Սադոյանը դժգոհ է իր ընդդիմադիր գործընկերներից
Արշակ Սադոյանը գնալու է խորհրդարան եւ օգոստոսի վերջին մասնակցելու է սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, անկախ նրանից, թե ինչպիսի վճիռ կկայացնի «Արդարություն» խմբակցությունը: Սադոյանը գտնում է, որ դա լավագույն հնարավորությունն է իշխանությունների հասցեին մտքովդ անցածն ասելու, մանավանդ՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը պարտադրել է, իսկ մեր պատվիրակներն ընդունել են, որ օգոստոսի 29-ից Ազգային ժողովում սկսվող սահմանադրական փոփոխությունների երկրորդ ընթերցման քննարկումները պետք է ուղիղ հեռարձակում ունենան: Այսինքն՝ հարգելի ռադիոլսողները կարող են լսել պարոն Սադոյանին: Իսկ նա ասելիք ունի միշտ. «Ավելի լայն հնարավորություն, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով ազդել երկրի կառուցվածքի, իշխանության ուղղվածության վրա, չի էլ կարող լինել: Ավելին, համոզված լինելով, որ այս կոալիցիայի չորս օղակների ներկայացուցիչները՝ մեկ է, երկրի համար անհրաժեշտ որեւէ լուրջ փոփոխություն չեն ընդգրկելու իրենց նախագծում, որ հնարավոր է իրենց չոր վարքագիծը դատապարտել եւ գործը հասցնել իշխանափոխության եւ հրաժարականի, ապա կարծում եմ՝ շատ սխալ կլինի այդ սկուտեղից հրաժարվելը»:
Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ հանրաքվեն վերածել իշխանափոխության գործընթացի՝ առանց սահմանադրական քննարկումներին մասնակցելու, պարոն Սադոյանը պատասխանեց. «Երբ հնարավորություն կա ավելի լավ եւ խելոք անել, պետք չէ դիտմամբ բարդացնել խնդիրները»:
Արշակ Սադոյանին բոլորովին չի գոհացնում այն վիճակը, որ ստեղծված է եւ «Արդարություն», եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններում. «Ինձ առանձնապես ցավ է պատճառում, երբ առանց հաշվի առնելու ռեալ իրականությունը, ինչ-ինչ պատճառներով ձգտելով Հայաստանի հեղինակությունն այնտեղ (նկատի ունի ԵԽ-ն- Մ. Ե.) մեծացնելու՝ հանկարծ ընդդիմության ներկայացուցիչներ Շավարշ Քոչարյանը եւ Արտաշես Գեղամյանը Ստրասբուրգում փորձեցին հայտարարել, որ լուրջ արմատական փոփոխություններ են լինելու, երբ իրականում տակը ոչ մի բան չկար»։
«Արդարություն» դաշինքի վերջին նիստի ավարտին միջանցքում սպասող լրագրողները հաճախ էին գոռգոռոցներ լսում, որոնց հեղինակները, դատելով ձայներից, Արշակ Սադոյանն ու Շավարշ Քոչարյանն էին: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ չեն կիսում երբեմնի կուսակիցները եւ ինչո՞ւ են նրանց հանդիպումները հատկապես սահմանադրական փոփոխությունների շուրջ այդքան բուռն անցնում: Արշակ Սադոյանը պարզաբանեց. «Ես ինձ երբեմն թույլ եմ տալիս ձայնս բարձրացնել որոշ քաղաքական գործիչների նկատմամբ: Ահա թե ինչու, երբ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների կողմից հայտարարությամբ ընդունված տեքստի երեք սկզբունքները դրվում են «եթե-ապա»-ներով, կարծում եմ, անընդունելի է պետության կառուցվածքի հարցը որպես սկզբունք ներկայացնել «եթե-ապա»-ներով: Դա ծիծաղելի մոտեցում է ցանկացած քաղաքական գործչի համար: Ինձ համար առավել եւս անընդունելի է, երբ այնտեղ հայտարարվում է, թե մեր սկզբունքն ընդունվեց: Մեկը լինի հարցնող, էդ ո՞ր սկզբունքն է ընդունվել»: Պարոն Սադոյանը բացատրեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում չի ընդունվել ընդդիմության համատեղ հայտարարության մեջ արտահայտված եւ ոչ մի սկզբունք եւ, որ իրեն զարմացնում է, երբ իր գործընկերները հակառակն են պնդում:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ