով հարուստ էին «ամեն տեսակ զիզի-բիզիություններով» ու հատուկ նախատեսված էին
գարեջրասերների համար: Պակաս հետաքրքիր չէր Սաուդյան Արաբիայի իշխանուհու օժիտի պատվերը:
Գեւորգը հիմնականում մասնագիտացել է հայկական հարսանեկան ծեսի ու զգեստների
գծով: Հալեպում եղբոր հետ նույնիսկ հարսանեկան ծառայություններ մատուցող ընտանեկան
ֆիրմա են հիմնել՝ Shadoyan & Shadoyan: Գեւորգի ստեղծած հարսնազգեստները պարբերաբար
ցուցադրում են տարբեր տարիների «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողները, իսկ «Միսս Հայաստան-2003»
եւ «Տուրիզմի թագուհի-2004» տիտղոսակիր Անուշ Գրիգորյանը մոդելյորի 2 զգեստները կկրի
հուլիսի վերջին Չինաստանում կայանալիք «Միսս Ինտերկոնտինենտալ» մրցույթում: Գեւորգը
օգտագործում է պատմական Հայաստանի բոլոր նահանգների նախշերն ու գույները, ասեղնագործում
է մետաքսի վրա կամ ստեղծում բաթիկ արվեստի գեղեցիկ նմուշներ: Դիպլոմային աշխատանքը,
որ կրում էր «Հայկական հարսանիք» խորագիրը, առաջին անգամ ներկայացվել է Նկարիչների
միության ցուցասրահում: Գեւորգն ասում է, որ ձեւվածքը կատարվել է Հակոբ Հովնաթանյանի
էսքիզներով, իսկ զարդանախշերը հայկական են: Մասնավորապես օգտագործված է կենաց ծառի
սիմվոլը փեսայի զգեստի թիկունքին եւ հարսնազգեստի կրծքին: Քավորի եւ քավորկնոջ հագուստներն
էլ, հայկական սովորության համաձայն, գինեգույն են: Օձը, որ հանդիպում է բոլոր հնագույն
հայկական կարպետների վրա, ներմուծված է նաեւ Գեւորգի հավաքածուների մեջ՝ որպես չարից
ու փորձանքներից պահպանող խորհրդանիշ: Հետաքրքրվեցինք՝ ովքեր են իր հաճախորդները:
Պարզվեց՝ հիմնականում օտարերկրացիներ են կամ արտերկրի հայեր: Օրինակ, վերջերս մոսկվաբնակ
մի հայուհի հարսանեկան զգեստ է պատվիրել Գեւորգի մոտ: «Նա որոշել էր հայկական հարսանեկան
տարազով ամուսնանալ, իսկ իսպանացի ամուսինը՝ իր ազգային տարազով: Անգամ հարսանեկան
կոշիկները հայկական զարդանախշեր ունեին: Ի դեպ, նրանք ամուսնացան Հաղպատի վանքում»,-
պատմեց մոդելյորը: Առայժմ հայաստանցիները քիչ են օգտվում Գեւորգ Շադոյանի ծառայություններից:
Մոդելյորի կարծիքով, պատճառն այն է, որ հայաստանցի մեծահարուստները հիմնականում գերադասում
են արտերկրյա արտադրանքը, իսկ միջին խավի համար իր զգեստները թանկ են՝ $700-1500:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել