ԼՂՀ-ին
հատկացվող բուհական տեղերի մասին ՀՀ կառավարության որոշումից հետո ԼՂՀ կրթության
նախարարությունը վերջերս դիմել է ՀՀ ԿԳՆ-ին՝ խնդրելով ամեն տարի հատկացվող տեղերի
թիվն ավելացնել՝ 35-ից դարձնելով 60: Մեր այս տեղեկատվությունը հաստատեց Հանրապետական
ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը: «Վերջին
տարիներին միշտ 35 տեղ է տրամադրվել, իսկ այս տարի ԼՂՀ-ն խնդրել է այն դարձնել 60:
Տեղերի տրամադրումը հիմնականում ելնում է նրանից, թե ինչ մասնագետների կարիք է զգացվում,
եւ եթե խնդրել են ավելացնել տեղերը, նշանակում է, որ հենց Ղարաբաղում կա հիմնավորվածություն,
որ այնտեղ պահանջարկ կա»: Ըստ այդմ, տեսնում ենք, որ անցյալ տարվա համեմատ ավելացել
է պարարվեստի մանկավարժություն մասնագիտության պահանջարկը (2 տեղ): Մեկ տեղի պակաս
է զգացվել նաեւ ֆիզկուլտուրայի մասնագետների հարցում: Ավելացել է նաեւ բժիշկների
պահանջը. նախկին 5-ի փոխարեն այս տարի ԼՂՀ-ին կպահանջվի բժշկականի 8 դիմորդ: «Բայց
այս հարցը պետք է լուծվի կառավարության մակարդակով: Եվ քանի որ այդ տեղերը պետպատվերի
տակ են, հետեւաբար պետք է ֆինանսական ճշգրտումներ արվեն, արդյոք մենք ի վիճակի՞ ենք:
Եթե ոչ, ապա մյուս տարի կքննարկվի այս հարցը»,- ասում է պրն Խաչատրյանը: Սակայն,
թեպետ հարցին դեռ լուծում չի տրվել, ՀԸՀ-ն ԼՂՀ-ից եկած դիմորդներին առաջարկում է
ամեն դեպքում դիմում-հայտեր ներկայացնել՝ թեկուզ այն մասնագիտությունների համար,
որոնք այս տարի ավելացված (եւ դեռ չհաստատված) տեղերի մեջ են մտնում: Եվս
մեկ հետաքրքիր փաստ: Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը մեզ հայտնեց,
որ հաշվիչ կենտրոնի տվյալներն այն մասին, որ իրենց բուհի՝ բուժական գործ զինված ուժերում
ֆակուլտետի համար ոչ մի դիմորդ չկա, իրականությանը չեն համապատասխանում: Վ. Հակոբյանի
տվյալներով, այս պահի դրությամբ այս ֆակուլտետի համար նախատեսված 30 պպ տեղի համար
կա 133 նախնական դիմում: Սակայն մյուս կողմից էլ հաշվիչ կենտրոնն այստեղ մեղք չունի,
քանի որ այս տվյալները բուհը պարզապես չի տրամադրել նրանց: Պրն Հակոբյանը պարզաբանեց,
որ, որպես կանոն, այդ տվյալները հաշվիչ կենտրոն են հանձնվում միայն վերջնական դիմում-հայտ
ներկայացնելուց հետո: Իսկ մինչ այդ, դիմորդները պարտավոր են հանձնել համապատասխան
թեստ՝ ֆիզկուլտուրայից եւ բժշկական հետազոտություն անցնել: Վ. Հակոբյանի տվյալներով,
փորձը ցույց է տալիս, որ սովորաբար 20 դիմորդից 1-ը կարող է չանցնել այդ թեստերը:
Հաստատ թյուրիմացություն չկա Գյուղակադեմիայի գյուղատնտեսական եւ պարենային
արտադրանք մասնագիտության հարցում, որտեղ եւս հուլիսի 11-ի հաշվիչ կենտրոնի տրամադրած
տվյալներով, 4 պետպատվերով տեղի դիմաց ոչ մի դիմորդ չկա (4-0): Դեռեւս «նեդաբոր»
է Մանկավարժական համալսարանի գրադարանավարություն եւ մատենագիտություն ֆակուլտետում՝
համապատասխանաբար՝ 12-10, Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի հետեւյալ
ֆակուլտետներում՝ շինարարության տեխնոլոգիա- 34-25, հիդրոշինարարության եւ քաղաքային
տնտեսություն- 32-21, տրանսպորտային շինարարություն-31-16, Ճարտարագիտականի մաթեմատիկայի
դեպարտամենտում՝ 10-8: Ամենամեծ դիմորդների թիվ է գրանցվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝
20-277, եւ գրեթե նույնքան՝ Մանկավարժականի տարրական կրթության մանկավարժություն
եւ մեթոդիկա ֆակուլտետում՝ 20-274: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ