Ես ձեր մշտական ընթերցողներից եմ եւ շատ
հարցերում կիսում եմ ձեր մոտեցումները: Սակայն ուզում եմ ներկայացնել մի քանի նկատառումներ՝
ձեր հոդվածների առթիվ, որոնցում Վրաստանի եւ Ուկրաինայի հետհեղափոխական իրավիճակը
ներկայացվում է բավականին մռայլ: Եկեք տեսնենք, թե ինչպես է փոխվել իրավիճակը
Վրաստանում երիտասարդ նախագահի կողմից 18 ամիս առաջ սկսած բարեփոխումների արդյունքում:
Կարծում եմ, որ մեր հարեւան երկրի զարգացումները կարեւոր են մեզ համար, քանի որ Հայաստանը
չի կարող միայնակ դառնալ միջազգային հանրության անդամ: Առաջարկում եմ ձեզ համեմատել
իմ ներկայացրած փաստերը Հայաստանում նույն ոլորտներում ստեղծված իրավիճակի հետ: ա)
Զգալիորեն բարձրացել է իրավապահների գործունեության էֆեկտիվությունը, ստեղծվել է
ըստ էության նոր ճանապարհային ոստիկանություն, որը գործնականում կաշառք չի վերցնում:
բ) Հաջողվել է սանձել սեփական ժողովրդին կողոպտող իշխանավորներին, մի քանի
տասնյակ պաշտոնյաներ դատի են տրվել: Անողոք պայքար է մղվում կոռուպցիայի դեմ: Վերջին
դեպքը՝ ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելը ղեկավարության վճռականության վառ օրինակ
է: գ) Լուծվել են կարեւոր խնդիրներ, որոնք երկար ժամանակ խոչընդոտում էին
Վրաստանի՝ որպես անկախ երկիր, հաստատումը. ըստ էության Վրաստանը վերադարձրել է փաստացի
անկախացած Աջարիան, ՌԴ-ն հանել է իր ռազմաբազաները Վրաստանից: դ) Վրաստանի
նախագահը մատչելի է իր ժողովրդի համար, երկրի քաղաքացիները շատ հնարավորություններ
ունեն նրան լսելու: Բացի տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված բազմաթիվ հարցազրույցներից,
նա հրապարակել է հոդվածներ՝ ամերիկյան եւ եվրոպական առանցքային թերթերում՝ ներկայացնելով
իր պատկերացումները երկրի ապագայի մասին: ե) Կարգավորվել է հարկահավաքությունը:
Նախկինում մեծ եւ փոքր ձեռնարկությունները կարող էին որեւէ հարկ չվճարել՝ կաշառելով
հարկահավաքներին: Այժմ բիզնեսն ընթանում է խաղի մաքուր կանոններով: զ) Վրաստանի
նախագահը հայտարարել է բյուջեի եռակի աճ: Պաշտպանությանը հատկացվել է $250 մլն բյուջե,
ինչը զգալիորեն բարձր է մերից: է) Կառավարության մեջ են ներգրավվել երիտասարդ,
նոր մտածելակերպով ղեկավարներ, որոնց գիտելիքները, էնտուզիազմը եւ հաղորդակցվելու
ունակությունները կարեւոր են եվրոպական ընտանիքին ինտեգրվելու համար: ը) Հեղափոխությունից
հետո Վրաստանում գրանցվել է ներդրումների աճ, նույնիսկ հայկական ընկերություններն
են սկսել այնտեղ ներդրումներ անել: ՄԿՐՏԻՉ ԽԱԼԱԹՅԱՆ, Բրատիսլավա
Նամակը տպագրվում է զգալի կրճատումներով եւ անգլերենից ազատ թարգմանությամբ: