Լրահոս
Օրվա լրահոսը

«Զագար»՝ ուղեւորությունից առաջ

Հուլիս 14,2005 00:00

ՈՒղեւորների
կուտակումներ «Այրարատ» տոնավաճառի մոտ Հանրապետության ամենաեկամտաբեր՝ Երեւան-Գյումրի
միջքաղաքային երթուղին վերջին օրերին երեկոյան ժամերին մարդկանց կուտակումների պատճառ
է հանդիսանում եւ իր ուղեւորներին կիզիչ արեւի տակ ժամերով «չորացնում» է: Օրվա վերջում
երկար սպասելուց հետո ուղեւորները «ստարտի» վրա սպասում են եւ «Գազելի» ժամանելուն
պես, միմյանց ոտնակոխ անելով, մեքենա են մտնում նույնիսկ ետեւի դռնից, անգամ՝ պատուհաններից:
Երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ գիծը սպասարկող մեքենաների վարորդները,
որոնք չցանկացան ներկայանալ, վստահեցրին, որ գծում մեքենաների պակաս չկա, ընդհակառակը՝
դժգոհեցին ուղեւորների բացակայությունից. «Երբեմն դատարկ ենք գնում-գալիս եւ արդյունքում
տուժում ենք: Ծանրաբեռնված լինում է միայն շաբաթ օրերին, այդ ժամանակ նույնիսկ եթե
էլեկտրիչկա էլ աշխատի, միեւնույն է՝ չի հերիքի»: Գծում քանի՞ մեքենա կա՝ մեր հարցին
վարորդները խուսափեցին պատասխանել՝ ասելով, որ տեղյակ չեն: Երեկ տրանսպորտի եւ կապի
նախարարությունից էլ չհաջողվեց պարզել երթուղային տաքսիների քանակը, որ գծի տերը
պարտավոր է ըստ մրցույթի պայմանների ապահովել: Նախարարության տրանսպորտի վարչության
պետ Կարլեն Սահակյանը հայտնեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել (լրատվական ծառայության
աշխատակիցն արձակուրդում է): Գյումրի մեկնող երթուղային տաքսիները կայանում
են «Այրարատ» տոնավաճառի հարեւանությամբ: Տոմսն արժե 1200 դրամ: «Գազելներին» զուգահեռ,
ուղեւորներին սպասարկում են նաեւ տաքսիներ: Նյարդերից թույլ ուղեւորները կամ առավել
հարմարավետության ձգտողները շատ հաճախ նախընտրում են տաքսին: Այս դեպքում 4-5 ուղեւոր
միանում են՝ յուրաքանչյուրը վճարելով 1500 դրամ: Բացի այն, որ «մինի» ավտոկայարանը
այդ հատվածն անցորդների համար անանցանելի է դարձրել եւ մարդիկ ստիպված են լինում
մայթը շրջանցել եւ քայլել փողոցով, ուղեւորները ձմռան ցրտին կամ ամռան շոգին մեքենաներին
սպասում են ստորացված պայմաններում՝ ոտքի վրա, աստիճաններին կամ իրենց իրերին նստած:
Իսկ օրվա վերջում էլ տարածքը աղբանոցի է վերածվում: Հանուն արդարության նշենք, որ
ուղեւորների նման կուտակումներ առաջանում են ժամանակ առ ժամանակ: Այս ամենաեկամտաբեր
գիծն սպասարկելու իրավունքը բուռն մրցակցության ժամանակ ներկայիս տերը ձեռք բերեց
նախկին գլխավոր դատախազի ակտիվ աջակցությամբ: Թե այսքանով հանդերձ ի՞նչն է գծի տիրոջը
ետ պահում երթուղային տաքսու ուղեւորների համար տարրական պայմաններ ստեղծել՝ անհայտ
է: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել